Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես են «քցել» հյուրանոցի տիրոջը. ի՞նչ կապ ունեին «Վանոյի Արտակը», «Գազի Կոլիկն» այս պատմության հետ

Դեկտեմբեր 20,2018 14:00

Ալբերտ Սարգսյանը Փարաքար գյուղի Ի.Գասպարյան փողոցի վրա գտնվող «Եռանկյունի» հյուրանոցային համալիրը 2016 թվականի ապրիլի 21-ին վաճառել է երեւանաբնակ Տիգրան Պետրոսյանին 720 000 դոլար գումարով: Պայմանավորվածության համաձայն՝ նրան պետք է տրվեր կանխիկ 103 000 դոլար, իսկ մինչեւ օգոստոսի 15-ը մնացյալ գումարը:

Ա. Սարգսյանին առաջարկվում է մեկ գույք էլ, գնորդի ասելով՝ երկու հարյուր հազար դոլարի չափով անշարժ գույք, մինչդեռ իրական արժեքը 110 000 դոլար էր:

Առքուվաճառքի պայմանագրի վավերացման ժամանակ, նոտարի մոտ գնորդի հետ էին ընկեր ներկայացած Արմեն Խաչատրյանը, Արտակ Գալստյանը՝ «Վանոյի Արտակը», որոնց Սարգսյան ընտանիքը տեսնում էր առաջին անգամ:

Պայմանագրի կնքելուց հետո մինչ օրս գումարը չի տրվել, եւ երկու տարի առաջ սեպտեմբերին ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին ներկայացված «հանցագործության մասին հաղորդման» համաձայն,  Տիգրան Պետրոսյանը չի տվել մնացյալ 497 000 դոլարը:

Տ. Պետրոսյանը, որն «Առավոտի» տեղեկություններով պատիժ է կրում մեկ այլ գործով, իսկ քննչական մարմինը հայտնել էր, թե չի կարողացել հայտնաբերել նրան, որպես երաշխիք Ա. Սարգսյանին է տալիս Նոր Նորքի Մոլդովական 41/8 եւ 41/14 շենքերի սեփականության վկայագրերը, եւ նոտարական վավերացմամբ անշարժ գույքի սեփականատերերի լիազորագրերը՝ որպես մնացյալ գումարը վերադարձնելու երաշխիք: Պայմանագիրը Տ.Պետրոսյանի փոխարեն ստորագրում է ընկերը՝ Ա. Խաչատրյանը: Մեկ այլ պայմանագիր էլ կնքվում է Ալբերտ Սարգսյանի դստեր՝ Արմինե Սարգսյանի անունով՝ Նոր Նորքի երկրորդ զանգվածի «Հին Ֆայտոն» սրճարանը 190 000 դոլարով:

Տիգրան Պետրոսյանը պետք է աշխատեցներ հյուրանոցային համալիրը՝ մինչ պայմանագրով նշված օրը, եւ ամսական 20 000 դոլարի չափով մաս-մաս փակեր գումարը:

Նրանք աշխատեցնում են հյուրանոցը, ոչ միայն գումար չեն տալիս, այլ տուժող ճանաչված Սարգսյանների շարժական գույքը օգտագործում են, չեն վերադարձնում: Այդ շարժական գույքը՝ կահույքը մոտ 200 000 դոլար է գնահատվել: Ավելին, պարզվում է, որ երաշխիք տրված գույքը Պետրոսյանինը չէ, այլ հասցեատեր ունի, Նոր Նորքի Մոլդովական 41/8-ի սեփականության վկայականը կեղծ է, իսկ Շենգավիթ համայնքում առկա է այլ քրեական գործ:

Քննիչի գնահատմամբ, «Ա. Սարգսյանի եւ Տ.Պետրոսյանի միջեւ կնքված առքուվաճառքի պայմանագիրը, փոխառության պայմանագրերը, համաձայնագիր հիմնախնդիրները վերաբերում են մասնավոր իրավունքի ոլորտին, եւ առկա փաստաթղթերը վերաբերում են պարտավորական հարաբերությունների մասին»:

Տեղեկացնենք, որ վերաքննիչ դատարանում Տ.Պետրոսյանն իրեն մասնակի մեղավոր էր ճանաչել՝ փաստաթղթերի կեղծման եւ պատրաստման դրվագով, որը նպատակ էր հետապնդել խարդախությամբ տիրանալ Ա. Սարգսյանի գույքին:

Տուժող Սարգսյանները դիմել էին քաղհայցով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը դատավոր Հովհաննես Մելքոնյանի դեկտեմբերի 11-ի վճռով ամբողջությամբ մերժել է տուժող Սարգսյանների հայցապահանջները:

Հայցն Արմեն Խաչատրյանի եւ Տիգրան Պետրոսյանի դեմ էր, երրորդ անձ ճանաչված անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի: Հայցվոր Սարգսյանները այահանջել էին, որպեսզի անվավեր ճանաչվեն «Եռանկյունի» հանգստյան տան, հյուրանոցային համալիրի առուվաճառքի պայմանագիրը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, պատասխանողներին դատարանը պարտավորեցնի վերադարձնել հայցվորի՝ նրանց չհանձնված գույքը, շարժական գույքը, կամ հատուցել դրա արժեքը՝ ըստ 2016 թվականի ապրիլի 21-ին ներկայացված արժեքների:

Սարգսյանները դատարանից խնդրել էին, որպեսզի ճանաչվի իրենց սեփականության իրավունքը, ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատի ստորաբաժանման կողմից 2002 թվականի դեկտեմբերի 26 -ին կադաստրի կողմից տրված իրավունքների պետական գրանցման վկայականի, շինության, հողամասի նկատմամբ:

Սարգսյանները հայցի ապահովման միջոց կիրառելու համար միջնորդել էին դատարանին, որպեսզի արգելանք դրվի անշարժ գույքի վրա, արգելել, որ այն չօտարվի:

Ի դեպ, դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը, արգելանք էր դրել գույքի վրա…տասնհինգ օր հետո դատարանի որոշմամբ արգելանքը հանվել էր:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ս. Միրզոյանը  միջնորդել էր, որ Տիգրան Պետրոսյանը, քանի որ հայցադիմումի պատասխանով ընդունել է, որ ինքն է ստացել փոխառության պայմանագրով պարտքը, որը կազմել է 497 000 դոլար, այդ չափով արգելանք դնել Տ.Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա:

Դատարանը այս միջնորդությունը բավարարել էր: Ի վերջո, ինչ է ներկայացրել Փարաքար գյուղի հանգստյան, սննդի գոտին, ինչու իրական տուժողների կրած վնասները դեռ չեն հատուցվել: Պարզվեց, որ նշյալ տարածքում կա լողավազան, ավտոտնակ, լվացքատուն, ծածկոց-հարթակ, ջրավազան, ռեստորան, պահեստ, երկհարկանի տնակ, այս ամբողջ գույքը ամուսինները ձեռք են բերել համատեղ, ամուսնության ընթացքում:

Ի դեպ, Արմավիրի առաջին ատյանի դատարանում հայցվոր Սարգսյանները մի հետաքրքիր մանրամասն էլ էին հայտնել. «Երբ Պետրոսյանը խուսափողական վարքագիծ սկսեց դրսեւորել, իրենց հեռախոսազանգերին սկսեց չպատասխանել, ստիպված էինք դիմել օբյեկտի գնորդ Արմեն Խաչատրյանին: Պարզվեց, որ օբյեկտը շահագործողն ամենեւին էլ նա չէ, ոչ գործարք կնքող Արմենը, ոչ Տիգրան Պետրոսյանը, այլ ինչ-որ Նիկոլայ: Այդ Նիկոլայը, փաստորեն, ապօրինաբար սկսել էր շահագործել իրենց գույքը: Ըստ Նիկոլայի հայտարարության, ինքը օբյեկտը գնել է Տիգրանից, եւ վճարել է օբյեկտի ամբողջ արժեքը: Շանթահարված, փորձեցի գտնել Արտակ Գալստյանին, նա էլ խարդախության համար կալանավորված էր»: Խոսքը հուլիսի 9-ի առավոտյան իր բնակարանում ատրճանակով ինքնասպանություն  գործած Նիկոլայ Գաբրիելյանի մասին է՝ «Գազի Կոլիկի»: Նիկոլայ Գաբրիելյանը հայտնի է «Գազի Կոլյա» մականունով: Նա նաեւ «Գազպրոմ Արմենիա»-ին պատկանող «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրենն էր:

«Առավոտին» երեկ Ալբերտ Սարգսյանի դուստրը հայտնեց, որ դիմելու են վերաքննիչ դատարան:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

19.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31