Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան էին դիմել իրավապաշտպաններ Արա Ղարագյոզյանն ու Մարինա Պողոսյանը:
Նրանք բողոք էին բերել հատուկ քննչական ծառայության որոշման դեմ, որը կապված էր 4000 դրամ գողության համար դատապարտված Սյունիքի մարզի բնակիչ Հասմիկ Սարգսյանի հետ: Նրանք պահանջում էին «Քրեական հետապնդումը չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին» ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Զ. Թադեւոսյանի կողմից կայացրած 2018 թ. հուլիսի 2-ի որոշման դեմ ներկայացրած բողոքը եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից 17.07.2018 թ. բողոքը մերժելու մասին որոշումը եւ ճանաչելով Հ. Սարգսյանի իրավունքների եւ ազատությունների խախտման փաստը, կամ քրեական գործը ուղարկել նոր արդյունավետ քննության:
Դատավոր Դ. Բալայանը դիմելով կողմին, հստակեցրեց պահանջը, ասելով, թե դատախազի տեղակալի որոշումը չի կարող վիճարկվել:
Հասմիկ Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ 2017թ. հուլիսի 6-ին ընկերուհի Մարիետա Հովհաննիսյանի դրամապանակից գաղտնի հափշտակել է 4000 ՀՀ դրամ գումար: Նույն օրը ՀՀ ոստիկանության Միսիանի բաժնի աշխատակիցներն իրեն հրավիրել են բաժին, որտեղ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մանասեր Ստեփանյանը, սպառնալով, որ իրեն ծեծի կենթարկի, պահանջել է բացատրություն տալ, որ գողացել է ոչ թե 4000 ՀՀ դրամ գումար, այլ 10.000 ՀՀ դրամ գումար: Ապա նույն բաժնի օպերլիազոր Պետիկ Ալեքսանյանը սպառնացել է, որ այդ բովանդակությամբ բացատրություն չտալու դեպքում քանոնի կիրառմամբ իր նկատմամբ բռնություն կգործադրի: Հիշյալ ոստիկանների սպառնալիքների ազդեցության տակ նա տվել է իրականությանը չհամապատասխանող բացատրություն եւ հետագայում որպես ինքնամեղադրող ցուցմունք`10.000 ՀՀ դրամ գողանալու վերաբերյալ:
Դեպքի առիթով 2018թ. ապրիլի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով հարուցվել է թիվ 62211518 քրեական գործը, որից հետո Հասմիկ Սարգսյանը ճանաչվել է տուժող:
Հուլիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Զ. Թադեւոսյանը որոշում է կայացրել քրեական հետապնդումը չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին:
Հուլիսի 9-ին քրեական հետապնդումը չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշման դեմ ներկայացվել է բողոք ՀՀ գլխավոր դատախազին:
Հուլիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վ. Մուրադյանը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին:
«Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանն ասաց. «Վարույթն իրականացնող մարմինը եւ ՀՀ գլխավոր դատախազի ՀԿԳ գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վ. Մուրադյանը քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու մասին եւ իմ կողմից ներկայացված բողոքը մերժելու մասին որոշումը կայացնելով, ցուցաբերել են անգործություն: Մի շարք կարեւոր հանգամանքների շուրջ քննություն չիրականացնելով եւ դրանք փաստող կամ հերքող ապացույցներ ձեռք չբերելով, իսկ ձեռք բերված ապացույցների մեծ մասին տրվել է միակողմանի գնահատական՝ քողարկելով ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից թույլ տրված խախտումները եւ անօրինական գործողությունները»:
«Վելես» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր, իրավապաշտպան Մարինա Պողոսյանն էլ նկատեց. «Ակնհայտ է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Զ. Թադեւոսյանը վատ վերաբերմունքի եւ բռնության վերաբերյալ չի իրականացրել արդյունավետ քննություն, այլ կատարել է ձեւական քննություն՝ կոծկելով ՀՀ ոստիկանության ծառայողների ապօրինի գործողությունները: Նույն խախտումը թույլ է տրվել գործը վերահսկող դատախազի կողմից:
Քրեական գործը հարուցվելու առաջին իսկ պահից, Հատուկ քննչական ծառայությունը թույլ է տվել ակնհայտ կոպիտ խախտում: Քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հիմքով: Մինչդեռ քրեական գործը պետք է հարուցվեր ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով՝ խոշտանգման հատկանիշներով»:
Դատարանում նշվեց, թե Հասմիկը բազմիցս է հայտնել, որ իրենից սպառնալիքի ազդեցության տակ են ցուցմունք կորզել, ինչի արդունքում էլ ապօրինի ենթարկվել է քրեական պատասխանատվության:
Ըստ տուժողի ներկայացուցիչների, ՀՔԾ-ն հանդես չի եկել որպես անկախ մարմին, որի հետեւանքով էլ կարճվել է ոստիկանների վերաբերյալ քրեական գործի վարույթը:
Որպես տուժող հարցաքննության ժամանակ Հ. Սարգսյանը հայտնել է, որ իրենից սպառնալիքի ազդեցության տակ պահաջել են ցուցմունք գրել, որը իրականության հետ կապ չունի: Այսինքն, վերը նշված փաստական տվյալները բավարար էին, որպեսզի ՀՔԾ-ն քրեական գործ հարուցեր խոշտանգման հատկանիշներով:
«Նախաքննության ժամանակ Հասմիկ Սարգսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ հուլիսի 6-ին, նախապես տեղեկացված լինելով, որ իր ընկերուհի Մարիետա Հովհաննիսյանը տանը չէ, մուտքի դուռը կոտրելու եղանակով ապօրինի մուտք է գործել վերջինիս բնակարան եւ դրամապանակից գաղտնի հափշտակել է 4000 ՀՀ դրամ գումար: Նույն օրն իր բնակության վայր են այցելել ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները եւ իրեն բերման ենթարկել հիշյալ բաժին: Ներս մտնելուց հետո, իրեն ուղեկցել են ոստիկանության Սիսիանի բաժնի ՔՀԲ պետ Սանասար Ստեփանյանի մետ, ով սկսել է հարցեր տալ Մ.Հովհաննիսյանի բնակարանից կատարված գործողության վերաբերյալ: Զրույցի ընթացքում խոստովանել է, որ դռան փականը կոտրելու միջոցով մտել է Մարիետայի բնակարան եւ դրամապանակից հափշտակել է 4000 ՀՀ դրամ գումար, ինչը լսելով Մանասեր Ստեփանյանը զայրացել է եւ սպառնացել է, որ ծեծի կենթարկի, եթե հետաքննիչի մոտ բացատրություն չտա, որ 10.000 ՀՀ դրամ գումար է գողացել: Վախենալով ծեծի ենթարկվելուց, համաձայնել է, որից հետո իրեն ուղեկցել են հետաքննիչ Ռազմիկ Հակոբյանի մոտ, ում նախ բանավոր հայտնել է, որ 10.000 ՀՀ դրամ է գողացել, տվել այդ բովանդանությամբ բացատրություն ու հեռացել: Հաջորդ օրը կրկին ներկայացել է բաժին, իրեն ուղեկցել է օպերլիազոր Պետիկ Ալեքսանյանի մոտ, վերջինիս հայտնել է, որ նախորդ օրը հետաքննիչի մոտ տված բացատրությունը պետք է շարունակի եւ պնդի, որ 10.000 ՀՀ դրամ է գողացել: Դա լսելով ինքը զայրացել է, ասել է, որ այդպես չի գրելու, այլ գրելու է իրականությունը, որ գողացել է 4000 ՀՀ դրամ, ինչը լսելով՝ Պետիկ Ալեքսանյանը, սեղանից վերցնելով մի քանոն, պահել է իր ուղղությամբ եւ սպառնացել, որ եթե շարունակի հակաճառել, քանոնը կմտցնի բերանը եւ կվնասի: Վախենալով իր սպառնալիքներից` գնացել է հետաքննիչի մոտ եւ կրկին պնդել է, որ 10.000 ՀՀ դրամ գումար է գողացել: Մի քանի օր անց, ներակայացել է ՀՀ քննչական կոմիտեի Սիսիանի բաժին՝ քննիչ Նարեկ Ստեփանյանի մոտ, ում պատմել է նախորդ օրերին տեղի ունեցածը, սակայն քննիչը ուշադրություն չի դարձրել եւ պահանջել է տալ բացատրությանը նման ցուցմունք: Վախենալով, որ այլ բովանդակությամբ ցուցմունք տալու դեպքում կարող է խնդիրներ ունենալ, քննիչի մոտ ցուցմունք է տվել, որ Մարիետա Հովհաննիսյանի դրամապանակից գողացել է 10.000 ՀՀ դրամ գումար»,-ներկայացնելով քրգործի նախապատմությունը, Արա Ղարագյոզյանը նաեւ ասաց, որ այս գործի դեպքում ՀՔԾ-ն պարտավոր էր ճանաչման ներկայացնել բռնություն գործադրող ոստիկաններին տուժողի հետ, տեղում քննչական գործողություն կատարել, որի կատարման դեպքում անմիջապես կարող էր քննիչն առգրավել Սիսիանի ոստիկանության բաժնի տեսախցիկների տեսանյութերը, եթե այդպիսիք կային, կատարել դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու համար տուժողի հոգեբանական վիճակի մասին, եւ վերջապես, հարցաքննել տուժողի տասնամյա աղջկան, ով ականատես վկա է եղել, թե ինչպես են իր մորը փորձում սպառնալիքի տակ ծեծի ենթարկել:
Մարինա Պողոսյանն ասաց, եթե Հասմիկը 4000 դրամ է գողացել, ապա կողպեքի արժեքը 6000 է, մինչդեռ, կողպեքի մասին ոչինչ չկա:
Հասմիկն ասաց, ինչ գողություն Սիսիանում լինում էր, ոստիկանները գալիս իրեն էին դիմում՝ «ասա, դու ես արել», նրանք առաջարկել էին իրեն համագործակցել իրենց հետ, ինչին չէր համաձայնել:
Իրավապաշտպանները հղում կատարեցին «Ստամբուլյան արձանագրություններին», համաձայն որի՝ պետք է պարզվեր Հասմիկ Սարգսյանի հոգեբանական վիճակը, կպարզվեր, թե տուժողը ենթարկվե՞լ է բռնության, ստացե՞լ է հոգեբանական տրավմա. «Ապացույցների ապահովման համար պետք է կատարվի բոլոր ողջամիտ քայլերը: Հնարավոր չէ տալ «ողջամիտ քայլերի» սպառիչ ցանկը, սակայն դատարանն իր դատավճիռներում թվարկել է որոշ օրինակներ, որոնք ակնկալում է քննությունն իրականացնող մարմիններից, որպիսի վերջիններս ապացուցեն, որ իրենք իսկապես ջանք գործադրել են ճշմարտությունը բացահայտելու եւ մեղավորներին արդարության առաջ կանգնեցնելու համար: Քննիչը պետք է ի թիվս այլ քայլերի, ձեռնարկեր հետեւյալը. տուժողին մանրակրկիտ հարցաքններ, իրավախախտին կամ իրավախախտներին ներկայացներ ճանաչման, ուղարկեր զոհին դատաբժշկի, դատահոգեբանի եւ դատահոգեբույժի մոտ»:
Դատարանում հետազոտվեցին դատարան ուղարկված քրեական գործի նյութերը, քննիչի ձեռագիրն անընթեռնելի է, ինչի մասին ակնարկեց դատավորը:
Նիստը նշանակվեց գալիք տարվա հունվարի 22-ին:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.12.2018