«Պետության վերաբերմունքն ուսուցչի նկատմամբ՝ դա պետական քաղաքականություն է, որը վկայում է կամ պետության ուժի, կամ նրա թուլության մասին»:
Օտտո ֆոն Բիսմարկ
Կարող ենք ասել, որ դեկտեմբերի 9-ի ընտրությամբ Հայաստանում հեղափոխության փուլն ավարտվեց, և արդեն պետք է սկսվի բարեփոխումների փուլը: Հեղափոխությունն իր հաղթական հանգրվանին հասցնելու համար առաջին հերթին մեր բոլորիս՝ կառավարության, մտավորականների, եկեղեցու, մամուլի, հեռուստաընկերությունների, դպրոցի, բուհերի, մշակույթի ոլորտի մարդկանց խնդիրը պետք է լինի նոր արժեհամակարգի և բարոյական միջավայրի ձևավորումը և կիրթ ու արժանապատիվ քաղաքացու դաստիարակումը, ինչը երկարատև, բավականին լուրջ և հետևողական աշխատանք է պահանջում: Այս տեսակետից բարեփոխումները, կարծում եմ, պետք է սկսել կրթությունից:
Ներկայումս ամբողջ աշխարհում մեծ նշանակություն է տրվում կրթությանը և քաղաքագետները, գիտնականները, գործարարները, մշակույթի ու այլ ոլորտների ներկայացուցիչները միակարծիք են, որ մարդկության ապագան մեծապես պայմանավորված է հասարակության կրթական մակարդակի հետևողական բարձրացմամբ: Քաղաքակիրթ երկրները առաջնահերթ ուշադրություն են դարձնում կրթությանն ու գիտությանը և ձգտում են առաջ շարժվել տեխնոլոգիական առաջընթացի ուղիով: Դեռևս 19-րդ դարում Կարլ Մարքսը կարևորում էր արտադրության և գիտության փոխգործակցությունը և գտնում էր,որ տնտեսության զարգացումը ենթադրում է գիտության փոխակերպումը հասարակության անմիջական արտադրողական ուժի:Այլևս կարևոր ռեսուրս հանդիսանում է ոչ թե նավթը, գազը կամ ոսկին,այլ գիտելիքը և տարեցտարի ավելանում են գիտության և կրթության վրա կատարվող ծախսերը: Չնայած տնտեսական ճգնաժամին՝ վերջին 5-6 տարում աշխարհում գիտության վրա կատարվող ծախսերն ավելացել են շուրջ 31 տոկոսով, մինչդեռ այդ նույն ժամանակահատվածում համաշխարհային ՀՆԱ-ն աճել է ընդամենը 20-22 տոկոսով: Իսկ Հարավարևելյան Ասիայի երկրներում նույն ժամանակահատվածում գիտությանն ուղղված ծախսերի աճը կազմել է 37 տոկոս, 21 տոկոսով աճել են գիտական հետազոտողների,իսկ 23 տոկոսով գիտական հրապարակումների թիվը:Առաջատար երկրներում կրթությանը հատկացվում է ՀՆԱ-ի միջինը շուրջ 7-8,իսկ գիտությանը՝ 2-4 տոկոսը: Հոլանդիան, որի տարածքը ընդամենը 41 հազ. ք/կմ է, այսինքն՝ հավասար Հայաստանի ու Արցախի տարածքներին միասին վերցրած, ՀՆԱ-ն 2017թ. կազմել է 826,2 միլիարդ ԱՄՆ դոլար, շուրջ 70 անգամ ավելի Հայաստանի ՀՆԱ-ից, որից կրթության վրա ծախսում է իր ՀՆԱ-ի 5.5 տոկոսը, ինչը կազմում է 45 միլիարդ դոլար, իսկ գիտության վրա՝ ՀՆԱ-ի 2 տոկոսը՝ 16.5 միլիարդ դոլար: Գյուղմթերքների արտահանման ծավալներով շուրջ 50 տարի աշխարհում գրավում է երկրորդ տեղը ԱՄՆ-ից հետո՝ արտահանում է 85 միլիրդ եվրոյի գյուղմթերքներ:
Բավական է նշել , որ միայն ագրարային ոլորտի ինտելեկտուալ նվաճումների արտահանումից հասույթը կազմում է 9 մլրդ եվրո, համարյա այնքան, ինչքան Հայաստանի ՀՆԱ-ն է: Իսրայելի նախկին վարչապետ Շեմոն Պերեսը իր երկրի թռիչքաձև զարգացումը պայմանավորում է կրթության և գիտության զարգացմամբ և գտնում է, որ առաջընթաց ապահովելու համար . «Պետք է գնալ գիտության ետևից: Գիտությունը սահմաններ, սահմանափակումներ չունի»: Իսրայելում կրթության և գիտության վրա միասին վերցված բյուջետային հատկացումները կազմում են 37 միլիարդ դոլար, 13 անգամ ավելի Հայաստանի բյուջեից:Արդյունքում Իսրայելն ունենալով ընդամենը 20000 ք/կմ տարածք ,որի 70 տոկոսն անապատ է և զուրկ ջրից ու օգտակար հանածոներից, սեփական արտադրանքով կերակրում է շուրջ 8.5 միլիոն բնակչություն, ՀՆԱ-ն կազմում է 350, իսկ բյուջեն՝ 93 միլիարդ ԱՄՆ- դոլար: Մինչդեռ Հայաստանում ՀՆԱ-ից հատկացումները կրթության և գիտության վրա 2018թ. համապատասխանաբար կազմում են 2.5 և 0.3 տոկոս՝ 262 և 30 մլն. դոլար: Մեկ շնչի հաշվով զարգացած երկրներում կրթության և գիտության վրա բյուջետային հատկացումները տատանվում են 2.5-4 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ Հայաստանում այն կազմում է ընդամենը 100 դոլար: Արդյունքում Հայաստանն ունենալով հրաշալի բնություն, անկախություն,տաղանդավոր և աշխատասեր ժողովուրդ շարունակում է մնալ որպես աղքատ և հետամնաց տնտեսություն ունեցող երկիր և ունի ընդամենը շուրջ 12 միլիարդ ՀՆԱ և 3 միլիարդ ԱՄՆ դոլարից էլ պակաս խղճուկ բյուջե :Մենք շատ վատ ենք օգտագործում մեր աստվածատուր ներուժը՝տաղանդը: Անգլիայի վարչապետ Մարգարետ Թետչերը այդ կապակցությամբ գրել է «Երկրի հարստությունը բոլորովին պարտադիր չէ հիմնված լինի սեփական բնական ռեսուրսների վրա, այն հնարավոր է նույնիսկ դրանց լրիվ բացակայության դեպքում: Ամենագլխավոր ռեսուրսը հանդիսանում է մարդը:Պետությանը մնում է ստեղծել պայմաններ մարդկանց տաղանդի զարգացման համար»:Գիտության և կրթության ոլորտում արդյունավետ քաղաքականություն իրականացնելու դեպքում, մենք կարող ենք ունենալ զարգացած գյուղատնտեսություն, ռազմարդյունաբերություն, սննդի և թեթև արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաների արտադրություն և այլն: Որպես կանոն հարուստ ու հզոր են այն պետությունները և ապրում են բարեկեցիկ այն հասարակությունները որտեղ գիտելիքն արժեք է պետության և հասարակության համար, որտեղ կատարվում են լուրջ ներդրումներ գիտության և կրթության ոլորտում: Գաղտնիք չէ , որ կրթության ոլորտի արմատական բարեփոխումների իրականացման գործում առանցքային դերը պատկանում է մանկավարժական կադրերին`ուսուցչին ու դասախոսին: Հետխորհրդային Հայաստանում, սակայն քաղաքական, տնտեսական ու արժեհամակարգի արմատական փոփոխությունները, տեղեկատվական միջավայրի հետևողական զարգացումը,կրթության ոլորտում իրականացվող «Բարեփոխումները» նվազեցրեցին մանկավարժի, որպես գիտելիք և դաստիարակություն փոխանցողի դերը:Արդյունքում ժամանակակից կրթական միջավայրում տեղի են ունենում սոցիալական հիերարխիայի փլուզման միտումներ և կամաց-կամաց սկսում են պակասել մի կողմից ավագ սերնդի և մանկավարժ-դաստիարակների նկատմամբ ձևավորված տրադիցիոն-մշակութային պաշտամունքը, իսկ մյուս կողմից մանկավարժների պատասխանատվությունը՝ սերնդի կրթման ու դաստիարակության նկատմամբ: Այս պայմաններում ինչպես երբեք աճում է դպրոցի, բուհ-ի և մանկավարժի անձի հեղինակության վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես հասարակության, այնպես էլ դպրոցականների ու ուսանողների միջավայրում: Վերջին ժամանակներս, ցավոք, գիտելիքն ու կրթությունը հասարակության գերակշիռ մասի համար այլևս դադարել են արժեք լինելուց, մարդիկ սկսել են քիչ կարդալ,իսկ ուսանողների ու աշակերտների զգալի մասի մոտ բացակայում է սովորելու ձգտումը : Հետխորհրդային Հայաստանում մենք հետևողականորեն քայքայեցինք կրթական ու գիտական համակարգը, նվաստացրեցինք ուսուցչին, դասախոսին ու գիտնականին. քաղաքականացրեցինք ու ապականեցինք կրթության տաճարները՝դպրոցներն ու բուհերը ներգրավելով նրանց ընտրակեղծարարության գործընթացներում:Ամեն մի նոր կրթության նախարարի քմահաճույքներով պայմանավորված ուսուցիչը ստիպված էր լինում իր «դավանանքը»՝ կուսակցական պատկանելությունը փոխել:Սակայն ցավալին նա է, որ այսպիսի խնդրի առջև կանգնած ենք եղել մեր պատմության գրեթե բոլոր ժամանակահատվածներում, և մանկավարժը գնահատված չի եղել, բացառությամբ, թերևս, խորհրդային տարիների: Հովհաննես Թումանյանի 20-րդ դարի սկզբին տպագրված հոդվածը կարծես այս մասին է: «Հայ ուսուցչի դատը» հոդվածում կարևորելով ուսուցչի դերը, նշում է, որ. «Գործիչների մեջ գուցե ամենակարևորն ու ազնիվը, և՛ ընտանիքի համար, որ զավակներն է կրթում, և՛ հասարակության համար, որ գիտակից անդամներ է պատրաստում, և՛ պետության համար, որ ազնիվ քաղաքացիներ է հասցնում, և՛ աշխարհքի համար, որ լուսավոր մարդիկ է տալի, նա, ուսուցիչը ունեցել է գրեթե ամենավատթար վիճակը մեր մեջ։ Նա միշտ եղել է հալածված ու թափառական մի տեղից մյուսը, մի դպրոցից մյուսը, մի հոգաբարձության քմահաճույքից մյուսը, սիրտը կոտրած, լքված, բեկված ու արհամարհված։ Անհետաձգելի լուծումն է պահանջում հայ ուսուցչի դատը…: Ժամանակն է ստեղծելու մի բարձր ընտրյալ ինստանցիա, մի ձեռնհաս մարմին, որ կարողանար ցանկալի բարձրության վրա դնել հայ դպրոցական գործը և ապահովել հայ ուսուցչի վիճակը անվերջ անակնկալներից ու կամայականություններից»։ Իսկ 1917թ. կարևորելով ուսուցչի դերը Մեծն Թումանյանը գրել է .«Մենք պատերազմի շրջանում ենք, երբ ռազմիկի արժեքը շատ է բարձրացել, սակայն չպիտի մոռանալ, որ կա նաև խավարի ու լուսի պայքար և այդ պայքարի մեջ ամենածանր և դժվարին պարտականությունը ընկած է հայ ուսուցչի վրա…»:Թումանյանի մեջբերումներից երկուսն էլ, սակայն ցավալիորեն այսօր էլ արդիական են մեր ժամանակների համար: Մի օր դասախոսության ժամանակ ուսանողներից մեկն ասաց. «Դուք ոնց-որ թե խելքը գլխին մարդ եք երևում, հապա ինչո՞ւ եք դասախոս աշխատում»:
Մինչդեռ դեռևս հնագույն ժամանակներից ի վեր, սկսած մեծագույն ուսուցիչներ և իմաստուններ Արիստոտելից, Սոկրատեսից, ուսուցիչը (մանկավարժը) բոլոր ժողովուրդների, ազգերի ու հասարակությունների համար համարվում է ամենասիրված մարդը: Ուսուցչի մասնագիտությունը չափազանց հարգված է և աշխարհի շատ երկրներում հասարակությունները յուրահատուկ ընդգծված հարգանք ու պաշտամունք են տածում այն մարդկանց նկատմամբ, ովքեր դաստիարակում և գիտելիք են նվիրում իրենց զավակներին: Շատ ժողովուրդներ իրենց հասարակության ամենահարգված մարդկանց՝ անկախ մասնագիտությունից, «ուսուցիչ» են կոչում: Հնուց ի վեր Ճապոնիայում ուսուցչի, դաստիարակի նկատմամբ պաշտամունքը կամ հարգանքը համարվում է նորմա: Երբ Ճապոնիայում մարդիկ ցանկանում են որևէ մեկի նկատմամբ ընդգծել իրենց հատուկ հարգանքը, ապա նրան դիմում են «ուսուցիչ» բառով:Ճապոնական հասարակությունում գնահատված է ուսուցչի աշխատանքը և բավականին բարձր է այդ մասնագիտության վարկանիշը: Երբ Ճապոնիայի վարչապետին հարցրեցին, թե ինչպես են կարողացել տեխնոլոգիաների և գիտության ոլորտում դառնալ առաջատար, նա պատասխանել է. «Մենք ուսուցիչներին սահմանել ենք նախարարի աշխատավարձ, դիվանագետի անձեռնմխելիություն և կայսրին վայել մեծարանք»: Իսկ Թուրքիայում ուսուցիչը համարվում է ընտանիքի ամենացանկալի և հարգարժան հյուրերից մեկը: Դպրոցների շրջանավարտները իրենց ուսուցչին հանդիպելիս համբուրում են նրանց ձեռքերը ի նշան երախտագիտության: Ծնողները Թուրքիայում հարգանքով և բարեկամաբար են վերաբերվում մանկավարժներին, գիտակցելով, որ առանց դաստիարակության և որակյալ կրթության իրենց երեխաները չեն կարող լիարժեք մարդ դառնալ:Ադրբեջանցիները իրենց շրջապատում ամենահարգված՝ազնիվ, առաքինի և բանիմաց մարդկանց «մալըմ»՝ ուսուցիչ են կոչում: Այս օրինակները հատուկ եմ բերում:
Ուսուցչի աշխատանքը հանդիսանում է ամենածանր և դժվարին պարտականությունը: Ուսուցիչը կրում է մարդկային բարձր որակներ, իմաստուն է և մարդկանց տալիս է ամենաարժեքավոր բանը՝ գիտելիք և դաստիարակություն, ինչը լույս է խավարի մեջ: Ուսուցիչը ցույց է տալիս իր աշակերտին ճիշտ ճանապարհը մարդկանց աշխարհում, բացահայտում է երեխաների համար բնության ու մարդկության զարգացման փիլիսոփայությունը,իսկ գիտելիքով զինված մարդը ամենահզոր և պաշտպանվածն է: Գիտելիքը` որպես փարոս առաջնորդում է մարդուն իր ողջ կյանքում և լուսավորում է նրա ճանապարհը: Գրեթե բոլոր երկրներում մանկավարժները հանդիսանում են մտավորական էլիտայի/ընտրանու/ կարևորագույն բաղկացուցիչ մասը: Ըստ նշանավոր փիլիսոփա Սենեկայի. «Ուսուցչի կոչումը շատ բարդ ու դժվար է, դրա համար էլ, եթե աստվածները ուզում են նրան պատժել, ուսուցիչ են դարձնում»:Հնդկական ասացվածքը փաստում է, որ բոլոր գանձերից գիտելիքն ամենաարժեքավորն է, քանի որ այն հնարավոր չէ խլել, կորցնել կամ ոչնչացնել: Ճապոնիաում ձյուդոյի ժամանակակից դպրոցի հիմնադիր, ուսուցիչների վերապատրաստման առաջին ուսումնական հաստատություններից մեկի ղեկավար Ժ.Կանոն գտնում է, որ «Դաստիրակությունն ամենաթանկն է, ինչ գոյություն ունի աշխարհում, քանի որ սահմանում է մարդու կյանքի ուղին»:Իմաստուն, հասուն և ավանդապաշտ ազգերը կրթության ու գիտության վրա կատարում են հսկայական ներդրումներ, առատորեն վճարում են ոլորտի աշխատակիցներին լավ իմանալով, որ կրթության և գիտության ոլորտը ամենաարդյունավետն է և խոստումնալիցը ներդրումների համար: Գրեթե բոլոր երկրներում ուսուցչի աշխատավարձը գերազանցում է երկրում գոյություն ունեցող միջին աշխատավարձին:Ամենաբարձրն ուսուցիչները վճարվում են Լյուքսենբուրգում ՝ տարեկան շուխ 110 հազար, Գերմանիայում՝ 68 հազար, ԱՄՆ-ում 61 հազար, Ճապոնիայում՝62.5 հազար, Թուրքիայում՝ 30 հազար, Լատվիայում՝ շուրջ 9 հազար , Քենիայում ՝ 6-7 հազար ԱՄՆ դոլար, իսկ բուհ-երի դասախոսների աշխատավարձը՝ շուրջ 20-30 տոկոսով ավելի են դպրոցների ուսուցիչների աշխատավարձից: Հայաստանում, սակայն ուսուցիչների տարեկան աշխատավարձը չի գերազանցում 2.5- 3 հազար դոլարը, իսկ դասախոսներինը՝3-5 հազար դոլարը:
Բավականին ցածր են նաև կենսաթոշակները`100 դոլարի սահմաններում, մինչդեռ որոշ ոլորտների աշխատողներ ստանում են կենսաթոշակ 10-12 անգամ ավելի, ինչը որևէ տրամաբանության չի ենթարկվում: Շատ երկրներում արժևորելով մանկավարժի աշխատանքը, բացի բարձր աշխատավարձ վճարելուց , նախատեսում են նաև լրացուցիչ արտոնություններ՝ Իսրայելում վեց տարի աշխատելու դեպքում դպրոցի ուսուցիչներին տրամադրվում է մեկ տարի տևողությամբ ստեղծագործական վճարովի արձակուրդ:Լեհաստանում յուրաքանչյուր մարզ իր ուսուցիչներին տրանսպորտով անվճար երթևեկելու կտրոններ կամ սուպերմարկետներից մթերքներ գնելու 50 տոկոս զեղչեր է տրամադրում: Ֆրանսիայում ուսուցիչը ունի պետծառայողի կարգավիճակ,ինչը ենթագրում է սոցիալական պաշտպանվածության բարձր մակարդակ: Ֆրանսիայում ուսուցիչներին տրվում են տրանսպորտով երթևեկելու համար հատուցումներ և հատուկ քարտեր , որով կարող են անվճար այցելել պետական բոլոր թանգարաններ: Թուրքիայում ուսուցիչների աշխատաժամանակը բավականին կարճ է և նրանց համար նախատեսվում են հասարակական տրանսպորտից օգտվելու զեղչեր: Չինաստանում ուսուցիչը համարժեք է պետական պաշտոնյային: Այստեղ ուսուցիչ Մեծն Կոնֆուցիուսի պատվին մինչև այժմ կառուցում են տաճարներ: Չինաստանում մանկավարժներից ամենաբարձր աստիճանը զբաղեցնում են բուհերի պրոֆեսորները, սակայն ամենամեծ հարգանք վայելում են դպրոցական ուսուցիչները: Արտասահմանյան երկրներում հասարակությունները հարգում են ուսուցչի մասնագիտությունը և սպասում են նրանցից առավելագույնը: Ուսուցիչները մշտապես գտնվում են հասարակական վերահսկողության ներքո, քանի որ մեծ պատասխանատվություն են կրում երեխաների բարոյական դաստիարակության և ազգային սովորույթների ու արժեքների փոխանցման համար: Ըստ արժանվույն գնահատելով ուսուցչի դերը, գերմանական կայսրության առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը գտնում էր, որ. «Բոլոր պատերազմները հաղթում են ոչ թե գեներալներն ու իրենց բանակները, այլ նրանց ուսուցիչները»: Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն այն կարծիքին էր, որ դպրոցական ուսուցչի կոչումը ամենաբարձր կոչումն է երկրի վրա: Այն ազգը/ ժողովուրդը/, որ իր պետականության, ավագ սերնդի, մեծերի՝/անհատականությունների/, գիտնականների,մանկավարժների՝ իրեն դաստիարակություն և գիտելիք տվողի, իր բարերարների նկատմամբ չի տածում ընդգծված հարգանք և երախտագիտություն, այդ ազգը/ժողովուրդը/ արժեհամակարգի և բարոյականության հետ կապված լուրջ խնդիր ունի և չի կարող ապագա ունենալ: Եթե մենք ստեղծված իրավիճակից հետևություններ չանենք, չսթափվենք և ռազմավարական այս կարևոր խնդրի նկատմամբ շարունակենք ցուցաբերել անտարբեր վերաբերմունք, մեր երկրի ու ժողովրդի ապագան կարող է լրջորեն վտանգվել:Որպեսզի այս դաժան մրցակցության պայմաններում կարողանանք գոյատևենք և աշխարհին ներկայանանք որպես քաղաքակիրթ ու արժանապատիվ ազգ, մենք պետք է ժամանակին և լավագույն ձևով արձագանքենք աշխարհում տեղի ունեցող բուռն և արագ փոփոխություններին ու մարտահրավերին: Կրթության և գիտության ոլորտում ստեղծված իրավիճակը առանց չափազանցնելու ազգային աղետ պետք է որակել, ինչը լրջորեն պետք է անհանգստացնի բոլորիս, թե կառավարության պատասխանատուներին, թե մտավորականությանը,թե հասարակության լայն խավերին և Հայաստանում կրթության և գիտության վերջնական փլուզման կանխումը և երկրում բարձր բարոյական արժեհամակարգի ձևավորումը, արդարության հաստատումը, քաղաքացիական հասարակության կառուցումը, տնտեսության կայուն զարգացումը առաջին հերթին հնարավոր է միայն կրթության և գիտության ոլորտի նկատմամբ պետության ու հասարակության հատուկ հոգածության շնորհիվ:Չնայած նոր իշխանությունների կողմից գործադրվող ջանքերին, այնուամենայնիվ այդ ուղղությամբ անելիքները դեռևս շատ են:Այդ նպատակով մեր կարծիքով անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ անհետաձգելի միջոցառումները՝
– Հնարավորինս կարճ ժամանակում լրամշակել և ընդունել ՀՀ նոր օրենքը «Կրթության մասին»:
-Սահմանել կրթության հարկ՝ բարձր աշխատավարձից 0.5, իսկ բարձր շահութաբերություն ունեցող կազմակերպությունների շահութից 1 տոկոսի չափով,
-Միաժամանակ նպատակահարմար կլինի ստեղծել կրթության և գիտության համահայկական հիմնադրամ, որի միջոցները կձևավորվեն համայն հայության կողմից կատարվող նվիրատվություններից և կծախսվեն անապահով և տաղանդավոր ուսանողների, հայցորդների և ասպիրանտների ուսման վարձերի մասնակի կամ լրիվ հատուցման, ուսուցիչներին և դասախոսներին հավելավճարների վճարման, ուսուցման և փորձի փոխանակման նպատակով արտասահմանյան երկրներ գործուղման, գիտական հայտնագործությունների խրախուսման նպատակով և այլն: Միաժամանակ հիմնադրամի միջոցներից կարելի է հատուցել ուսուցիչների, դասախոսների և գիտնականների գիտական հոդվածների հրատարակչական ծախսերը, իսկ միջազգային հեղինակավոր հանդեսներում տպագրված հոդվածների համար նախատեսել խրախուսանքներ:Միաժամանակ հիմնադրամից սուբսիդավորել բնակարան չունեցող մանկավարժների, բնակարանների համար ձեռք բերման համար հիփոթեքային վարկերի տոկոսադրույքի մի մասը:
-Կրթության և գիտության ոլորտում ներդրումները խրախուսելու նպատակով սահմանել հարկային արտոնություններ այն կազմակերպությունների համար,որոնք ներդրումներ են կատարում կրթության կամ գիտության ոլորտում,
-Ուսուցիչների, դասախոսների և գիտնականների համար սահմանել քաղծառայողի կարգավիճակ և նրանց աշխատավարձը սահմանել ոչ պակաս հանրապետության միջին աշխատավարձից,
-Բուհ-երի դասախոսների համար սահմանել մանկավարժի կարգավիճակ,
-Պարբերաբար կազմակերպել հասարակության շրջանում հեղինակություն վայելող մտավորականների՝քաղաքական,մշակույթի, գիտության անվանի գործիչների հանդիպումներ ուսանողների և աշակերտների հետ երեխաների մոտ նոր բարձր արժեհամակարգ ձևավորելու մանկավարժների և կրթության դերը հասարակության մեջ արժևորելու և գիտելիքի ու կրթության նկատմամբ սեր առաջացնելու նպատակով,
– ըստ ամենայնի բարձրացնել ուսուցիչների և դասախոսների պատասխանատվությունը երեխաների ու ուսանողների դաստիարակության ու կրթման, ինչպես նաև նոր արժեհամակարգի ձևավորման և ազգային սովորույթների ու արժեքների փոխանցման գործում:Բուհ-երի և քոլեջների այն դասախոսների համար,որոնք չունեն մանկավարժական կրթություն, կազմակերպել վերապատրաստման դասընթացներ:Դասախոսների և ուսուցիչների ընտրության ժամանակ մասնագիտական որակներից բացի առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև նրանց բարոյական և մարդկային որակներին,
– պատասխանատվության և նյութական շահագրգռվածության բարձրացման,ինչպես նաև ուսուցման որակի բարելավման համար,նպատակահարմար ենք գտնում հաշվի առնելով փորձառությունը և մասնագիտական որակավորման մակարդակը դասախոսների և ուսուցիչների համար սահմանել դասային աստիճաններ և նրանց աշխատավարձը կախվածության մեջ դնել դասային աստիճանից,
Եթե մենք ուզում ենք լավ երկիր կառուցել, ապա ազգովի պետք է պատրաստ լինենք մեր ես-ը կամ դրա մի մասը զոհել հանուն այդ երկրի ապագայի, առանց որի ոչ մի ժողովուրդ դեռևս չի հասել հաջողության: Կամ պետք է այս ոլորտում ազգովի լծվենք արմատական բարեփոխումների կամ շարունակելու ենք մնալ աղքատ և հետամնաց երկիր,
Ֆրանսիացի ֆիզիկոս Պիեռ Կյուրին 20-րդ դարի սկզբին Ֆրանսիայի հարավում գտնվող քոլեջներից մեկի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ժողովուրդները, ազգերը աշխարհին ներկայանում են գիտության միջոցով, իսկ ովքեր դա չեն անում, պարզապես վեր են ածվում գաղութների»:
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի կառավարման ամբիոնի վարիչ