«Առաջիկա տարվա հետ կապված տարբեր բնորոշումներ են տրվել Ադրբեջանի կողմից, թե բարենպաստ միջավայր է ստեղծվելու: Իսկ մենք այդ մասին բազմիցս ենք նշել: Ասել ենք, որ պետք է կյանքի կոչվեն վստահության ամրապնդմանն ուղղված պայմանավորվածությունները, պետք է հրաժարվել թշնամանքի քարոզից»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ օրերս արտահայտած այն համոզմունքին, որ 2019թ.-ը նոր խթան կլինի Արցախյան հակամարտության կարգավորման համար, ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Այս ամենով հանդերձ, լավ է, որ առաջին անգամ նման հայտարարություն է հնչում Ադրբեջանի կողմից»,-նկատեց Աննա Նաղդալյանը:
Նա հիշեցրեց, որ հակամարտության կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումը տեղավորվում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
«Մեր համար գերակա են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը: Արցախը որպես հակամարտության կողմ պետք է որոշիչ ձայն ունենա: Մեր սկզբունքներն ու մոտեցումները հստակ են: ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարներն էլ պայմանավորվել են առաջիկայում պահպանել հանդիպումների դինամիկան»,-եզրափակեց Աննա Նաղդալյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/742884276080509/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ