Լրահոս
Օրվա լրահոսը

«Գողերը նախքան գող լինելը մարդ են». Օսիպյանը՝ քրեական հեղինակությունների Հայաստան գալու մասին

Դեկտեմբեր 20,2018 14:53

Այսօր կառավարությունում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պատասխանելով հարցին, թե մամուլում հրապարակումներ կան, մեծ թվով «օրենքով գողեր»՝ քրեական հեղինակություններ են եկել Հայաստան, ոստիկանությունը տեղյա՞կ է այս մասին, ասաց՝

«Գողերը նախքան գող լինելը մարդ են եւ օգտվում են Սահմանադրությամբ բոլոր իրավունքներից եւ ունեն պարտականություններ: Սակայն իրականությանը չի համապատասխանում այն տեսակետը կամ լուրերը, որոնք կան կայքերում: Պաշտոնապես ոստիկանության պետը հայտարարում է՝ երբեւիցե կրիմինալն այնպես չի եղել վերահսկողության տակ, քան այսօր: Դա եղել է երեկվա հետ կապված, թե առաջին օրվա հետ, այսպես ասած, հեղինակություն մեկի հանգուցյալ եղբոր հետ կապված, հարազատներով այցելել են գերեզմանատուն, այնուհետեւ գնացել են նշելու, ոստիկանությունը դրա մասին տեղյակ է եղել եւ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ է արել: Վստահ եղեք, որ այսօր մենք տիրապետում ենք ամեն մի փոքր ու չնչին տեղաշարժի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին, թե հանցավոր աշխարհի հետ կա՞ համագործակցություն, քանի որ տեղեկություններ եղան, թե Սաշիկ Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին գտնելու համար քրեական հեղինակություններն են օգնել, պարոն Օսիպյանը պատասխանեց. «Եթե որեւէ մեկը կարող է ապացուցել, որ ոստիկանությունը համագործակցել է այդ առումով, ես այս պահին հրաժարական կտամ իմ այս բարձր պետական պաշտոնից: Չի կարող այդպիսի բան լինել: Կրիմինալն այնքանով է կրիմինալ, որ ինքը մարդ է, բայց եթե ինքը կարգ խախտի, իր տեղը քրեակատարողական հիմնարկն է լինելու»:

Այն հարցին, թե ոստիկանապետն ի՞նչ կարծիք ունի, որ քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանն ու ընկերը արդարացվեցին սպանության հարցով, եւ նրա նման քրեական հեղինակությունների՝ ազատության մեջ հայտնվելը արդյոք ոստիկանության համար լրացուցիչ խնդիրներ չի՞ ստեղծում, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ:

Ոստիկանությունն այսօր կաշկանդված չէ, ոստիկանության համար մեկ է՝ ազատվել է այս դատապարտյալը, թե մեկ ուրիշը: Մենք բոլորի նկատմամբ այս պահին էլ ունենք համապատասխան իրականացվող օպերատիվ միջոցառումներ: Եթե դուք ուշադիր էիք, որեւէ մեկն իր կողմից միջամտություն չի նախաձեռնել, որովհետեւ դա եւս վերահսկվում էր ոստիկանության կողմից: Երբ որ ոստիկանությունը զգուշացրեց, որ իրենք միջամտություն չունենան ընտրությունների մասով, կդատապարտվեն օրենքի ողջ խստությամբ, իրենք առաջարկեցին, որ լավ կլինի՝ իրենք լքեն ՀՀն եւ ընտրություններից հետո գան: Իրենց մոտ մտավախություն կար, որ մի փոքր բան լինելու դեպքում կարող է նաեւ կասկածի տակ դրվեր իրենց անձը, իրենք որոշեցին բացակայել հանրապետությունից»,- ասաց Օսիպյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31