Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցության չհայտնվելը խորհրդարանում պետք չէ փոխկապակցել Արցախի առաջիկա ընտրությունների հետ. Դավիթ Իշխանյան

Դեկտեմբեր 20,2018 18:20

Մեր արտաքին մարտահրավերների մեջ թիվ մեկ խնդիրներից մեկը հենց Արցախի հիմնահարցի հանգուցալուծումն է և Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչումը ու այդ առումով շատ կարևոր կլիներ Դաշնակցության ներգրավվածությունը ՀՀ խորհրդարանում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր, Դաշնակցություն խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը:

Պարոն Իշխանյան, Արցախի քաղաքական դաշտը արդեն սկսել է պատրաստվել 2020 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրություններին: Ոմանք այդ մասին բաց են հայտարարում, ոմանք` ոչ: Իսկ ի՞նչ է անում այդ ուղղությամբ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն:

– Արդեն իսկ տարբեր քաղաքական ուժեր բարձրաձայնում են 2020թ.համապետական  երկու կարևոր ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին: Մենք ունենք մեր կուսակցության  կողմից որդեգրված ռազմավարությունը և բնականաբար առաջնորդվում ենք մեր ռազմավարական սկզբունքների շրջանակներում:

Խորհրդարանական ընտրությունների մասին խոսելիս պետք է նաև ուրախությամբ շեշտեմ, որ, վերջապես, մենք 2020 թվականին ամբողջապես ունենալու ենք այն կարևոր սկզբունքով գործող ընտրական մեխանիզմը, որին միշտ կողմնակից է եղել և որի համար միշտ պայքարել է Դաշնակցությունը: Խոսքը ամբողջական համամասնական ընտրակարգի մասին է,  և դրա արդյունքում մենք ակնկալում ենք ժողովրդի վստահության քվեի մեծացում` նոր պարտավորություններով և լիազորություններով հանդերձ:

ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Դաշնակցությունը չանցավ խորհրդարան: Սա առաջացնու՞մ է ՀՅԴ  արցախյան կառույցի մտահոգությունը` 2020 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հնարավոր խնդիրներ ունենալու առումով:

– Անկեղծ ասած չեմ կարծում, թե հայաստանյան խորհրդարանական ընտրությունների արդյունքները և Դաշնակցության խորհրդարանում չհայտնվելն ուղղակիորեն կարելի է փոխկապակցել Արցախի 2020թ. խորհրդարանական ընտրությունների հետ: Մեր մտահոգություններն այլ դաշտում են, քանի որ պետք է ցավով ու ափսոսանքով նշել, որ Հայաստանում Դաշնակցություն կուսակցության բացակայումը խորհրդարանից իր հետքը կարող է ունենալ Արցախի հիմնահարցի, և մեր արտաքին մարտահրավերների տեսանկյունից: Սրանով ոչ թե փորձում եմ գերագնահատող տեսակետ  ներկայացնել, այլ իրական այն պատկերը, որ Դաշնակցությունը համահայկական կառույց է, և այս առումով Հայ Դատի ու Արցախի հիմնահարցի ուղղությամբ տարվող աշխատանքները զգալի դեր են ունեցել և ունենալու  մեր արտաքին քաղաքականության ձևավորման, ինչպես նաև արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով:

Մենք որպես համահայկական կառույց մեր առօրյա ծրագրային և համազգային խնդիրների առումով ունենք մեր անելիքների դաշտը և այդ դաշտը այնքան  մեծ է, որ մեր ներուժը դեռևս չի բավարարում:

Հաշվի առնելով ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանից դուրս մնալը` Դաշնակցությունը կմոբիլիզացնի՞ իր ուժերը` առաջիկայում շեշտը դնելով Արցախի վրա, որպեսզի 2020թ. խորհրդարանական ընտրություններում արձանագրվեն ցանկալի արդյունքներ:

– Դաշնակցությունը ապակենտրոն կառույց է և իր ուժերը մոբիլիզացնելու կամ չմոբիլիզացնելու խնդիր այդ առումով չունի: Մեր ուժերի մոբիլիզացումը հենց ուղղված է այն ծրագրային հիմնադրույթներին, որն ամրագրված է ՀՅԴ ծրագրում: Ինչ-որ մի հատվածի մոբիլիզացումը  խորհրդարանական ընտրությունների առումով, կարծում եմ Դաշնակցության համար բավականին ցածր նշաձող է և ճիշտ չէ նման որակումներ անելը:

– Եվ անդրադառնանք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Ի՞նչ սպասելիքներ ունեք բանակցային գործընթացի հնարավոր զարգացումներից և ի՞նչ կարելի է ակնկալել 2019 թվականին:

– Բնականաբար Հայաստանի ներքաղաքական զարգացումներն իրենց ազդեցությունն են թողել առանց այդ էլ փակուղու մեջ գտնվող բանակցային գործընթացի վրա, և սպասելի էր, որ իշխանության ամբողջական պատասխանատվությունը կրելուց հետո` ես նկատի ունեմ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո, պետք է որ աստիճանաբար ուրվագծի բանակցային գործընթացի նոր փուլի սկիզբ:

Արդեն իսկ անցած ամիսներին ՀՀ վարչապետի և  Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև արտգործնախարարների միջև տեղի ունեցած պաշտոնական կամ ոչ պաշտոնական հանդիպումներն որոշակի հիմքեր են ստեղծել ապագայում այդ գործընթացը վերսկսելու և քննարկումների նոր դաշտ բացելու համար:

Այստեղ, սակայն մի կարևոր խնդիր կա, որ պետք է անդրադառնանք, և սա պետք է Արցախի պաշտոնական շրջանակների ուշադրության կենտրոնում ևս լինի: Խոսքը վերաբերում է Սանկտ Պետերբուրգում և Վիենայում ձեռք բերված պայմանավորվածություններին, քանի որ, կարծես թե, նկատվում են այդ պայմանավորվածությունները ստվերի տակ թողնելու միտումներ:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31