«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Արցախից հայտնեց, որ իրենց թիմում դեռ կոնսուլտացիաներ չեն գնացել, թե որ պատգամավորը որ հանձնաժողովում կամ միջազգային պատվիրակություններում ու խմբերում ներկայացված կլինի։ «Քանի դեռ մենք մանդատները չենք ստացել, դեռ չեմ կարող այդ մասին խոսել»,- ասաց նա։
Այսուհանդերձ, նա կոչ է անում իշխանությանը ԼՀԿ-ին ոչ թե մեկ, այլ մի քանի հանձնաժողովի նախագահություն զիջել: «Այո, 70 տոկոս ձայն ունեցող իշխանությունը պետք է մի քանի հանձնաժողով զիջի, դրանով պետք է ցույց տան, որ հակված են պառլամենտում ընդդիմության դերի մեծացմանը, փոխզսպումների եւ հակակշիռների։ Շատ կարեւոր է, որ իշխանությունները կոնսուլտացիաներ սկսեն ընդդիմադիրների հետ այս հարցով եւ չարաբաստիկ Դոնթի բանաձեւով չբաշխեն հանձնաժողովներն այնպես, ինչպես իրենց է հարմար, որովհետեւ, եթե մեզ ընդամենը մեկ հանձնաժողով հասնի, դա չի նպաստելու երկրում ժողովրդավարության հաստատմանը»։
Մարուքյանն ասաց, որ հատկապես այն քննադատություններից հետո, որ իշխող ուժը 70 տոկոս ձայն է հավաքել՝ խորհրդարանում իրական ընդդիմություն թույլ չտալով, պարտավոր է գնալ նման ժեստի։
«Ես այնպիսի ընդդիմություն եմ լինելու, որ երբեք չի եղել, ես սա վստահեցնում եմ, բայց նաեւ շատ կարեւոր է, որ իշխանությունն իր կամքով գնա զիջումների»,- եզրափակեց նա։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում