Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ն անվտանգության լիարժեք երաշխիք չէ, բայց կատարյալ աներաշխիքությունն էլ աղետ կլիներ»

Դեկտեմբեր 20,2018 15:00

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ կատարվեց անցած շաբաթ Արցախում: ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի պաշտոնանկությամբ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ կոտրվե՞ց չհասկացվածության պատը, որն առաջացավ Սասուն Միքայելյանի «անզգույշ» հայտարարությունից հետո, որով թավշյա հեղափոխության հաղթանակը գերադասվեց Արցախյան ազատամարտում հաղթանակին: Մի՞թե անկախ Արցախի իշխանությունն այնքան թույլ է, որ իր կադրային քաղաքականությունը որոշում է Հայաստանի ղեկավարության հրահանգ-միջամտություններով:

– Այդ առթիվ մեկնաբանություններ արդեն հնչել են: Կարող եմ միայն մի հավելում անել. թերեւս ժամանակն է, որպեսզի ֆորմալացվի Արցախում հայկական զինուժի ներկայությունը: Այդ դեպքում Պաշտպանության բանակի հրամանատարի կամ որեւէ այլ զինվորականի փոփոխության հարցը չէր դառնա կոնսպիրոլոգիական տեսությունների թեմա:

– Ի՞նչ վիճակ է հիմա Արցախում, ի՞նչ տրամադրություններ կան:

– Արցախում նախատոնական իրավիճակ է: Պետական գերատեսչություններն ամփոփում են տարին, խորհրդարանը պատրաստվում է ընդունել եկող տարվա պետական բյուջեն, մարդիկ էլ զբաղված են առօրյա խնդիրներով: Արտառոց ոչինչ տեղի չի ունենում: Քաղաքական ուժերն ու առանձին խմբեր էլ վերագնահատում են հնարավորությունները, վերլուծություններ անում: Եկող տարի սպասվում են ՏԻՄ, իսկ 2020 թվականին՝ նախագահի եւ խորհրդարանի ընտրություններ:

– Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները՝ Սերժ Սարգսյանի` հողեր հանձնելուց հրաժարվելու, Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանին զենքի վաճառքի համար ՌԴ նախագահին չնախատելու մասին, տարբեր մեկնաբանություններ ստացան, անգամ որակվեց իբրեւ նախանձի դրսեւորում: Կարծում եք՝ պատահակա՞ն էին Բելառուսի նախագահի վերջին ակտիվացումները, ՌԴ նախագահի եւ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների` Նիկոլ Փաշինյանին չշնորհավորելը:

– Ես Լուկաշենկոյի հայտարարություններին լուրջ չեմ վերաբերվում: Եթե այդ մակարդակի գործիչն իրեն թույլ է տալիս պարզապես օդ տատանել, երբեմն էլ պարզապես ստախոսել, ապա ի՞նչ իմաստ ունի կարեւորել նրան: Տպավորություն է, թե նա միայն մի բան է ցանկացել հասկանալի դարձնել՝ եթե բոլորն օգտվում են Ադրբեջանի նախագահի թուլամտությունից եւ նրանից գումարներ են կորզում, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի իրեն: Ահա Լուկաշենկոյի այս միտքը հետաքրքիր է: Դրանից կարելի է հետեւություն անել, թե ինչ բարքեր են ՀԱՊԿ-ում, եւ ինչպես են իրար հետ մրցակցում «դաշնակիցները»:

– Ձեր կարծիքով՝ նման բարքերով ՀԱՊԿ-ում Հայաստանն անելիք ունի՞:

– Իսկ ո՞րն է այլընտրանքը: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը Երեւանում խորհուրդ տվեց ձերբազատվել պատմական բարդույթներից: Արձագանքները գրեթե լիովին բացասական էին: ՀԱՊԿ-ն անվտանգության լիարժեք երաշխիք չէ, բայց կատարյալ աներաշխիքությունը պարզապես աղետ կլիներ:

– Մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանում հայտարարեց` եթե Նիկոլ Փաշինյանը բարձր լեգիտիմություն ունենա այդ ընտրությունների արդյունքում, կարող է ցավոտ հարցերին ոչ ստանդարտ լուծումներով մոտենալ: Նույն վերլուծություններն ընտրություններից հետո եղան ամերիկյան մամուլում: Ի՞նչ սպասել հիմա:

– ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է եւ մեկ անգամ արդեն փորձել է կողմերին բերել համարձակ համաձայնության՝ Քի Ուեսթում: Ոչինչ չի ստացվել: Եթե Վաշինգտոնը մտադիր է նոր նախաձեռնությամբ հանդես գալ, ապա Բոլթոնի խոսքը խիստ ենթատեքստային է: Չեմ կարծում, թե առանց մյուս համանախագահ երկրների համաձայնության կհաջողվի Ղարաբաղյան կարգավորումն առաջ տանել ամերիկյան կանխածրագրով: Նույնը վերաբերում է նաեւ ռուսական նախաձեռնություններին: ԼՂ հարցում ճեղքում կարող է լինել, եթե ներգրավված ուժային կենտրոնները հանգեն գոնե ընդհանուր կոնսենսուսի: Ներկա իրավիճակում դա գրեթե բացառված է: Մնում է հուսալ, որ կհաջողվի պահպանել հարաբերական կայունությունը:

– ՀՀԿ-ական գործիչները, մասնավորաբար, ՀՀԿ ցուցակում ընդգրկված Դավիթ Շահնազարյանը քարոզարշավի ողջ ընթացքում խոսում էր «հող հանձնելու» ծրագրի մասին: Ինչի՞ մասին է խոսքը, Ձեր կարծիքով՝ կա՞ն իրական մտավախություններ, թե՞ նման հայտարարությունները խտացված գույներով նախընտրական էֆեկտի համար էին:

– Դա, երեւի, նախընտրական հնարք էր, որ մեծ հաշվով, թվում է, վնասեց ՀՀԿ քարոզարշավին: Ես Դավիթ Շահնազարյանի անձին, տեղեկացվածությանը եւ վերլուծաբանի նրա ունակություններին վերաբերվում եմ խորին հարգանքով, բայց նրա վերջին ելույթներից տպավորություն ունեցա, որ իրականությունը ստորադասում է տվյալ իրավիճակի նպատակահարմարությանը: Մարտահրավերներ, իհարկե, կան: Բայց դրանք ավելի սպառնալի չեն, քան եղել են անցած բոլոր տարիներին: Պետք է հուսալ, որ Փաշինյանի կառավարությունը կունենա դրանք դիմակայելու իմունիտետ եւ այնքան կոմպետենտություն, որպեսզի չներքաշվի ծուղակների մեջ:

– Նախկինում շատ էր խոսվում նաեւ հնարավոր պատերազմական գործողությունների մասին, բայց Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի վերելակային հանդիպումից հետո ադրբեջանական կողմը սահմաններում կարծես իր ակտիվություն-ագրեսիվությունը մեղմացրել է, հնարավոր պատերազմական գործողությունների մասին խոսակցություններն էլ մարել են: Ի՞նչ է կատարվում՝ Ձեր կարծիքով:

– Պատերազմի հավանականությունը նույնն է, ինչ մի քանի տարի առաջ: Քանի դեռ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, պատերազմի վերսկսումը բացառված չէ: Ներկայիս իրավիճակը Դուշանբեի բանավոր պայմանավորվածությունների արդյունքն է: Որքա՞ն կտեւի դա՝ ոչ ոք չի կարող ասել: Եկող տարեսկզբին նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Կհաջորդե՞ն դրան Փաշինյան-Ալիեւ բանակցություններ՝ այդ ժամանակ էլ հնարավոր կլինի հետագա զարգացումների շուրջ կանխատեսումներ անել:

– Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ արդեն որերորդ անգամ իրենց հայտարարության մեջ համանախագահները չեն հիշատակում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, որոնք Ադրբեջանը համառորեն արհամարհեց: Մինչդեռ վերելակային պայմանավորվածությունը խստորեն պահում է:

– Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է դա որոշակի շրջանակների անհանգստացնում: Մի՞թե վատ է, որ հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում է: Կարեւորը դա է: Իսկ թե ի՞նչ կհետեւի՝ ցույց կտա ժամանակը: Իսկ Վիեննայի օրակարգը, կարծում եմ, մնացել է անցյալում: Դա կորսված հնարավորություն է, որի մասին միջնորդները գերադասում են լռել:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

19.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31