Իշխանափոխությունից հետո ճանապարհային ոստիկանությունից աշխատակիցներ են հեռացվել: Այսօր այս մասին ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե քաղաքացիները դժգոհում են ճանապարհային ոստիկանության աշխատանքից՝ նշելով, որ փողոցներում պատշաճ կարգավորում չի իրականացվում, որ ճանապարհային ոստիկանությունը սաբոտաժ է անում:
Ըստ Օսիպյանի՝ դժգոհություններ նախկինում էլ եղել են, պարզապես կան մարդիկ, որոնք փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա՝ ընտրելով ճանապարհային ոստիկանությունը:
Պարոն Օսիպյանի խոսքով. «Ճանապարհային ոստիկանությունն այսօր նույնպես կաշկանդված չէ, քանի որ մենք այսօր ոչ ենք ասել կոռուպցիային: Եվ վստահեցնում եմ ձեզ, որ ՀՀ ոստիկանությունում չկա կաշառակերության որեւէ դրվագ ու դեպք: Ուղղակի քաղաքացիների մոտ այնպիսի տպավորություն է, որ ինչ-ինչ բան է փոխվել եւ ճանապարհային ոստիկանությունը, անգամ համացանցում ասել են, սաբոտաժ է անում: Բայց դա իրականությանը չի համապատասխանում: Ես էլ ասում եմ, որ Ճանապարհային ոստիկանությունն այսօր էլ ավելի լավ է աշխատում»:
Պարոն Օսիպյանն ասաց,որ ճանապարհային ոստիկաններին ինքն է ազատել. «Բոլոր այն աշխատողներին, որոնք զգացել եմ, որ չեն կարող այս փոխված իրավիճակում ծառայել, ես եմ ազատել»,- նշեց նա:
Aravot.am-ի հարցին, թե այսինքն՝ շարունակե՞լ են կաշառք վերցնել, պարոն Օսիպյանը պատասխանեց՝ եթե նման կասկածներ կամ փաստեր լինեին, ներքին անվտանգության վարչությունը կզբաղվեր, համապատասխան նյութեր կպատրաստվեին ու կփոխանցվեին քննչական մարմիններին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ