Մխիթարյան միաբան Հայր Վահան վրդ․ Հովակիմյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Ավստրիայում հայկական համայնքը հին պատմություն ունի․ դեռևս 16-17-րդ դարերում մի քանի հայ ընտանիքներ տեղափոխվել են այստեղ բնակության, իսկ 1800-ականներին Մխիթարյանները Վենետիկից եկել են Վիեննա՝ նոր կյանք սկսելով։ Դարերի ընթացքում այս երկիր են եկել նաև հայ վաճառականներն ու այն հայերը, որոնց բնակության վայրերում պատերազմ է սկսվել։
«Հին ժամանակներում այստեղ են եկել Բուլղարիայի հայերը, հետո եկան այստեղ Լիբանանից, Պարսկաստանից։ Վերջերս ունենք նաև Սիրիայից, այսինքն՝ շատ բազմազան, բազմաշերտ են հայերն այստեղի, բայց երկու եկեղեցիները միացնում են նրանց, երկու եկեղեցիները քույր ու եղբոր հարաբերություններ ունեն միմյանց հետ։ Մխիթարյաններն ավելի հին ժամանակներից են այստեղ՝ 1800-ականներից, իսկ 1915-20-ից հետո էլ հայ առաքելականներ են եկած։ Սուրբ Հռիփսիմեն մի քանի շաբաթ առաջ տոնեց իր 50-ամյակը։ Իրար հետ շատ լավ կապի մեջ ենք, փորձում ենք իրար սատարել, օգնել՝ միասին լինելով։ Դա մեր պարտականությունն է, հուսամ, որ կհաջողվի»,-ասաց Հայր Վահան վրդ․ Հովակիմյանը։
Նա նաև մեզ տեղեկացրեց, որ Առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն կից գործում է հայկական շաբաթօրյա դպրոց։ «Ամենօրյա չէ, ամենօրյա լինելու պարագայում մի քիչ այլ պիտի լիներ, ծրագիրը գերմաներենից հետո նաև հայերեն պիտի լիներ։ Երեխաները գնում են սովորական, ամենօրյա դպրոցները, հետո շաբաթվա վերջերը գալիս են Հայ Առաքելական եկեղեցուն կից դպրոց՝ կարդալ, գրել, երգ, պար են սովորում»։
Մեր զրուցակիցն ասաց, որ դեսպանատան մոտավոր տվյալներով՝ Ավստրիայում 7000-ից ավելի հայեր են բնակվում, որոնցից 4500-ից ավելին՝ Վիեննայում։
Իսկ թե ի՞նչ լեզվով են նրանք խոսում, հայերենը՝ որպես մայրենի լեզու կիրառու՞մ են, մեր այս հարցին ի պատասխան՝ Հայր Վահան վրդ․ Հովակիմյանն ասաց, որ Ավստրիայում կա հայերի մի սերունդ, որը հայերեն չի խոսում․ լեզուն մոռացել են կամ աղավաղված գիտեն։ Նրանք Թուրքիայից Ավստրիա գաղթած հայերն են, որոնք ժամանակին վախենալով Թուրքիայում տիրող համակարգից՝ իրենց երեխաների հետ հայերեն չեն խոսել։ Եվ նրանց համար թուրքերեն խոսելն ավելի հեշտ է, քան հայերեն։
«Կարևոր է, որ դա սրբագրվի, հիմա, որ ավելի ազատ են, կարողանան իրենց երեխաներին լեզուն սովորեցնել, և հայը հայի հետ ամուսնանա, դա կարևոր է։ Գիտեմ ընտանիքներ, որոնց կանայք ավստրիացի են, բայց հայերեն են սովորել։ Գովելի է, որ օտարները իրենց ամուսինների սիրո համար հայերեն են սովորում, հայերեն շատ լավ են խոսում, ամուսինը պարսկահայ է, հանուն ամուսնու սիրո հայերեն է խոսում, երեխաները նույնպես հայերեն են խոսում»,- ասաց Հայր Վահանը։
Մեր հաջորդ հարցին՝ վերջին շրջանում շա՞տ են Հայաստանից Ավստրիա արտագաղթողները, մեր զրուցակիցը պատասխանեց, որ նրանց թիվը շատ էր մոտ ութ տարի առաջ, երբ Հայաստանում վիճակը լավ չէր, իհարկե, խոսքը քաղաքական վիճակի մասին չէ։ «Թեև դրանից առաջ էլ շատ էին, դուրս էին գալիս, ասում էին՝ մենք հալածված ենք Հայաստանից, դժվարություններ ունեին, իրարից իմացել էին, որ եթե ասեին՝ գործ չունենք, դրա համար ենք եկել, դա պատճառ չէ, այլ պատճառներ էին գտնում։ Այդ շրջանն անցավ, հիմա Հայաստանը դեպի լավն է գնում, վերջին տարիներին դեսպանատունն ասում է՝ ոչ, եթե Հայաստանից դուրս ես գալիս եկեղեցական կամ այլ հալածանքների համար, նման բան չկա, մենք ազատ, անկախ երկիր ենք։ Մեծ մասը Հայաստանից դուրս էր գալիս այստեղ գործ փնտրելու, իրենց երեխաների ապագան տեսնում էին Եվրոպայում, որ նրանք այստեղ մեծանան»։
Մեր զրուցակիցը նաև ասաց, որ Ավստրիայում ամեն տեսակի հայեր էլ կան, սակայն նրանք փայլում են մշակութային ոլորտում, կան լավ արվեստագետներ, օպերային հայտնի երգիչներ, ինչպես օրինակ՝ Հասմիկ Պապյանը։
«Նույնը պետք է, որ Հայաստանում լինեն, որպեսզի հայրենիքը ոտքի կանգնի»,-ասում է Հայր Վահան վրդ․ Հովակիմյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ