Հայաստանի հետ Ռուսաստանն ունի հավասարը հավասարի հարաբերություններ, Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մամուլի ասուլիսում:
«Չեմ կարծում, որ հարաբերությունները պետք է վերականգնել, ոչինչ չի փլուզվել»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերականգնելու Երևանի հետ հարաբերությունները ընտրություններից հետո:
«Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ: Ի՞նչ պետք է վերականգնենք: Մենք պետք է զարգացնենք այն, ինչ արդեն ստեղծվել է ղեկավարների նախորդ սերունդների կողմից: Հայաստանը Անդրկովկասում մեր մերձավոր դաշնակիցն է: Այդպես եղել է պատմականորեն, այդպես էլ կա և հույս ունեմ՝ այդպես էլ կլինի»,- ասել է նա:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ պետք է զարգացնել տարիների ընթացքում կառուցված հարաբերությունները՝ ելնելով հնարավորություններից և պահանջներից:
«Մենք դա մոտ ժամանակներս կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, որը հաջորդ շաբաթ այցով պետք է ժամանի»,- ասել է Պուտինը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ