Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն
Կարեն Վարդանյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՀՀ-ում ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Տեղեկատվական տեխնոլոգիաների փուլը անցել է: Մենք այն հատեցինք 2006-2007 թվականներին: ՏՏ ոլորտը դարձավ լոկոմոտիվ, որն իր հետեւից տարավ տարբեր ուղղություններ: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը հետեւեց ինդուստրիալ չափումների ոլորտը, ապա ինդուստրիալ ավտոմատիկայի ոլորտը: Հետո եկան ինժեներական կոմպլեքս լուծումները… արդեն տասնյակ ընկերություններ ունենք, որ կոմպլեքս ինժեներական լուծումներ են առաջարկում, որտեղ կա եւ էլեկտրոնիկա, եւ մեխանիկա եւ այլն: Այսօր արդեն նախատեսվում է ստեղծել նանոտեխնոլոգիաների ասոցիացիա…
Խոսելով խնդիրների մասին: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կարեւորագույն նշանակություն ունի կրթության խնդիրը: Լավ մասնագետի պահանջարկ կա ամբողջ աշխարհում: Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում երեք միլիոն թափուր աշխատատեղ կա այսօր: Սա մեզ՝ հայերիս համար ֆանտաստիկ պատմական շանս կարող է դառնալ՝ հաշվի առնելով, որ կարեւոր չէ , թե որտեղ է գտնվում տեխնոլոգիական ընկերությունը: Առաջարկվող գործերը բազմաբնույթ է, իսկ հայերը ինժեներական կոմպլեքս լուծումներ գտնելու մեջ վատ դրսեւորումներ չունեն: Ես անձամբ կնպատակադրվեի այդ երեք միլիոնից 50000-ը բերել Հայաստան: Ամենաբարդ, ամենակրեատիվ պահանջող գործերը …
Ամեն տեղ կարելի է նոր լուծումներ գտնել, եթե մի փոքր երկար մտածենք: Ասում ենք մասնագետ չկա: Բայց ամեն զորակոչին 15 հազար երիտասարդ է գնում բանակ: Իսկ ի՞նչ կլիներ, եթե երեկոյան դասընթաց կազմակերպվի, ուսուցանվի էլեկտրոնիկա, էլեկտրատեխնիկա, ծրագրավորում… վատ կլինե՞ր: Բանակից հետո երիտասարդները մինիմում գիտելիքներ կունենային եւ կիմանային, որ գոնե 100000 դրամ աշխատավարձ կարող են ստանալ, միաժամանակ մասնագետների պակասը կլրացվեր:
Մենք Արմաթ ծրագիրն ենք սկսել դպրոցներում, որտեղ երեխան տասը տարեկանից սկսում է ծրագրավորել, հետո ռոբոտներ են ստեղծում, հետո ավելի բարձր կարգի լեզու, եռաչափ մոդելավորում են սովորում ու վստահ կարող եմ ասել, որ մենք հիանալի սերունդ ունենք: Վերջերս եռաչափ մոդելավորման պատանիների Հայաստանի առաջնությունը եղավ: 40 թիմ էր մասնակցում եւ ուրախությամբ կարող եմ նշել, որ երեխաները շատ առաջ էին գնացել անցյալ տարվա համեմատ: Հայաստանի ամենահեռավոր գյուղերից մասնակիցներ ունեինք: 13-14 տարեկան երեխաներ էին, որոնք հրաշալի գործեր էին ստեղծել:
Ակնհայտ է, որ տասը տարի հետո ավտոմեքենաները լինելու են առանց վարորդ, սա շատ խիստ մարտահրավեր է: Աշխարհում յոթ միլիարդ մարդ հայտնվելու է ոչ պիտանի վիճակում, որովհետեւ մարդկության մեկ տոկոսը բավական է, որ մեր սնունդը ապահովի, մի քանի տոկոսը, որ մատակարարման ոլորտում աշխատի, մի քանի տոկոսն էլ, որ բոլոր սարքավորումները նախագծի: Մնացած մարդիկ ինչ պետք է անե՞ն: Մնում է հրազենը վերցնեն, իրար սպանեն…Ես սա առանց կատակի եմ ասում, աշխարհը դրան է գնում…Քանի որ բոլորը չեն կարող տեխնոլոգիական համայնքի մեջ մտնել, մեր շանսը այն է, որ այլ մասնագիտություններում, այլ ոլորտներում մաքսիմալ կրեատիվ գտնվենք, այդ կրեատիվը կցենք տեխնոլոգիական ոլորտին, որպեսզի կարողանանք պիտանի լինել մեզ եւ աշխարհին: Կարեւոր է որ կրեատիվ լինեն նաեւ մյուս ոլորտների մասնագետները՝ բժիշկները, լեզվաբանները, մնացած մասնագետները իրենց ոլորտներում: Այդ կրեատիվությունը համադրեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ եւ դառնանք բարձր տեխնոլոգիական երկիր: Մեր երկրի պաշտպանությունը նույնպես այդ կոնտեքստի մեջ պետք է դիտարկել:
Մեր երկրում չկա հաղթանակի պատկեր՝ ոչ միայն ռազմական ասպեկտից, այլ նաեւ տնտեսական, բարոյական… Չունենք այն դրոշը, որի հետեւից պետք է գնանք: Որպես երկիր 30 տարի կառավարվել ենք դրսից: Մենք ունեցել ենք փաստացի անկախ երկիր, բայց ապրել ենք, որպես գաղութ: Այս տիպի երկրներում փոփոխությունը վերեւից սպասելը անմտություն է: Մենք սպասում ենք, որ վերեւից ինչ -որ մեկը պետք է փոփոխություն անի, իսկ վերեւում կանգնած է գաղութի ներկայացուցիչը: Իմ կարծիքով հաջողակ են այն երկրները, որոնք ինքնակազմակերպվում են: Գերմանիայում աշխատունակ մարդիկ շաբաթը հինգ ժամ ժամանակ են ծախսում իրենց շահերը պաշտպանելու համար: Մենք քանի՞ րոպե ենք ծախսում մեր շահերը Հայաստանում պաշտպանելու համար: Մենք հանգիստ նստում ենք, քաղաքական պայքարը մեզ համար դարձնում է ֆուտբոլային հետաքրքիր հանդիպում ու հանգիստ սպասում , թե՝ ինչ պիտի արվի մեզ համար վերեւից: Մենք պետք է ինքնակազմակերպվենք ինչ- որ ոլորտում, մեր միսիան ստեղծենք, մեր փոքր խմբի հաղթանակի դրոշը ստեղծենք: Մի ուրիշ խումբ էլ ուրիշ տեղ ինքնակազմակերպվի իր հաղթանակի դրոշը կերտի, հետո միավորվեն այդ խմբերը: Երբ ներքին ստրուկտուրաներ կստեղծվեն, վերեւից ճնշումը կթուլանա, պահանջները կնվազեն ու աստիճանաբար կդառնանք անկախ երկիր: Մենք այդ մշակույթը պետք է ստեղծենք ու զարգացնենք: Այս հանրային հանդիպում- քննարկումը, օրինակ, ինձ շատ ուրախացրեց:
IT ոլորտը Հայաստանում զարգացել է միջազգային տեմպին համապատասխան, բայց եթե մենք աջակցություն ունենայինք պետության կողմից, օրինակ, եթե ներդրում արվեին ռազմարդյունաբերության ոլորտում, այժմ բոլորովի այլ հարթության վրա կգտնվեինք: Այժմ Հայաստանում նոր իրողություն է ու մենք մեծ սպասումներ ունենք: Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը վերջապես մասնագետ է եւ գլուխ է հանում ոլորտից: Մենք դիմել ենք վարչապետին, որ ինովացիաների եւ բարձր տեխնոլոգիաների նոր նախարարություն լինի: ԱԱԾ- ի հետ ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր, որպեսզի ոլորտը օգնի նաեւ անվտանգության հարցերում: Դրական տենդենց է նաեւ այն, որ ռազմաարդյունաբերությունը բաժանվում է բանակից: Դրական փոփոխությունների միտում կա, այդ պրոցեսը, ուղղակի, շատ դանդաղ է առաջ գնում:
Մենք պատերազմական երկրում ենք ապրում: Այս առումով մեր ոլորտի կարեւորագույն խնդիրներից պետք է լինի տարածքային ապակենտրոնացումն է: Բարձր տեխնոլոգիական ոլորտը պետք է կենտրոնացված չլինի Երեւանում: Ինչը մենք ունեցել ենք Խորհրդային միության տարիներին՝ բարձր տեխնոլոգիական քաղաքներ են եղել Արտաշատը, Չարենցավանը, Հրազդանը, Էջմիածինը եւ այլն: Բարձր տեխնոլոգիական արտադրություն է եղել նաեւ որոշ գյուղերում, օրինակ` Եղեգիսի գործարանը եւ այլն: Այսօր դա պետք է նորից վերականգնել: Շվեյցարիայի նման երկիրը այնքան բունկեր ունի, որ կարող է տեղավորել իր ողջ ժողովրդին: Նրանք հասկանում են լրջությունը: Մենք այդպիսի խնդիրների մասին ընդհանրապես չենք մտածում: Ընդամենը 50 ինքնաթիռ է պետք, որպեսզի վտանգի ժամանակ Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը դուրս գա Հայաստանից: Տեղափոխվի, օրինակ, Դուբայ միացնի իրենց համակարգիչը ցանցին ու շարունակի աշխատել դրսում: Առաջին հերթին անվտանգության մասին պետք է մտածել:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն