Aravot.am-ին է ահազանգել քաղաքացի Ա.Բ.-ն եւ հայտնել, որ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մուտքի դիմաց՝ Տիգրան Մեծ եւ Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկին մոտ, ականատես է եղել հետեւյալ միջադեպին: Մի կիսամերկ տղամարդ օգնություն է հայցել քաղաքացիներից. նա ասել է, որ Մոնթե Մելքոնյանի «տղերքից է» եւ ուզում է գնալ Թալիշ, որտեղ իր դուստրերն են: Ականատեսի խոսքով՝ Մոնթեի զինակից ներկայացած տղամարդն ասել է, որ վերջին օրերին պառկած է եղել հիվանդանոցում եւ փախել է այնտեղից՝ սոված է եղել, ոչինչ չի կերել:
Ահազանգողը նշեց, որ մի քանի քաղաքացիներ ու ուսանողներ տղամարդուն ուղեկցել են համալսարանի մուտքից ներս: Քաղաքացուն չի հաջողվել ճշտել օգնություն հայցող տղամարդու անուն-ազգանունը:
Aravot.am-ն այցելեց Մանկավարժական համալսարան եւ զրուցեց անվտանգության ծառայության ղեկավարի հետ, որը վստահեցրեց, որ իրենք նման դեպքի ականատես չեն եղել, եւ եթե քաղաքացիները տղամարդուն բերեին ներս, հնարավոր չէ, որ իրենք չտեսնեին:
Խոսեցինք նաեւ Մոնթե Մելքոնյանի մարտական ընկեր, «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի ղեկավար Ալեք Ենիգոմշյանի հետ, որը ցավով նշեց՝ նման տեղեկությունների չի տիրապետում եւ չի կարող ճշտել, քանի որ անուն-ազգանուն հայտնի չէ:
Տղամարդուն օգնություն ցուցաբերած ուսանողներին եւ քաղաքացիներին խնդրում ենք ահազանգել Aravot.am-ին՝ 095 85 99 06 հեռախոսահամարով
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ