Նիկոլ Փաշինյանը երեկ մասնավորապես նշեց. «Նրանք, ովքեր ասում են, որ քառօրյա պատերազմի պատասխանատուն Արշակ Կարապետյանն է, նրանք, ըստ էության, ասում են, որ նրանից վերեւ ոչ մեկը պատասխանատու չէ: Նրանք, որոնք հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանն աշխատանքից հանել է այդ իրադարձությունների արդյունքում, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանն արդար դատավոր է եւ արդար որոշում է կայացրել:Ես քառօրյա պատերազմի մասին կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր եւ այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասի մասին: Մենք ունենք շատ հարցեր՝ ապրիլյան պատերազմի մասին, եւ մենք պետք է շատ հանգիստ, հանդարտ պետք է գտնենք այդ հարցերի պատասխանները եւ թույլատրելի մասը ներկայացնենք հանրությանը»:
Շատ բնութագրական է: Գրեթե լիովին տերպետրոսյանական ոճով՝ փոփոխել քննադատության շեշտադրումները, հետո՝ լղոզել զանազան դատողություններով: Իսկ հիմնական դիտողությունն այն է, որ տվյալ զինվորականը պատասխանատու է եղել հետախուզական տվյալների ամփոփման եւ համապատասխան վերադասին ներկայացնելու համար, եւ այն, որ ադրբեջանական լայնածավալ հարձակումն ամեն պարագայում անսպասելի էր մեր զինուժի համար, վկայում է այդ առումով կոնկրետ բացթողման մասին:
Թե հիմա քանի՞ կիլոգրամ կամ տոննա գաղտնի տեղեկություններ է կարդացել վարչապետի պաշտոնակատարը, այլ հարց է: Ի դեպ, հետաքրքիր է՝ այդ գաղտնի փաստաթղթերում եղած տվյալները գոնե համոզե՞լ են Նիկոլ Փաշինյանին, որ ապրիլյան պատերազմի, այսպես ասած, «պայմանավորված լինելու» մասին իր՝ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում ներկայացրած մեղադրանքները, այսպես ասենք՝ իրականությունից հեռու են, եթե չասվի՝ մտացածին:
Այլ հիշեցումներ էլ եղան: Երեկվանից ակտիվ շրջանառվում էր «հեղափոխական քայլերթի» օրերին արված մի տեսանյութ, որում պատկերված են խարույկի շուրջ նստած Նիկոլ Փաշինյանը, իր զինակից Արայիկ Հարությունյանը։ Վերջինս դատողություններ է անում, որ այն նույն Արշակ Կարապետյանին պատժելու փոխարեն ընդամենը նախկին պաշտոնից ազատել եւ այլ պաշտոնի են նշանակել (ռազմական կցորդ)…
Երեկ Նիկոլ Փաշինյանին տեսանյութի վերաբերյալ էլ հարց տրվեց: Նա էլ, թե. «Խարույկի շուրջ նստած խոսել ենք, այո, ես էլ եմ այնտեղ եղել: Նախկինում հնչած հայտարարությունները, անգամ իմ ու իմ թիմակիցների կողմից, որեւէ մեկի նկատմամբ դատավճիռ չէ: Քառօրյա պատերազմի մեկնարկից առաջ առնվազն մեկ ամիս, եթե ոչ ավելի, ադրբեջանական զորքերի կուտակում է եղել ամբողջ շփման գծի երկայնքով, որը իմացել են բոլորը: Ես հիմա իրավունք չեմ վերապահի գնահատականներ տալ տեղի ունեցածի վերաբերյալ»:
Ծիծաղելի կլիներ, եթե ասեր, թե ինքն այնտեղ, խարույկի շուրջ չէր: Իսկ մնացյալը…
Մնացյալը՝ ի՞նչ: Մի՞թե առաջին անգամ է: Մարդը խոստանում էր վերացնել կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը, բայց իշխանության գալուն պես, առաջինը հենց այդ պարտադիրը հաստատեց: Մարդ, որ իբր դատավորներին չի զանգում, բայց իր գաղտնի ծառայության պետի հետ նման հարցեր է քննարկում: Մարդ, որ իբր քաղաքական վենդետային դեմ է, բայց արդեն մի քանի ամիս է, ինչ հիմնականում նման դրսեւորումներով է աչքի ընկնում:
Երկար կարելի է թվարկել: Այնպես որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության դեպքում իրենց իսկ երեկվա ասածները այսօր հաշիվ չեն, իսկ վաղը հաշիվ չեն լինելու այսօրվա ասածները:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում