Aravot.am-ը` փաստելով, որ «Իմ քայլը» ավագանու ցուցակի 22-րդ համար Ռուբեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար՝ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել` ճի՞շտ է համարում, որ այժմ նախկին ՀՀԿ-ականներին փոխարինում են «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկվածներով, թեեւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը քանիցս հայտարարել է, որ դեմ է բուհերի կուսակցականացմանը եւ դպրոցներում եւս պետք է լինի զրո քաղաքականություն:
«Ընդամենը մեկ բուհում է այդպես եղել` տնտեսագիտականում, մյուսներում այդպես չէ»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Նկատեցինք, որ Ռուբեն Հայրապետյանը նաեւ ԵԽ քաղաքական դասընթացների դպրոցում Դավիթ Սանասարյանի համադասարանցին է եղել, ինչին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ տեղյակ չէ դրա մասին:
«Նայեք ուշադիր ու կտեսնեք, որ բուհերի խորհուրդներում տարբեր կուսակցությունների մարդիկ են ընդգրկված»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը: Խնդրեցինք օրինակներ մատնանշել: «Օրինակ, ՀՀԿ-ից էլ մարդիկ կան` կոնսերվատորիայում, Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում, ագրարային համալսարանում…Այսինքն՝ կուսակցական պատկանելությունն ընդհանրապես դեր չի խաղացել, չենք առաջնորդվել այն սկզբունքով` կուսակցական է, թե ոչ»,- ասաց մեր զրուցակիցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ