Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ղազախեցյանի պոետիկ «Դիլեման»

Դեկտեմբեր 20,2018 14:20

«Իմ ու գրականության ծանոթությունը եղել է 13 տարեկանում, երբ ես ընկերներիս հետ գրականություն էի կարդում ու քննարկում»,- ասում է Անահիտ Ղազախեցյանը: Նա երևի չէր էլ պատկերացնի, որ մի օր էլ իր պոեզիան պիտի կարդացվի ու քննարկվի, որ իր գիրքը պիտի հայտնվի գրախանութների գրքերի կողքին ու անգամ դառնա շատերի համար սիրելի։ Անահիտ Ղազախեցյանի «Դիլեմա» բանաստեղծությունների առաջին ժողովածուում տեղ են գտել շատերի կողմից արդեն իսկ սիրված ու ծանոթ գործերը։ Գրքի խմբագիրը Աշոտ Գաբրիելյանն է:

Գրքի շապիկի համար ընտրվել է հենց Անահիտի նկարած նկարը։ Նրա խոսքերով, իր կյանքում կարևոր նշանակություն ունի 9 թիվը, իր սիրելի թիվն է. հենց ամսի 19-ը ընտրվեց գրքի շնորհանդեսի օր ու 19-ին էլ «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ շնորհանդեսը։ Գիրքը բաղկացած է 9+1 ծովերից: Նրա խոսքով. «Ծովերն ունեն գույներ, ունեն երաժշտություն։ Բայց կարելի է գրքից որևէ էջ կարդալ ու տվյալ էջում գրված երաժշտությանը անգամ ուշադրություն չդարձնել, գիրքը դրանից չի տուժի։ Երաժշտությունը չի լրացնում ծովին, այլ ուղղակի ինչ-որ ալեկոծություն կարող է ապահովել։ Եվ միայն վերջին ծովն է, որ չունի երաժշտություն, սա ամենահասարակ, ամենաչպարտադրող ծովն է, որով ավարտվում է գիրքը»:

Շնորհանդեսին Անահիտը ընթերցեց իր ստեղծագործություններից մի քանիսը ու ոգևորությամբ նշեց, որ իր ու Արամ Պաչյանի գրվածքներն է միայն կանգնած կարդում, որովհետև դրանք իր սրտին ավելի մոտ են։ Իսկ իր գործերից, որոնք այդքան էլ մոտ չեն, կարող է պարզապես նստած էլ կարդալ։

Այն հարցին, թե ինչու հենց «Դիլեմա», Անահիտը պատասխանեց. «Անընդհատ դիլեմա է ու ինձ թվում է՝ բացատրելու ոչ մի բան չկա»։ Հյուրերի շարքում էր նաև երգչուհի, հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը.

«Հայերենն այն լեզուն է, որը թույլ է տալիս պարզ բառերով սիրուն պատկերներ ստեղծել։ Անահիտը դա գտել է ու պոչը բռնել ու լավ կլինի, որ բաց չթողնի։ Ես շատ սիրեցի գիրքը»,-ասաց Լիլիթը։

Հավելենք, որ Անահիտ Ղազախեցյանի ստեղծագործությունները տեղ են գտել նաև «Գրանիշ» կայքում և «Գարուն» ամսագրի էջերում։ Նա 2017-ին «Գրանիշում» դարձել է տարվա հայտնություն:

Լիլիթ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31