Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության հիմնական ուղենիշը պետք է լինի քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը միտված որոշումների ընդունումը. Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբեր 20,2018 15:33

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ պրոթեզաօրթպեդիկ և վերականգնողական պարագաները պետական հավաստագրերի հիման վրա տրամադրելու ընթացակարգերի ներդրումով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝  առաջարկվում է հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց պարագաները տրամադրել պետական հավաստագրերի հիման վրա, ինչ արդյունքում այդ գործընթացը կդառնա ավելի հասցեական և արդյունավետ: Միաժամանակ, նախատեսվում է 2019 թ. հնարավորություն ընձեռել շահառուներին ստանալ  վերին և ստորին վերջույթների պրոթեզների և օրթոպրոթեզների վերանորոգման ծառայություններ: Շահառուները հնարավորություն կունենան դիմել բուժատեխնիկական հանձնաժողով, ստանալ վերանորոգման անհրաժեշտության և դրա տեսակի վերաբերյալ եզրակացություն և այդ նպատակով  դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որոկավորված որևէ կազմակերպություն: Առաջարկվում է նաև՝ 18-29 տարեկան լսողական խնդիրներ ունեցող այն անձանց, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվում՝ ստանալ 12-18 տարեկան անձանց տրամադրվող հավաստագրերին համարժեք հավաստագրեր՝ լսողական սարքեր ձեռք բերելու նպատակով:

Առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում առողջապահության ոլորտի շուրջ 15,000 աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ և նշված անձանց բժշկական օգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով: Արդյունքում  շահառուների բժշկական օգնությունը կդառնա որակյալ, հասանելի և մատչելի: Շահառուները  անխոչընդոտ հնարավորություններ կունենան իրենց նախընտրած բժշկական հաստատությունում, համապատասխան բժշկական փաթեթի շրջանակում ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայություններ: Մասնավորապես, առաջարկվում է բուժաշխատողների համար սահմանել սոցիալական փաթեթի շահառուների համար նախատեսված նույն  առողջապահական ծառայությունների փաթեթը, բացառությամբ` ամենամյա պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունների: Որոշմամբ նախատեսվում են նաև  ապահովագրվճարների հաշվարկման ընթացքում վնասաբերության ձևավորման սկզբունքների հետ կապված փոփոխություններ:

Նիկոլ Փաշինյանը  կարևորել է վերոնշյալ որոշումների ընդունումը և նշել, որ քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը վերաբերող որոշումները պետք է դառնան  կառավարության ամենօրյա քննարկման առարկա:  «Այս հարցերի քննարկումն առանձնանում էր նրանով, որ մենք կոնկրետ որոշումներ կայացրեցինք, որոնց արդյունքում կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ի  հազարավոր քաղաքացիների կյանքում լինելու է կոնկրետ փոփոխություն և նրանք զգալու են իրենց կյանքի որակի փոփոխությունը: Ես ուզում եմ արձանագրել, որ սա պետք է լինի մեր գործունեության կարևորագույն ուղենիշներից մեկը: Այսօր ես աշխատակազմի ղեկավարի հետ առավոտյան քննարկման ժամանակ այդպիսի հանձնարարական եմ տվել՝ նաև այդ հանձնարարականը փոխանցել կառավարության անդամներին, որ ամեն օր մեր սեղանին դրված լինեն հարցեր, որոնց օրակարգի առաջին կետը պետք է լինի հետևյալը. մենք պետք է  հենց մեր համակարգերում ներկայացնենք որոշումների նախագծեր, որոնց արդյունքում կարող ենք արձանագրել, որ կոնկրետ մարդկանց կյանքում տեղի է ունենում կոնկրետ փոփոխություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝  կառավարության հիմնական նպատակը և ուղենիշը պետք է լինի այնպիսի որոշումներ մշակել և ընդունելը, որոնց արդյունքում իքս թվով մարդիկ իրենց կյանքում կզգան փոքր, միջին, մեծ փոփոխություն, իրենց կյանքի առօրյայի որակական, էական փոփոխություն: «Սա պետք է լինի մեր կառավարության և նախարարների գործունեության ամենօրյա թիվ մեկ առաջադրանքը, որպեսզի այդ կարգավորումները լինեն մեր հիմնական ուղենիշը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով առողջապահական ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը նշել է, որ իրականացվող քաղաքականության արդյունքում պետք է նաև ձևավորել պոլիկլինիկաների աշխատանքի մակարդակի բարձրացման որոշակի պահանջ: «Բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ մենք կապահովենք բարձրորակ որոշակի կադրերի կողմից պոլիկլինիկաներում աշխատելու հետաքրքրությունը: Սրանով բնակչությանը, մեր քաղաքացիներին հնարավորություն կտանք հսկայական գումարներ խնայել, որովհետև նրանք ստիպված չեն լինի  իրենց պոլիկլինիկա գնալու փոխարեն այլ  հիվանդանոց այցելել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը նշել է նաև, որ բուժհաստատությունները անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու ուղղությամբ իրականացվում են որոշ ծրագրեր: «Նաև  բուժտեխնիկայի օգնություններ, աջակցություններ ենք ստանում: Այդ տեխնիկայի ճիշտ, արդարացի բաշխման միջոցով հնարավոր կլինի իսկապես շատ արագ բարձրացնել պոլիկլինիկական սպասարկման մակարդակը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև 2003 թ. մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին»  որոշման մեջ:  Արդյունքում առավել նպատակային կդառնան շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, ներհիվանդանոցային վարակների կանխարգելումն ապահովող նախնական և պարբերական բժշկական զննությունները,  հստակեցվի հետազոտությունների մեթոդաբանությունը՝  համապատասխանեցնելով այն միջազգային նոր մոտեցումներին: Այսպիսով, մասնավորապես,  բժշկական կազմակերպությունների բուժանձնակազմը, ինչպես նաև  մատնահարդարները, դիմահարդարները և դաջվածքի մասնագետները կհետազոտվեն  վիրուսային հեպատիտ Ց-ի նկատմամբ,  հեպատիտ Բ-ի նկատմամբ պատվաստված բուժանձնակազմի հետագա բժշկական զննություն այլևս չի իրականացվի, կկարգավորվի հեպատիտ Բ-ով, Ց-ով հիվանդ բուժանձնակազմի հայտնաբերման ժամանակ հետագա աշխատանքի թույլատվության հետ կապված հարաբերություններ, լաբորատոր-գործիքային հետազոտությունները կիրականացվեն միջազգային նոր մոտեցումներին համապատասխան մեթոդաբանությամբ:

 

Արենի գյուղը կընդգրկվի  սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի դրույթներն այսուհետ կտարածվեն նաև  ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչների վրա: Այդ նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ Արենի գյուղը սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում ընդգրկվելու առաջարկությունն արվել է՝ հաշվի առնելով բնակավայրի և գյուղատնտեսական նշանակության հողատարածքների հեռավորությունը հակառակորդի առաջնագծից։ Արդյունքում կբարելավվի Արենի բնակավայրի ընտանիքների կենսապայմանները. նրանք կստանան բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցում։

Գործադիրի մեկ այլ որոշմամբ առաջարկվում է  Դիլիջանի համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 40,326.1 հազ. դրամ ֆինանսական միջոցներն ուղղել  Թախտա թաղամաս տանող ճանապարհի  հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը: Հիմնավորման համաձայն՝ Դիլիջան համայնքի Թախտա թաղամաս տանող ճանապարհը երկար տարիներ հիմնանորոգման չի ենթարկվել, ինչը դժվարություններ է առաջացնում փողոցային անվտանգ երթևեկության առումով։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի  Թախտա թաղամաս տանող ճանապարհը հիմնանորոգել՝ այն  համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին և չափորոշիչներին։

Կառավարությունը որոշել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի քաղաքային զբոսայգու բարեկարգման, հեծանվաուղու, սանհանգույցների և ոռոգման ցանցի կառուցման գծով իրականացվելիք աշխատանքների համար գումար հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ ծրագրի նպատակն է նպաստել քաղաքի հետագա զարգացմանը` վերացնելով տնտեսական, սոցիալական, բնապահպանական և զբոսաշրջության ենթակառուցվածքում առկա թերությունները, վերականգնել մշակութային օբյեկտները, բարենպաստ պայմաններ ստեղծել զբոսաշրջության զարգացման համար:

Կառավարության որոշումներով ՀՀ համայնքներին 2018 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով  գումար կհատկացվի մարզպետարաններին՝ համայնքների ներկայացրած տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի  համաֆինանսավորման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրերի իրականացման ուղղությամբ որակի վերահսկողությունը: «Հատկապես ճանապարհների առումով դա կարևոր է: Եթե մենք փող ենք ծախսում՝ ճանապարհ նորոգում, որը չի ծառայելու այնքան, որքան նախատեսված է տեխնիկական առաջադրանքներով, ապա սա նշանակում է, որ մենք երբեք մեր ճանապարհային ցանցի հարցը չենք լուծելու: Այսինքն, եթե մենք փող ենք ծախսում այն հաշվարկով, որ այդ ճանապարհը պետք է 10 տարի ծառայի, բայց ծառայում է 5 կամ  7 տարի, ապա դա նշանակում է, որ մենք անընդհատ ճանապարհի խնդիր ենք ունենում: Եվ այստեղ պետք է ամենաբարձր ստանդարտներն ապահովվեն և որևէ կոմպրոմիս պետք է չլինի: Հայտնի է, որ ճանապարհներն ամենալավ տեղն են ձեզ հայտնի մեխանիզմները գործարկելու համար և պետք է ուղղակի արմատախիլ անենք դա, որովհետև դա կոնկրետ ռազմավարական նշանակության հարց է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ չարաշահումների դեպքերը պետք է պարտադիր ուղարկվեն իրավապահ մարմիններին, պարտադիր պատշաճ քննության արժանան, որին պետք է հետևի պատասխանատվությունը: «Մեր հարգելի ճանապարհաշինարարները պետք է այս արձանագրումն անեն կամավոր և սրանից հետևություններ անեն, որպեսզի մենք բարդությունների առաջ չկանգնենք»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է նաև միջպետական ճանապարհների սպասարկումը ձմռան ընթացքում պատշաճ իրականացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներից: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը վստահեցրել է, որ սպասարկումը ողջ ձմռան ընթացքում պատշաճ կիրականացվի: «Միջպետական ճանապարհների սպասարկմանը պատրաստ ենք, այդ թվում՝ տեխնիկայի առումով: Որոշ հատվածներում բանակցությունների մեջ ենք, քանի որ որոշ խնդիրներ կան սպասարկողների հետ կապված»,- ասել է նախարարի պաշտոնակատարը՝  հավելելով, որ  նախանշված են բոլոր վտանգավոր կետերը, որտեղ համագործակցում են արտակարգ իրավիճակների նախարարության հետ:

 

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

 Կառավարության որոշումներով բավարարվել է «Սպայկա», «Նանման», «Պրոֆ ԱԼ»   ՍՊԸ-ների ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված  տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

«Սպայկա» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է գյուղմթերքի վերամշակման մեջ՝ իրականացնելով 28 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Ծրագրի շրջանակում կստեղծվի 1600 աշխատատեղ՝ 190 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Նախատեսվում է ստեղծել ևս 300 նոր աշխատատեղ՝ 200 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 45 մլրդ ՀՀ դրամ ։

«Նանման»-ը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջինսե հագուստի արտադրության մեջ: Ներդրումային ծրագիրը իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզի  Ձորաղբյուր գյուղում՝ կատարելով 110 100 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 3 նոր աշխատատեղ՝ 78 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 150 470 000 ՀՀ դրամ ։

«Պրոֆ ԱԼ» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների արտադրության մեջ (ք. Երևան)։  Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1 000 000 000 ՀՀ դրամի ներդրում՝  ստեղծելով 50 նոր աշխատատեղ՝ 280 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 20 000 000 000 ՀՀ դրամ։

 

Այլ որոշումներ

Անտառների պահպանությունն ուժեղացնելու և անտառային տարածքների արդյունավետ կառավարումն իրականացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ Անտառային կոմիտեին տրամադրված գումարներից տնտեսված  37,2 մլն դրամը կփոխանցվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: Ինչպես նշել է բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ն այս պահին կառավարում է 342 հազար հա տարածք՝ 19 անտառտնտեսությունների միջոցով, 642 աշխատակից իրականացնում է պահպանության գործառույթ: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ գումարը կուղղվի անտառապահների համար համապատասխան հագուստ ձեռք բերելուն:

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական ՀԿ-ի  2019 թ. գործունեության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գումարի վերաբաշխման հաշվին, 8,293.0 հազ. դրամն ուղղել բարեգործական ՀԿ-ի արտոնագրային հարկի փոխհատուցմանը` սուբսիդավորման միջոցով: «Հովարդ Կարագյոզյան» ՀԿ-ն ներկայումս ունի թվով 20 ատամնաբուժական կաբինետ, որոնք անվճար ատամնաբուժական ծառայություններ են  մատուցում տարեկան ավելի քան 90,000 երեխաների:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31