Լրահոս
Օրվա լրահոսը

7 հոգով՝ 18 քմ-ում

Դեկտեմբեր 20,2018 14:30

Ինչպե՞ս ապրի զինվորական հաշմանդամը 91 հազար դրամով: Կասեք՝ ահագին գումար է, լավ էլ կարող է ապրել, բա ավելի քիչ գումար ստացողներն ի՞նչ ասեն: Այո, կենսաթոշակառուների, հաշմանդամություն ունեցողների ինչպես ապրելու սահմանները գծել է պետությունը՝ ամենքին բաժին հասնող գումարով էլ որոշվում է նրա զուսպ ապրելու ճակատագիրը: 91 հազար դրամը կբավարարի, եթե բախտը բերի:

Հարություն Թովմասյանը հիշում է՝ 18 տարեկան էր, կամավոր մեկնեց Արցախյան պատերազ. երիտասարդ էր, արյունը եռում էր, գնում էր հայրենիքի համար կռիվ տալու, մանավանդ, որ ամբողջ կյանքի երազանքն էր զինվորական դառնալ:

«1994 թվականի հունվարի 7-ն էր, ականի պայթյունից վիրավորվեցի, կոկորդի բեկորային վնասվածք ստացա, կոնտուզիա, ու հետո գնալով վիճակս ավելի վատացավ՝ սիրտ-անոթային հիվանդություն, անոթների խցանում, բեխտերեւի հիվանդություն. տարվա մեջ մի քանի անգամ տեսողական լուրջ խնդիրներ եմ ունենում, ներարկում են անում, մի քիչ լավանում եմ: Անընդհատ բժիշկների ձեռքի տակ եմ: Էլ չասեմ, որ նյարդային ինչ խնդիրներ ունեմ: Բայց բժշկական ծառայությունները պետպատվերով են, բան չունեմ ասելու: 1-ին կարգի ցմահ հաշմանդամություն ունեմ»,- պատմում է 42-ամյա Հարությունը:

Մոտ 10 տարի է՝ Հարությունը անվասայլակից, իր խոսքերով ասած, պրծել է, երկու ոտքը պրոթեզավորել են, դժվարությամբ, բայց քայլում է: Քայլում է, բայց միջավայրը հարմարավետ չէ: Ասում է՝ տրանսպորտից չի կարողանում օգտվել, աստիճանները մեծ դժվարությամբ է հաղթահարում. «Ոտքերս չեմ կարողանում ծալել: Որ տանից գործերով դուրս եմ գալիս՝ տաքսի պիտի նստեմ, տրանսպորտ ընդհանրապես չեմ կարող նստել»:

Աշխատանք է փնտրում. Հարությունն ասում է՝ մի գործ լինի՝ ինքն իր սոցիալական բեռը թեթեւացնի, 91 հազար դրամը չի բավարարում, հաշվում է. «Ամեն ամիս 30 հազար կամ մի քիչ ավելի դեղորայքի համար եմ ծախսում, 10-15 հազար՝ կոմունալներին, դե տեղաշարժվում եմ տաքսիներով՝ դա էլ ահագին գումար է: Տակի եղածն էլ՝ սննդին: Մամաս էլ մոտ 30 հազար թոշակ է ստանում, ինքն էլ դեղերի փող է տալիս: Այս տարի 4 անգամ հիվանդանոց եմ պառկել, անընդհատ վատանում եմ, առողջական վիճակս սրվում է»:

Ինչպե՞ս են սնվում, ի՞նչ են ուտում. հիմար հարց է: Ասում է՝ «սոված չենք մնում»: Պարտքերի ու աղքատության շրջափուլից դուրս չեն գալիս. խանութներին, դեղատներին, ծանոթ տաքսիստներին պարտք է, թոշակը ստանում է՝ պարտքերը փակում, բայց «պոչեր են» մնում, թոշակը չի հերիքում ամբողջությամբ ամսվա պարտքը փակել:

«Հարազատս…»,- այսպես էր դիմում: Պարտավորեցնող է: Բայց ի՞նչ անես:

«Հարազատս, ուզում եմ աշխատել, կարող եմ: 911-ում կամ մի տեղ համակարգչային աշխատանք անեմ կամ հեռախոսավար: Մի բան անեմ, մարդամեջ դուրս գամ, գումար վաստակեմ: Մոտ 2 միլիոն դրամ վարկ ունեմ: Կուտակվեց»,- պատմում է Հարությունը:

Աշխատել փորձել է, ասում է՝ վատ չէր ստացվում: Զբաղվածության ծառայության աջակցությամբ փայտամշակման արտադրամասում է աշխատել. «Նստած գործ էր, ինձ շատ հարմար, բայց 3 ամիս տեւեց, փակվեց էդ գործը: Մի բան էլ էի գտել 4-րդ Գյուղում, էլի արտադրամաս էր: Տնօրենն ասաց՝ ես էդքան փող չեմ կարա տամ, որ դու տաքսով գնաս-գաս, «պերերիվի» փողն էլ գումարած, տակը քեզ բան չի մնա: Չստացվեց»:

Հարությունն ասում է. «Հարազատս, կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Մի տարի առաջ էլ եղբորս տնակը գյուղում հրդեհվեց, ինչ կար-չկար՝ մոխիր դարձավ, կնոջ եւ երեք երեխաների հետ մեզ հետ են, էս նեղվածքում ենք ապրում»:

7 հոգով 18 քմ սենյակում են բնակվում: Այս 18 քմ-ի մի մասը փոքրիկ միջանցքն է, որը նաեւ խոհանոցն է, այս միջանցք-խոհանոցի անմիջապես հարեւանությամբ սանհանգույցն է: Դե կանգնած կամ նստած չես քնի. հատակին են փռում անկողինն ու քնում:

Ու, ինչպես ասում են, իր դարդը թողած՝ եղբոր դարդից է խոսում Հարությունը. «Որտեղ ասես, որ չենք դիմել, մի տնակով գոնե օգնեն: Տունը չկա, նպաստից էլ կտրեցին, ասացին՝ բնակության վայր չկա՝ նպաստ չենք կարա տանք: Գոնե իրենց մի բանով օգնող լինի, հետ գնան իրենց գյուղ, նորմալ ապրեն, հող մշակեն: Հա, եղբայրս աշխատում է, բայց հազիվ է հասցնում»:
Հետո նորից Հարությունը վերադառնում է իր դարդին, ասում է՝ երբ պարզվեց, որ անվասայլակով պետք է շարժվի, կինն ամուսնալուծվեց, 2 դուստրերն էլ նախկին կնոջ հետ են ապրում. երբեմն փորձում է իր թոշակից մի փոքր գումար էլ դուստրերին տալ:

«Հարազատս, չգիտեմ… բարերար, բան… չէ, աշխատանք, մի գործ լինի՝ անեմ: Մերս էլ մեծ, հիվանդ կին է: Աշխատեմ՝ լավ կլինի»,- այսպես Հարությունը մեզ հրաժեշտ տվեց:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

19.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31