Ռոբերտ Քոչարյանն իր «Կյանք եւ ազատություն» գրքում անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, դեպքերի նկարագրության ժամանակ Սուրեն Աբրահամյանի հետ կապված գրում է՝ «Ամբողջ գիշերվա ընթացքում, քանի դեռ բանակցություններ էին ընթանում հանցագործների հետ, իսկ պատանդները դահլիճում էին, այդպես էլ չկարողացա գտնել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին ու ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանին: Հասկանում էի, որ դա պատահական չէ: Աբրահամյանը, ինչպես պարզվեց, պատանդների մեջ էր եղել, բայց վիրավորներին դուրս բերելիս սողալով դուրս էր եկել նիստերի դահլիճից ու անհետացել էր: Փախել էր՝ իր ուղղակի պարտականությունները կատարելու փոխարեն»:
Հետո նա նկարագրում է ՊՆ-ում ընթացող ժողովը, թե՝ «մենք այստեղ՝ խորհրդարանում, փորձում ենք հանգուցալուծել իրավիճակը, ահաբեկիչները զինաթափված չեն, զոհվածների դիակները դեռ դահլիճում են, իսկ նախարարությունում այդ ընթացքում ինչ-որ բուռն ժողով է գնում: Հենց այնտեղ էլ հայտնաբերվեց անհետացած ներքին գործերի նախարարը»:
Ժողովի ընթացքում, ըստ Քոչարյանի, մի խումբ ՀՀՇ-ականներ, որ իշխանության էին եղել Տեր-Պետրոսյանի օրոք, այդ թվում և նախկին օդիոզ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը, իրենից դժգոհ մարդիկ քննարկել են՝ որոշելու, թե ինչպես օգտագործեն ընթացիկ վիճակը՝ «քանի դեռ նախագահը զբաղված է խորհրդարանում ահաբեկիչների վնասազերծումով»: Ժողովից հետո, ըստ Քոչարյանի ստեղծագործության, ՊՆ-ից պատվիրակություն է գնացել իր մոտ ու պաշտոնների ցուցակ են իրեն ներկայացրել, թե առանցքային պաշտոնները ոնց են բաժանելու. «Մի խոսքով, արդեն ամեն ինչ մեջ-մեջ էին արել»:
Aravot.am-ը զրուցեց Սուրեն Աբրահամյանի հետ՝ պարզելու, թե իրականում ի՞նչ է եղել ու ինչպես է իրեն պահել նա Հոկտեմբերի 27-ի դեպքերի ժամանակ: Աբրահամյանն ուղղակի ստորություն եւ սրիկայություն որակեց Քոչարյանի գրածը. «Ո՞նց կարող էր նման բան գրել: Ամբողջ պատմությունն այս է. ես հրաշքով, մի քանի մարդկանց օգնությամբ կարողացա դուրս գալ նիստերի դահլիճից, ինձ այդ հարցում օգնեց քաղաքաշինության նախարարը: Սուրեն Աբրահամյանին էին փնտրում: Քաղաքաշինության նախարարը ինձ դիմեց Վարդան անունով՝ Վարդան, ինձ կօգնե՞ս: Դա իմ միակ շանսն էր: Հետո պատգամավոր օդաչուն («Միասնություն» խմբակցության պատգամավոր Արմեն Հակոբյանը.-խմբ), երբ երրորդ անգամ փնտրում էին Սուրեն Աբրահամյանին, ինքն ասեց, որ Սուրեն Աբրահամյանն այսօր չի եկել: Դրանից հետո իրենք ինձ էլ չփնտրեցին ու երբ ինձ նախարարը դիմեց Վարդան անունով՝ վիրավորի թեւերի տակ մտած դուրս եկանք: Խորհրդարանում տեռորիստների պահանջով պառկել-կանգնել եղել է: Բայց ես ոչ թե սողալով եմ դուրս եկել, այլ՝ վիրավորին գրկելով ու ինձ օգնել է քաղաքաշինության նախկին նախարարը, որովհետեւ նրա գլխից բռնած բարձրացրեցին, ասեցին՝ Աբրահամյանը դո՞ւ ես, այսինքն, տեռորիստները նպատակ ունեին նաեւ ներքին գործերի նախարարին սպանելու»:
Հարցին՝ Ձեզ դեմքով չէ՞ին ճանաչում՝ Սուրեն Աբրահամյանը պատասխանեց. «Ես այդ օրը իմ տեղը չէի նստել, իմ տեղը նստել էր նախարար Ղազարյան Էդիկը, իսկ վարչապետն առաջն էր: Ես մի քիչ ուշացած էի եկել, ամաչեցի, առաջին դռնից չմտա, վերջից մտա, ասացի՝ Ղազարյան, եթե ակադեմիկոս չլինեիր, կխնդրեի տեղիցս վեր կենալ ու գնացի նստեցի վերջում՝ Դավիթ Հարությունյանի եւ կարծեմ արդյունաբերության նախարարի կողքը՝ վերջին նստարանին… Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո ես իմ գործողություններն եմ կատարել, ընդ որում՝ իր ներկայությամբ: Իմ հրամանով ներքին զորքերը ամբողջ քաղաքը շրջապատեցին, շրջապատեցին նաեւ խորհրդարանը: Ինձ զեկուցեցին, որ խորհրդարանի ուղղությամբ զորք է շարժվում, ես նախագահին հարցրեցի՝ տեղյա՞կ եք, որ այդ ուղղությամբ զորք է շարժվում, ասաց՝ չէ: Ես դրանից անմիջապես հետո Հարությունյան Հայկին ուղարկեցի պաշտպանության նախարարություն, որ ինքը կոորդինացնի, որովհետեւ ներքին զորքերը հրահանգ էին ստացել մարդ չթողնել քաղաք, ներքին զորքերը այդ հնարավորությունը չուներ բանակին դիմակայելու, պետք է կոորդինացներ այդ գործողությունները: Դրանից չանցավ 15-20 րոպե, ես նստած էի նախագահի մոտ արդեն ԱԺ նախագահի կաբինետում, ինձ զանգ տվեց Հարությունյան Հայկը, ասաց, որ այստեղ ինչ-որ խմորումներ են գնում, ինքը չի կարողանում նախարարի հետ հանդիպի: Ես մոտեցա նախագահին, ասացի՝ Հարությունյան Հայկը ոնց որ թե չի կարողանում այդ հարցը կարգավորի, երեւում է՝ ես պիտի շտապ գնամ, ես այստեղ անելու բան չունեմ: Արդեն բանակցային գործընթացը սկսվել էր: Ասացի՝ ես գնամ գոնե այդ իրավիճակը կառավարեմ, հանկարծ պատահական բախում չլինի բանակի ու ներքին զորքերի միջեւ: Ես իր իսկ թույլտվությամբ գնացի պաշտպանության նախարարություն: Այնտեղ իրավիճակը ճշտեցի, հասկացա: Թե այնտեղ ինչ ցուցակ են կազմել, ես բացարձակապես տեղյակ չեմ: Եթե ես էլ մասնակից լինեի այդ ցուցակի կազմմանը, պետք է ինձ էլ մտցրած լինեի այդ ցուցակ, բայց ես այդ ցուցակում չկայի: Հետո եկավ Սահմանադրական դատարանի նախագահի հետ ինքը, հանդիպեց բանակի ղեկավարության հետ, որոշակի պահանջներ ներկայացրեցին: Դրանից հետո ես անմիջապես գնացել եմ: Դրան ես բացարձակ ակտիվ մասնակցություն չեմ ունեցել, որովհետեւ երկու կողմից էլ կուշտ էի: Ես գնացի ներքին գործերի նախարարություն ու հրաժարականի դիմումս ներկայացրեցի: Ամբողջ պատմությունը սա է»:
Սուրեն Աբրահամյանը վստահեցրեց, որ ՊՆ-ում այդ հավաքի ժամանակ Վանո Սիրադեղյանը չի եղել. «Վանո Սիրադեղյանն այնտեղ չի եղել, բացառվում է, գոնե իմ ներկայության ժամանակ չի եղել: Այնտեղ եղել է՝ ՆԳՆ-ից ես, Հարությունյան Հայկը, Մուշեղ Սաղաթելյանը, երկրապահի որոշակի շրջանակներ էին, բանակի վերնախավն էր: Որպես ժողով՝ այդպիսի բան այնտեղ չի եղել, խմորումներ էին, գոռում-գոչում, հարայ-հրոց, խառնաշփոթ իրավիճակ էր, համախմբված ժողով չի եղել այնտեղ: Նույնիսկ այնպիսի խոսակցություն կար, որ ինձ չէին ուզում թողնեին, որ ես ՆԳՆ-ից գնայի, ճղճիմ իրավիճակ էր: Ես Վաղարշակ Հարությունյանին խնդրեցի, ասացի՝ անկախ այս բոլոր իրավիճակից, նա դեռ երկրի նախագահ է, իջեք, դիմավորի, բեր, տեսեք ինչ է ասում: Այսինքն, ես ժողովին ոչ մի ակտիվ մասնակցություն չեմ ունեցել, իմ միակ գերագույն խնդիրն է եղել, որ հանկարծ բախում չլինի ներքին զորքերի եւ պաշտպանության նախարարության միջեւ: Եթե նրա նկատմամբ այնտեղ քիչ թե շատ նորմալ վերաբերմունք կար, նաեւ իմ պահանջով էր դա պայմանավորված: Նա սրիկայություն է անում՝ ես թողել, փախել եմ…իր գիտությա՛մբ եմ գնացել, որովհետեւ Հայկ Հարությունյանին չէր հաջողվել դա անել»:
Ըստ Սուրեն Աբրահամյանի, վերջին ժամանակներում իր վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ նկատելի է, դրանից էլ իր անունը այդ համատեքստում է ներկայացնում. «Նա ոչ թե պետության շահը կարեւորեց, այլ իր ապահովության խնդիրը, իր իշխանությունը պահելու խնդիրը, դրա համար էլ նման գնահատականներ է տալիս…Դա մի քիչ նուրբ, ցավոտ թեմա է, ինքը գետինը մտնի, եթե կարող է իմ վերաբերյալ նման բաներ ասել: Ես թքած ունեմ բոլորի վրա, ինձ համար այդ պարագաներում մի գերխնդիր ունեի՝ պետության խնդիրը, որովհետեւ օրենսդիր մարմինը, գործադիր մարմինը գլխատված էր, երկրի նախագահը՝ որպես լեգիտիմ իշխանություն խնդիրը կար, իմ խնդիրն էր պետությա՛ն խնդիրը, սահմանները գիտեք ինչ վիճակում էին, Աստված մի արասցե՝ երկրում քաոս ստեղծվեր…իմ խնդիրը դա է եղել: Ես ո՞նց կարող էի խորհրդարանից փախնել, ես դեռ շոկի մեջ էի, չէի գիտակցում է ինչ է եղել, ահավոր, սոսկալի ողբերգություն ու դրամա էր: Երբ հասկացա՝ զորքերի միջեւ հանկարծ կռիվ չլինի, երկրապահների շրջանակը, աչքերն արյուն առած, իրենց սիրելի հրամանատարը չկար, չգիտեինք ինչ կլիներ, ես Քոչարյանի գիտությամբ եմ գնացել ՊՆ:
Ավելի՛ն ասեմ՝ այդ դեպքում, եթե իր նկարագրությամբ ներքին գործերի նախարարը գնացել էր ՊՆ, ՊՆ-ի օղակը իրեն որպես նախագահ չէր ընդունում, եթե ներքին գործերի նախարարն էլ էր նրանց միանում, պետական հեղաշրջում կանեինք, իրեն կալանավորելը հեշտ խնդիր էր: Ցուցակ կազմել են նրանք, ում անուն ազգանունները այնտեղ եղել են, կա՞ այնտեղ Աբրահամյան Սուրեն, ընդհակառակը, Սուրեն Աբրահամյանի պաշտոնանկության խնդիրն էր: Դա երկրապահական շրջանակների ամենամեծ էշությունն էր, անլուրջ մոտեցումը: Ես նույնիսկ նրանց հետ վիճել եմ այնտեղ, ում մտքով նման բան էր անցել: Բա այդ դեպքում, երբ որ ես հրաժարական ներկայացրեցի, բա ո՞նց էր այդ «սրիկա» ներքին գործերի նախարարին առաջարկում ամեն ինչ՝ ինչ ես ուզեմ՝ քաղաքապետի պաշտոն, ամեն պաշտոն առաջարկում էր, մենակ ես հրաժարական չտամ: Իմ հրաժարականի ֆոնի վրա իրենց անբարոյական դեմքը ավելի ցցուն է երեւում, որովհետեւ իրենք թքած ունեին պետական շահի, պետական կարեւորության վրա: Չէր կարելի թողնել երկիրը երկփեղկվեր, այն, ինչ իրենք արեցին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ