2010թ. մայիսի 22-ին Իջեւանում Ֆրանսիայի Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրել են համատեղ նկատառումների հուշագիր: 2011թ. մարտին Ֆրանսիայում երկու կողմերը ստորագրել են Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի եւ Տավուշի մարզի միջեւ ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր, հետագայում համագործակցության նոր համաձայնագրեր են կնքվել : Ֆրանսիական կողմի աջակցությունն ուղղված է Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը:
Հայտնել ենք վերոհիշյալ համագործակցության արդյունքում ստեղծված «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի Լուսաձորի անասնաֆերմայում 19 կովերի սատկելու, այնտեղ գործող պանրագործարանի արտադրանք 3.5 տոննա պանիրը հորելու եւ այլնի մասին:
Տավուշի մարզպետարանի կայքում տեղեկատվություն է հրապարակված մարզի 7 գյուղերում անասնապահական փոքր ֆերմաների մասին, նշված է, որ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի զարգացման ծրագրերի միջոցներով Գանձաքար, Գոշ, Բարեկամավան, Կողբ, Արծվաբերդ, Նավուր, Կիրանց համայնքներում 2013-2016թթ. ստեղծվել են փոքր ֆերմաներ, որոնց շահագործելու համար ստեղծվել են 6-10 հոգանոց կոոպերատիվներ, յուրաքանչյուր ֆերմային տրվել են 13 գլուխ հորթ եւ երինջ, Կողբի ֆերմային՝ 19 գլուխ: Մարզպետարանի տեղեկատվությանը կից տեղադրված են լուսանկարներ, որտեղ անասնապահական փոքր ֆերմաների շենքերի, կուտակված խոտից զատ պատկերված են թրիքի մեջ պահվող կովեր, անասնաֆերմաների շրջակայքում՝ կեղտաջրով մեծ փոսեր:
Մարզպետարանի տեղեկատվության մեջ նշված են բազմաթիվ թերացումներ, որոնք տեղ են գտել այդ անասնաֆերմաներում: Այնտեղ նշված է. «Կիրանցում նշված ֆերման ծառայում է որպես խոտի պահեստ, իսկ անասունները պահվում են այլ ֆերմաներում: Նավուրում անասունները տվյալ ֆերմայում լինում են միայն գարնանը եւ աշնանը: Բոլոր ֆերմաներին «ՀիմնաՏավուշի» կողմից տրվել են նյութեր խոտի ծածկեր պատրաստելու համար, սակայն առ այսօր Կողբում, Արծվաբերդում, Կիրանցում դրանք չեն կառուցվել, իսկ Գոշում միայն հենասյուներն են տեղադրվել: Բոլոր անասնապահական համալիրներին տրամադրվել են կթի սարքեր, իսկ Գանձաքարին՝ նաեւ օգտագործված տրակտոր: Յուրաքանչյուր ամիս ֆերմաներին տրվում է 600կգ-ից մինչև 1 տոննա հարստացված կեր, Կողբին՝ 1,5 տոննա, քանի որ այնտեղ անասնագլխաքանակը շատ է: Ըստ տվյալ ֆերմաների պատասխանատուների, 2018 թվականին 2-6 ամիս կերը չի տրամադրվել: Անասնաբույժի այցերը նույնպես եղել են քիչ թվով, ի տարբերություն նախորդ տարիների: Բարեկամավանի մինի ֆերմային տրամադրվել է 43 գլուխ խոզ, որից 22-ը՝ խոճկոր, 20-ը՝ 4-6 ամսական խոճկոր, իսկ 1-ը՝ վարազ: Հիմա գոմում առկա են 28 4-6 ամսեկան խոճկոր, 15 գոճի, 2 խոզամայր, 1 վարազ: Բարեկամավանում կոոպերատիվի անդամների մի մասը, վերցնելով իրենց բաժինը, դուրս են եկել կոոպերատիվից: Ներկայումս այդ բոլորը պատկանում է 3 հոգու»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ