Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիականը» դեռեւս քաղաքականացված է

Դեկտեմբեր 20,2018 10:00

Այս շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանը հերթական անգամ դեմ է քվեարկել ընդունված հակառուսական բանաձեւին, որը կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել ռազմական ուժերը Ղրիմից և բաց թողնել Կերչի նեղուցում ձերբակալված նավաստիներին: Փաստաթղթի ընդունմանը կողմ էին 66 երկրներ: Դեմ է քվեարկել 19 պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Սերբիան, Բոլիվիան, Բուրունդին, Կամբոջան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Իրանը, Լաոսը, Մյանմարը, Նիկարագուան, Հարավային Սուդանը, Սիրիան, Ուզբեկստանը, Վենեսուելան և Զիմբաբվեն:

Չեմ կարող ասել՝ մեր երկրի դիրքորոշումը ճիշտ է, թե սխալ, դա, իմ կարծիքով, նեղ մասնագիտական (դիվանագիտական) խնդիր է: Փոխարենը կարելի է փաստել, որ տարիներ շարունակ Հայաստանը մշտապես դեմ է քվեարկել հակառուսական նման բանաձեւերին, եւ եթե դա ճիշտ է հիմա, ապա ճիշտ էր նաեւ 1, 2, 5 տարի առաջ: Կամ՝ եթե սխալ է, ապա սխալ է թե՛ հիմա եւ թե՛ անցած տարիներին: Սկզբունքային դիրքորոշում ունեցողները, նրանք, ովքեր հասկանում են  կամ կարծում են, թե հասկանում են խնդիրը, պետք է համանման իրադարձություններին միատեսակ արձագանք տան:

Իսկ հիմա հիշեք, թե առաջ ինչ բուռն ցասումով եւ սարկազմով լի արձագանքներով էին հանդես գալիս մեր արեւմտամետ հ/կ-ները՝ «ռուսի ստրուկ» կամ «Հայաստանն եւ Բուրունդին՝ նույն խմբում» արտահայտություններն ամենամեղմն էին: Այժմ նույնատեսակ քվեարկությանը ոչ մի «հ/կ-ական» արձագանք չկա, իսկ ընդհանուր «ֆեյսբուքյան» տրամադրությունը մոտավորապես հետեւյալն է՝ «դե, եթե Հայաստանի շահերը պահանջում են այդպես քվեարկել, ինչո՞ւ ոչ»: Այդ դեպքում գուցե մեկ տարի առաջ նույնպե՞ս մեր երկրի շահերն էին դա պահանջում:

Հ/կ-ների առաքելություններից մեկը, որքան ես հասկանում եմ, այս կամ այն երեւույթին սկզբունքային գնահատական տալն է՝ հասարակությանը կողմնորոշելու համար: Եվ դա ճիշտ է  ոչ միայն արտաքին, այլեւ ներքին կյանքի իրադարձությունների պարագայում: Երբ առաջ լուրջ առողջական խնդիրներ ունեցող մարդուն  (որը հաստատ փախչելու կամ քննությանը խոչընդոտելու հնարավորություն չունի) պահում էին կալանքի տակ, հ/կ-ներն ահազանգում էին խոշտանգումների մասին: Հիմա նույն իրավիճակում արձագանքի տոնայնությունը հակառակն է՝ «լավ են անում, աչքն էլ հանում են, նրան հասնում է, նա հանցագործ է»: Ահազանգերի մոտիվացիան, հետեւաբար, ոչ թե ընդհանուր հումանիստական էր, այլ զուտ քաղաքական, քարոզչական:

Ես, բնականաբար, չեմ հավատում «սորոսական դավադրության» մասին հեքիաթներին: Պարզապես արձանագրենք, որ քաղաքական եւ հասարակական (իրավապաշտպան) գործունեությունները մեզանում տարանջատված չեն, եւ, ի հեճուկս լավատեսական պնդումների, քաղաքացիական հասարակության հատվածը դեռ չի կայացել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Միայն Ռուսաստանի հետ յարաբերութիւններու նիւթին մէջ չէ որ, արդարեւ, այդպէս է այժմու կացութիւնը… Բազմաթիւ, կարեւորութեան տարբեր մակարդակներու նիւթերու մէջ, ճիփ ու ճիշդ միեւնոյն բանը, երբ որ նախկին վարչակարգը կ’ըսէր կամ կ’ընէր, դա կը նկատուէր՝ անընդունելի, անմարդկային, հրէշային, դաւաճանութիւն, սատանայութի՛ւն, եւայլն., իսկ երբ որ նոր իշխանութիւնը կ’ըսէ կամ կ’ընէ՝ կ’ընդունուի լայն բարիացակամութեամբ: Ամենաարմատական այլախոհներն անգամ այսօր չափաւոր եւ զուսպ, փափկանկատ, բանականութեան տէր դարձած են, իշխանութեան նկատմամբ:

    Սակայն ասիկա ողջունելի երեւոյթ է՝ այն նիւթերու պարագային, ուր նախկին վարչակարգը ճիշդ էր ասում եւ անում: (Այո, անարդար է, բայց ինչ անենք, կեանքը յաճախ անարդար է, մանաւանդ որ քաղաքականութեան մասին է այստեղ խօսքը…)

    «Սորոսական դավադրութիւն» արտայայտութիւնը հեշտ է ծաղրելը: Սակայն անհերքելի է որ Հայաստանի մէջ տեղի ունեցող քաղաքական իրադարձութիւններու վրայ նշանակալից ազդեցութիւն ունի «Բաց Հասարակության Հիմնադրամներ» համաշխարհային կազմակերպութեան Հայաստանի -յատկապէս ճոխ, առատաձեռն եւ աշխոյժ- մասնաճիւղը: Մինչ անոր գործունէութիւնը հակակշռելու նիւթական կարողութիւնը ունեցող հայկական հիմնարկութիւններ չկան, եւ չեն կրնար գոյանալ:

    Վերոնշեալ կեցուածքի փոփոխութիւնը, նախկին եւ այժմու վարչակարգերու ժամանակներու «երկու չափ, երկու կշիռը»ի իրականութիւնը, օրինակը համար, երբ որ կը վերաբերի յատկապէս իրաւապաշտպաններու, որոնց խմբակցութեան եկամուտի էական աղբիւրը Ճորճ Սորոսի այդ կազմակերպութիւնն է, սա է որ պարզապէս ոմանք կը կոչեն «Սորոսական դավադրութիւն»: Եւ բնաւ կարեւոր չէ որ դա գործադրուի հայերու կողմէ գիտակցաբար, դիտումնաւոր եւ միտումնաւոր կերպով: Ընդհակառակն, աւելի ազդեցիկ եւ արդիւնաւէտ է, երբ որ տեղի կ’ունենայ անգիտակցաբար, ինքնաբերաբար, տառացիօրէն՝ բնականաբար: Մարդկային բնոյթի հմուտ ու վարպետ շահագործումով: Մի քիչ աւելի կոպիտ finishingն ալ կը կատարեն ուղղակի քաղաքական գործիչները, Պոլթոն-մոլթոնները…

    Չափազանց դիւրաբեկ, շատ հեշտօրէն խոցելի երկիր է Հայաստանը: Որովհետեւ բնիկ ժողովուրդը արտակարգօրէն բարի է:

  2. gib.gibindus says:

    Ընկ: Աբրահամյան ջան՝մեռնեմ դուխիդ, էդ սաղ որ ասիր նոր, կարա՞ս Կիմ Չեն Ըռ-ի էրեսին ասես: Չէ՞, չի՞ ստացվում: Կամ Պուտինին կարա՞ք բեդրավոյ քաշեք: Ողորմելիության հիմքը շուտ է դրվել, հարյուրամյակներ առաջ: Նույնիսկ էս հայհույի կամ հեղափոխության պիկի ժամանակ դա երևաց: Սահակաշվիլին ու Նավալնին շնորհավորել էին: Սաղ քաջերով, լսելով նախնիների գենետիկ կանչը մի վայրկյանում սկսեցին լացը՝արա դրանց հետ գործ չունեք՝ Վովա ձաձան կարող ա նեղանա:

  3. Լավատես says:

    Եթե քեզ մարդու պետության տեղ են դնում ու քո կարծիքն են հարցնում, բարի եղիր ընտրությունդ հստակ հիմնավորել, որ ավելորդ կասկածներ քո կարծիքը հարցնողների մեջ չլինի, թե չէ խծբ ի կարգի պետություն կդառնանք, աշխարհը հստակ եւ նախապես պետք է իմանա, որ մենք մեր կողմից ընդունված սկզբունքների ու օրենքների համար պատրաստենք կենաց մահու կռիվ տալ այդ սկզբունքներն ու օրենքները խախտող ցանկացած ուժի դեմ’ լինի այն մեր բարեկամը թե թշնամին, լինի մեզնից շատ անգամ թույլ թե գերհզոր, դրա համար որպեսզի գետնաքարշության գիրկը չընկնենք, արարենք մեր հայ կրոնը, որտեղ գրենք մեր սկզբունքներն ու օրենքները, որ մեզ շնորհված աստծո ամենազոր ուժից կարողանանք օգտվել:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31