Ռոբերտ Քոչարյանը իր «Կյանք եւ ազատություն» գրքում նկարագրելով Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները, ներկայացնում է, որ այն խառը տագնապալի իրավիճակում, երբ խորհրդարանի նիստերի դահլիճում ահաբեկիչները դեռ զինաթափված չէին, զոհերի դիակներն այնտեղ էին, պաշտպանության նախարարությունում մի խումբ մարդիկ ժողով էին արել՝ «որոշելով, թե ինչպես օգտագործեն ընթացիկ վիճակը, քանի դեռ նախագահը զբաղված է խորհրդարանում ահաբեկիչների վնասազերծումով»:
Ժողովից հետո, ըստ Քոչարյանի, մի ցուցակ են իրեն տվել. «Կարմիր գրիչով այդ թղթի վրա գրված էին բոլոր առանցքային պաշտոնները: Այսպիսի դասավորություն էին մտածել. պաշտպանության նախարարը մնում է իր տեղում: Նրա եղբայրը, որ մեր ԱԻՆ-ում էր աշխատում, դառնում է անվտանգության նախարար: Արտադրական ենթակառուցվածքների նախարար Շիրխանյանն իր համար ընտրել էր վարչապետի պաշտոնը: Ի դեպ, Շիրխանյանի մասին Վազգենին մի քանի անգամ ասել էի. «Չե՞ս տեսնում, որ նա խարդախ ու բանսարկու է: Ի՞նչ ես գտել դրա մեջ»: Հետո ցուցակում դատախազի պաշտոնին Գագիկ Ջհանգիրյանն էր, իսկ փոխվարչապետի տեղին աչք էր դրել Անդրանիկ Քոչարյանը: Մի խոսքով, արդեն ամեն ինչ մեջ-մեջ էին արել»:
Aravot.am-ի հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը նախ ասաց, որ Քոչարյանի այդ գիրքը չի կարդացել. «Ես էդքան դարդ ու ցավ չունեմ, նստեմ Քոչարյանի գի՞րքը կարդամ: Ես ուզում եմ Ռոբերտ Քոչարյանի հաջորդ գրած գիրքը կարդամ, որտեղ ինքը մեկուսարանում կհիշի իր բոլոր չարագործությունները»:
Ինչ վերաբերում է իր հետ կապված դրվագին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ինքը այդ ժողովին եղե՞լ է, բա որ չի եղել, ինքը ի՞նչ գիտի, որ այնտեղ ժողով է եղել: Պաշտպանության նախարարությունում եղել է պաշտպանության նախարարը, նախարարության հետ առնչություն ունեցող մարդիկ: Անդրանիկ Քոչարյանն էլ է եղել, որը եղել է վարչապետի խորհրդականը անվտանգության, պաշտպանության, ներքին գործերի հարցերով, բա որտե՞ղ պիտի լինեի: Այ, ի՞նքը որտեղ էր եւ ինչ էր անում էդ օրը Նաիրի Հունանյանի հետ դռան հետեւում, այ այդ հարցի պատասխանը ես իրենից պահանջում եմ: Ի՞նչ է բանակցել Նաիրի Հունանյանի հետ, ինձ շատ է հետաքրքրում մինչեւ հիմա: Ինքը ինչ ասես՝ կարող է ասել»:
Մեր դիտարկմանը, որ նա նկարագրում է, որ բանակցություններ է վարել՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Բանակցությունների արդյունքները եւ ձայնագրություններն են հետաքրքրում, այդ ձայնագրությունները որտե՞ղ է պահել ինքը: Այ դրանով ես անպայման զբաղվելու եմ»:
Մենք ճշտեցինք՝ դուք փոխվարչապետի պաշտոնին այդ խառը օրը աչք դրած եղե՞լ եք, որովհետեւ Քոչարյանը գրում է, որ այդ պաշտոնին դուք աչք եք դրել՝ նա պատասխանեց. «Թող գնա ցուցակ կազմողներին նայի, ո՞նց կարող է անվտանգության հարցերով վարչապետի խորհրդականը ինչ-որ բանի վրա աչք դնի: Աչք դնող լինեի, հենա կունենայի ավելի բարձր պաշտոն, չնայած դրանից բարձր պաշտոն ես չէի էլ պատկերացնում: Աչք է դրել…այդ ի՛նքն է միշտ աչք դրել սրա-նրա պաշտոններին: Հիմա ճաղերի հետեւում է, բայց թե ինչ էր խոսում Նաիրի Հունանյանի հետ, այ էն ժամանակ պիտի այդ հարցերը պարզվեր նախաքննական մարմնի կողմից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ