Երեւանում ագռավների զանգվածային անկման պատճառը դեռ պարզ չէ: Արդեն մի քանի օր է մայրաքաղաքի տարբեր հատվածներում քաղաքացիները անկած թռչուններ են նկատում:
Անկած թռչունների մասին հայտարարություններից ու հրապարակումներից հետո սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարեց, որ անկած մի թռչուն ներկայացրել է լաբորատոր փորձաքննության:
Aravot.am-ին ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն ասաց, որ անկած ագռավի մեկ նմուշը, որը տարվել է փորձաքննության, մեխանիկական վնասվածքով է եղել: Հարությունյանը նաեւ վստահեցրեց՝ «Բոլոր հետազոտությունների պատասխանները բացասական են: Այսինքն՝ որեւէ հիվանդություն, վարակ չի հայտնաբերվել: Այսօր լաբորատոր փորձաքննության են տարվել եւս 4 ագռավ: Պատասխանները կփորձենք մինչեւ օրվա վերջ ստանալ: Կարծում եմ՝ անհանգստության առիթ չկա»:
ՍԱՊԾ-ի փորձաքննության արդյունքների մասին բնապահպան Սիլվա Ադամյանը, ինչպես ասաց Aravot.am-ի հետ զրույցում, տեղյակ է, բայց բավարարված չէ: Տիկին Ադամյանն ասաց, որ հարկավոր է նախ թռչունների անկման վայրը՝ տեղանքն էլ հետազոտել, նմուշառում անել. «Բացի այս, գուցե բարբարոսական բան եմ ասում, բայց հարկավոր է կենդանի թռչուններ վերցնել ու անալիզ անել, որպեսզի ամեն ինչ առավել հստակ լինի»: Տիկին Ադամյանն այս ամենի մասին նաեւ ՍԱՊԾ-ի աշխատակիցներին է ասել եւ խորհուրդ տվել իր նշած հետազոտություններն անել: ՍԱՊԾ-ից խոստացել են քննարկել Ադամյանի առաջարկը:
Բնապահպանն ասաց՝ անկած թռչունները կարող են շատ վտանգավոր լինել, քանի որ նրանցով սնվում են դրսի կենդանիները, գիշատիչները, եւ դա շղթայական ազդեցություն կարող է ունենալ, եթե անկած թռչունը հիվանդություն ունենար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ