«ԱԳՆ կենտրոնական ապարատում նման փոփոխությունների մասին տեղեկատվություն չունեմ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով մամուլում առկա տեղեկություններին, թե ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը նոր կառավարությունում չի պահպանելու պաշտոնը, իսկ նրա տեղակալ Շավարշ Քոչարյանը նշանակվելու է նախարարի խորհրդական, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Մամուլում պարբերաբար վկայակոչում են «իրենց մոտ կանգնած աղբյուրներին», բայց ովքե՞ր են այդ աղբյուրները, որոնք տարածում են տեղեկություններ, որոնցից մենք տեղյակ չենք: Մենք չենք տիրապետում այդ աղբյուրի տեղեկատվությանը»,-նշեց Աննա Նաղդալյանը:
Ինչ վերաբերում է մամուլի տեղեկություններին, թե Վատիկանում ՀՀ դեսպանի պաշտոնում Միքայել Մինասյանին փոխարինելու է փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը, Աննա Նաղդալյանը նկատեց. «Դեսպանների փոփոխությունը բնական գործընթաց է մեր նախարարությունում՝ օրենքի շրջանակներում: Կոռեկտությունից ելնելով՝ դեսպանների նշանակման եւ հետկանչման առնչությամբ մեկնաբանություններ չենք անում»:
https://www.facebook.com/aravot.am/videos/742884276080509/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ