Լրահոս
Օրվա լրահոսը

Կադաստրի աշխատակցի կողմից կատարվել է հանցավոր արարք

Դեկտեմբեր 20,2018 13:30

Փաստաբանը բաց նամակով դիմում է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին

Փաստերը վկայում են այն մասին, որ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունում առկա է գործը «կոծկելու» արատավոր պրակտիկա, որը կանխելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն կա, քանի որ նման արատավոր երեւույթները նսեմացնում են ՀՀ դատախազության դերը եւ նշանակությունը: Փաստերը վկայում են այն մասին, որ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունում փորձ է արվում չբացահայտել Արտենի համայնքի հանրային բնակարանային ֆոնդի բնակարանը եւ համայնքային հողամասը հատկացնելու եւ պետական գրանցում կատարելու վերաբերյալ ապօրինությունները: Կարծում եմ, որ Արագածոտնի մարզի դատախազության այդ փորձերը կապված են կամ իրավական անգրագիտության, կամ էլ կոռուպցիոն դրսեւորումների հետ, քանի որ այլ կերպ չի կարող գնահատվել Արագածոտնի մարզի դատախազության դատախազի գործողությունները, երբ համառորեն գնահատականներ չեն տրվում համայնքի ղեկավարի եւ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակցի առերեւույթ հանցագործությունների հատկանիշներ պարունակող արարքներին, ավելին՝ փորձ է արվում խեղաթյուրել գործի նյութերից բխող իրական փաստերը: Արտենի համայնքի բնակիչ Դավիթ Ասատրյանը Արագածոտնի մարզի դատախազություն ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ եւ նյութերի նախապատրաստման ընթացքում վարույթն իրականացնող մարմնին տեղեկություններ է հայտնել առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հետեւյալ դեպքերի մասին.
1. Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Մ. Բաղրամյան փողոցի թիվ 16 բազմաբնակարան շենքի 1 բնակարանի թիվ 1371287 սեփականության վկայականում որպես պետական գրանցման հիմք նշված սեփականաշնորհման հանձնաժողովի 29.08.1997թ. թիվ 40 որոշում գոյություն չունի, այդ պետական գրանցումը ապօրինի է: Մինչդեռ Արագածոտնի մարզի դատախազությունը, փորձելով խեղաթյուրել փաստերը, Դավիթ Ասատրյանի բողոքը մերժելու մասին որոշման մեջ նշել է, որ բնակարանը ոչ թե սեփականաշնորհվել է սեփականաշնորհման հանձնաժողովի որոշմամբ (ինչպես նշված է սեփականության վկայականում), այլ այն սեփականաշնորհվել է մարզպետի 29.08.1997թ. թիվ 40 որոշմամբ, այն դեպքում, երբ մարզպետի այդ որոշումը չի վերաբերում նշված բնակարանին, բացի այդ էլ, մարզպետի որոշմամբ այդ բնակարանը չէր կարող սեփականաշնորհվել, քանի որ համայնքային բնակարանային ֆոնդի բնակարանները, համաձայն Հայաստանի Հանրապետության պետական, հանրային եւ համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 16.12.2006թ.) 11-րդ հոդվածի՝ բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով՝ համայնքների ղեկավարների, իսկ Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետի կողմից՝ իրենց իրավասության սահմաններում:

2. Արագածոտնի մարզի Արտենի գյուղի Մ. Բաղրամյան փողոցի թիվ 16 բազմաբնակարան շենքի 1 բնակարանի պետական գրանցման համար սեփականության վկայականում որպես հիմք նշված սեփականաշնորհման հանձնաժողովի 29.08.1997թ. թիվ 40 որոշումը կադաստրային գործի նյութերից անհետացել է, սակայն դատախազը կադաստրային գործի նյութերից այդ որոշման անհետանալու հանգամանքները պարզելու եւ այդ արարքին համապատասխան գնահատական տալու որեւէ միջոց չի ձեռնարկել, իսկ թե ինչու է նման անգործություն դրսեւորում դատախազը, կարելի է միայն ենթադրել, որ այն պայմանավորված է կամ իրավական անգրագիտությամբ, կամ էլ կոռուպցիոն դրսեւորումներով:

3. Բնակարանի սեփականաշնորհմանը վերաբերող կանոնակարգումների համաձայն, չի կարող երկու բնակարան միաժամանակ սեփականաշնորհվել մեկ անձի, իսկ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արտենի համայնքի ղեկավարը կամ այլ պաշտոնատար անձինք, այնուամենայնիվ, օրենքի այդ արգելքը շրջանցելու համար անօրինական կարգով երկու բնակարանները համարել են որպես մեկ բնակարան եւ այդ երկու բնակարանների նկատմամբ գրանցել են Երվանդ Ասատրյանի եւ նրա ընտանիքի անդամների սեփականության իրավունքը: Հարգելի դատախազ, եթե նույնիսկ մեկ անձը տիրապետում է երկու բնակարան, ապա միեւնույն է՝ նա չի կարող օրենքի իմաստով համարվել միաժամանակ երկու բնակարանի վարձակալ, հետեւաբար եւ չի կարող երկու բնակարան միաժամանակ մեկ անձի սեփականաշնորհվել: Այսինքն՝ փաստերը վկայում են այն մասին, որ Արտենի համայնքի ղեկավարի կամ պետական գրանցում կատարած կադաստրի աշխատակցի կողմից կատարվել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով: Սակայն Արագածոտնի մարզի դատախազության դատախազը համառորեն չի ցանկանում գնահատական տալ վերը նշված պաշտոնատար անձանց կողմից կատարված առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներին:

4. Բացի այդ, Արտենի գյուղի Մ. Բաղրամյան փողոցի թիվ 16 շենքի 1 հասցեի բնակարանի պետական գրանցման համար կադաստրի տարածքային բաժին է ներկայացվել Արտենի համայնքի թիվ 3 տնտեսական գրքից 19.04.2007թ. տրված քաղվածքը, որի համաձայն՝ Երվանդ Կորյունի Ասատրյանի անվամբ գրանցված է 0.07հա հողամաս, մինչդեռ կադաստրի Թալինի տարածքային բաժնի կողմից Երվանդ Կորյունի Ասատրյանի եւ նրա ընտանիքի անդամների անվամբ պետական գրանցում է կատարվել 0.06 հեկտարով ավելի՝ 0.13 հա հողամաս: Այսինքն՝ վերոհիշյալ քաղվածքում հողամասի չափը համայնքի ղեկավարը նշել է 0.07 հա, սակայն կադաստրի աշխատակցի կողմից առանց որեւէ հիմքի ապօրինաբար պետական գրանցում է կատարել 0.13 հա հողամասի նկամամբ: Նշեմ նաեւ, որ Արտենի համայնքում սեփականաշնորհման գործընթացն ավարտվել է դեռեւս 1991թ.-ին եւ դրանից հետո սեփականաշնորհման հիմքով քաղաքացիներին հողամաս չէր կարող հատկացվել, քանի որ 1991թ.-ից հետո ՀՀ հողային օրենսգրքի համաձայն՝ քաղաքացիներին հողամասեր կարող է հատկացվել ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված այլ եղանակներով, այսինքն՝ փաստերը վկայում են այն մասին, որ հողամասի նկատմամբ պետական գրանցում կատարած կադաստրի աշխատակցի կողմից կատարվել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով: Մինչդեռ այդ մասով եւս Արագածոտնի մարզի դատախազության դատախազը համառորեն չի ցանկանում գնահատական տալ վերը նշված պաշտոնատար անձանց կողմից կատարված առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներին:

ՂԵՎՈՆԴ ՊԱՊՈՅԱՆ
փաստաբան

«Առավոտ» օրաթերթ

19.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31