Երբ ամսվա սկզբին հրապարակվեց նախորդ տարվա աղքատության ցուցանիշը, ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով հաղթած նորընտիր իշխանությունը հրապարակեց նախագիծ, որով խոստանում էր առաջիկա 5 տարում 10 տոկոսային կետով նվազեցնել աղքատությունը, և 5 տոկոսային կետով գործազրկությունը։
Այդ օրվանից անցել է մեկ ամիս, իսկ Փաշինյանի կառավարումից՝ ավելի՝ քան կես տարի, սակայն միակ բանը, որ փոխվել է այդ ընթացքում՝ Հանրապետության հրապարակի տոնածառն է։ Այն վերջին օրերի ամենաքննարկված թեման է, ու նոր քաղաքապետի իրականացրած 2 գործողություններից վերջինը։ Առաջինը, ինչպես հիշում եք, ապօրինի կառուցապատված շինությունը ցուցադրական քանդելն էր, որը, ինչպես երևաց հետագայում, ամենայն հավանականությամբ, մայրաքաղաքի միակ ապօրինի կառույցն էր, որովհետև դրանից հետո որևէ քայլ նշված ուղղությամբ չի եղել։
Բայց եթե առաջին գործողությունը, այն է՝ քանդելը, բավական հեշտ է ու էժան, ապա երկրորդը բոլորիս վրա շատ թանկ նստեց։ Քաղաքապետը որոշեց, որ հանրային պահանջ կա, և առկա օրենսդրությունը շրջանցելով՝ մայրաքաղաքի բյուջեից 70 միլիոն դրամով գնեց տոնածառ, որը, ինչպես հետագայում պարզվեց, Մոսկվայից բերվել է ՀՀ Պաշտպանության նախարարության ինքնաթիռով, որով սովորաբար զենք-զինամթերք են բերում, և մի թռիչքն արժենում է մոտավորապես 10 մլն դրամ գումար։
Արդյունքում ստացվում է, որ նոր քաղաքապետն առայժմ ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ, էլ չենք խոսում հրապարակված 2019թ. բյուջեի նախագծի մասին, որում հսկայական չափերով ավելացել են քաղաքապետարանի վերնախավի գործուղումների ծախսերը։
Մաքսիմ ՄՈՒՍԻՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում