Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով սիրված դերասանուհի Նարինե Գրիգորյանի` Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելու մասին, նշեց. «Ես անչափ ուրախ եմ, որ մեր ժամանակների ամենատաղանդավոր մարդկանցից, լավագույն դերասանուհիներից մեկը, որի մասին գրում է ոչ միայն տեղի թատերագիտությունը, այլեւ միջազգային ամսագրերում հոդվածներ են լույս տեսնում, մի աղջիկ, որ Արցախի գոյամարտի թեմայով ոչ հայանպաստ քաղաքականություն վարող երկրներում ներկայացում է խաղում եւ «Գրան պրի» ստանում, դահլիճն էլ հուզված դուրս է գալիս, իսկ արձագանքները տպագրվում են, ուրախ եմ, որ ի վերջո հենց նրան ենք վստահում թատրոնի ղեկը»:
Արա Խզմալյանը հավելեց. «Առավել եւս, որ ես ունեի շատ մեծ մասնագիտական եւ մարդկային վիրավորանք, որ նախորդ տարիներին ուղղակի վրիպեցինք մեզ տրված եզակի հնարավորությունը` մեր ամենատաղանդավոր արտիստուհուն, այսօրվա հայ թատրոնին իմաստ տվող դերասանուհուն չտվեցինք պետական մրցանակ: Դա իմ գործընկերների մի մասի սեփական շահեր ունենալու խնդիրն էր, մյուս մասի ճաշակի, երրորդի` նեղմտության: Ու արդյունքում` մենք վրիպեցինք այդ հնարավորությունը հասարակությանը ասելու, որ ահա Նարինե Գրիգորյանի չափանիշն այսօր ուղենշային է այսօրվա թատրոնի համար: Ես շատ դժվարությամբ մարսեցի այս փաստը եւ մեծ հիասթափությամբ:
Ու էլի եկավ մի պահ, որ հնարավորություն կար նրան գնահատելու ըստ արժանվույն, բայց էլի բարդություններ առաջացրինք: Ինձ զարմացնում է, թե ինչու են մեր իրականության մեջ արժեքավոր մարդը եւ արժեքը այսքան մեծ դժվարությամբ հարթում իրենց ճանապարհը: Նայում ենք այլ թատրոնների գեղարվեստական ղեկավարներին եւ տնօրեններին, այնպիսի տպավորություն է, որ այնտեղ հանճարեղ ռեժիսորներ ու տնօրեններ են նստած, եւ մեզ չի մտահոգում, որ այդ թատրոններում բարեփոխման, գեղագիտական եւ կառավարման համակարգը փոխելու խնդիր ունենք, բայց հանկարծ Նարինե Գրիգորյանի դեպքում կասկածներ էին առաջանում` կկարողանա,՞ արդյոք, ղեկավարել, թե՞ ոչ:
Ես կարծում եմ, որ որոշումը միանգամայն ճիշտ է, իրավացի է` Նարինե Գրիգորյանին տալ հնարավորություն աշխատելու, սեփական գեղարվեստական գիծը դրսեւորելու համար: Եվ մենք չկարծենք, թե դերասանուհին ողջ կյանքում թեթեւ ժպտադեմ աղջկա տպավորություն է թողնելու: Չմոռանանք, որ նա Արցախի դուստր է, եւ նրա կամային հատկանիշների վրա կասկած չունենք: Եկեք սպասենք:
Ես կարծում եմ, որ ինքն իր գործունեությամբ կշարունակի աչքի ընկնել թատերական կյանքին բերած վարկանիշով, ինչը նշանակում է, որ իրավունք ունի ստանձնելու գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Դա նրա վաստակած իրավունքն է: Ես համոզված եմ, որ ոլորտով մտահոգված յուրաքանչյուր մարդ պատրաստ է կանգնելու Նարինե Գրիգորյանի կողքին` խորհրդով, գործով, մասնակցությամբ եւ այնպես անելու, որ նա հաջողի»:
Մեր զրուցակցի ձեւակերպմամբ. «Փաստ է, որ վաղուց կարիք կա ամբողջական եւ արմատական վերանայման, թատրոնում վարչաստեղծագործական հարաբերությունների կարգավորման: Սրա համար մասնագիտական եզրակացություն եւ փորձագիտական կարծիք է պետք, որովհետեւ այն համակարգը, որով մեր մշակույթը գնում է առաջ, վաղուց նեխել է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Արա Խզմալյանի եւ Նարինե Գրիգորյանի լուսանկարները` նրանց ֆեյսբուքյան էջերից: