«Տարածաշրջանում սպառազինության մրցավազքի կանխարգելման օրակարգը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է: Սպառազինության մրցավազքը հանգեցնում է ապակայունացման աճին: Տարբեր մակարդակներում մեր գործընկերների առաջ այս հարցն արծարծում ենք»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված այն նկատառմանը, թե ինչու նա Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում չի քննադատում ՌԴ նախագահին, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ տարածաշրջանում սպառազինության մրցավազքը պետք է կանխվի. «Այն, ինչը ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է»:
Աննա Նաղդալյանի խոսքով՝ նշյալ դիրքորոշումը պետք չէ նույնականացնել ՀՀ կարողությունների եւ վճռականության պակասի հետ. «Այդպես չէ. ՀՀ զինված ուժերն ունեն բարձր պատրաստվածություն եւ ռազմատեխնիկական հագեցվածություն՝ ապահովելու համար ՀՀ եւ Արցախի անվտանգությունը: Մենք գիտակցում ենք տարածաշրջանում լարվածության աճի հետեւանքները, ուստի Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավորությունը մշտապես մեր օրակարգում է»:
https://www.facebook.com/aravot.am/videos/742884276080509/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ