Վերջին օրերին մեզ հայտնի դարձավ միանգամից երկու տարբեր մանկապարտեզներում երեխաներին տրվող սննդի հետ կապված խնդիրների մասին։
Ահազանգերից մեկը վերաբերում էր Երեւանի համար 135 մանկապարտեզին։ Նշվում էր, որ քնից արթնացած փոքրիկներին ետճաշիկին միայն հաց ու վաֆլի են տալիս։ Մյուսը վերաբերում էր Էջմիածնի համար 5 «Գարուն» մանկապարտեզին։ Այս դեպքում էլ նշվում էր, որ սաները նախաճաշին ընդամենը ցամաք հաց են ուտում։
Երեւանի համար 135 մանկապարտեզի տնօրեն Գոհար Մաթեւոսյանը վստահեցրեց, որ հաց ու վաֆլին անպայման լինում են որեւէ հեղուկի հետ։ Մեր այցելության օրը եւս երեխաները արթնանալուց հետո հաց ու վաֆլի էին ուտելու։ Բայց դրա հետ նախատեսված էր նաեւ հյութ, որը թղթի փաթեթավորումներով դրված էր խոհանոցում։ Մանկապարտեզում ներկայացվեցին թղթի կտրոններ՝ կերակրացանկի գրառումներով։ Ասացին, որ դրանք օրվա սննդի նմուշների հետ պահվում են 48 ժամ։ Ըստ այդմ, նախաճաշին եղել էր հաց ու կաթ, ճաշին՝ հաց, կաղամբով ու մսով ապուր, բրնձով փլավ եւ կոնֆետ, որոնց նմուշները ապակե տարաների մեջ էին։
«Հեղուկներն անընդհատ փոփոխվում են թեյի տեսքով, հյութի տեսքով, թարմ մրգով ենք պատրաստում, կամ՝ չրով ու չամիչով։ Աշխատում ենք, որ մեր երեխաների սնունդը խայտաբղետ լինի։ Աշխատում ենք այնպես բաշխել, որպեսզի կերակրացանկը չկրկնվի, մի օր թանապուր է, մի օր կաղամբով ապուր է, մի օր մակարոնով ապուր է: Միշտ տարբեր ենք տալիս»,- ասաց Գոհար Մաթեւոսյանը։ Հաջորդ օրն, ըստ նրա, նախաճաշին պետք է լիներ հաց եւ սպիտակաձավար, ճաշին՝ հավով, ոլոոով ապուր, վերմիշելով փլավ, կոնֆետ, իսկ ետճաշիկին՝ հաց, պանիր ու թեյ։
Մանկապարտեզի տնօրենի խոսքով՝ ծնողները երբեւէ չեն բողոքել երեխաներին տրվող սննդից։ «Անկեղծ եմ ասում, որ բողոք լիներ, ես շատ վատ կզգայի ինձ»,- նշեց նա։ Մանկապարտեզին սնունդը տրամադրում է Երեւանի քաղաքապետարանը՝ շաբաթական մեկ անգամ։ Նախակրթական հաստատությունը միայն ներկայացնում է քանակի պահանջարկը՝ ըստ երեխաների թվի։ Համար 135 մանկապարտեզում գործում է չորս խումբ, գրանցված երեխաների թիվը 132 է, մեր այցելության օրը հաճախել էին 101-ը։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»
թերթի այսօրվա համարում