Դեկտեմբերի 19-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցեցին անդամ համայնքների ղեկավարներ: Նիստի ընթացքում քննարկվեցին ֆինանսական ապակենտրոնացմանը վերաբերվող հարցեր։
Քննարկում ծավալվեց հատկապես ֆինանսական համահարթեցման ներկա համակարգի վերաբերյալ, մասնավորապես, Երևան քաղաքին ֆինանսական համահարթեցման դոտացիա հատկացնելու մոտեցումների վերաբերյալ: Փորձագետները մտահոգություն հայտնեցին՝ հաշվարկների հիմքում ընկած է անհավասար ֆինանսական համահարթեցման իրականացման մոտեցում: Մասնավորապես բարձրաձայնվեց մի մտահոգիչ փաստ. «Երևան քաղաքում մեկ բնակչին բաժին ընկնող եկամուտներն՝ առանց ֆինանսական համահարթեցման դոտացիաների, 2014-2018-ը միջինը կազմել է 57.9 հազար դրամ, իսկ նույն ցուցանիշը ֆինանսական համահարթեցման դոտացիաների հետ միասին միջինը կազմել է 69.6 հազար դրամ: Մնացած համայնքների մեկ բնակչին բաժին ընկնող եկամուտներն՝ առանց ֆինանսական համահարթեցման դոտացիաների, 2014-2018-ը, միջինը կազմել է 10,5 հազար դրամ, իսկ նույն ցուցանիշը ֆինանսական համահարթեցման դոտացիաների հետ միասին միջինը կազմել է 27.3 հազար դրամ կամ Երևանի ցուցանիշից 59.1 հազար դրամով պակաս (2,5 անգամ պակաս): Սա նշանակում է, որ դոտացիաների հատկացման գործող համակարգը համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերությունները չի նվազեցնում»:
ԵԽ փորձագետ Արտակ Երգենյանը մտահոգություն հայտնեց նման անհավասար մոտեցման վերաբերյալ. «Անընդունելի է, որ ֆինանսական համահարթեցման դեպքում ունենք անհավասար մոտեցում: Փաստացի Երևանում մեկ բնակչին բաժին ընկնող եկամուտները 2,5 անգամ ավելին են, քան մյուս համայնքներում: Սա անընդունելի մոտեցում է, որ մի համայնքում ֆինանսական համահարթեցումը կատարվում է մյուս համայնքների հաշվին»:
Հայաստանի համայնքների միություն