Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուդուկը սոսկ նվագարան չէ, դուդուկը հոգի է ու զգացմունք…»

Դեկտեմբեր 20,2018 12:00

Դուդուկը համարվում է ամենահին փողային երաժշտական գործիքներից մեկը: Ըստ որոշ պատմական աղբյուրների` դուդուկն առաջին անգամ հիշատակվում է ուրարտական թագավորության հուշարձաններում, այսինքն` այն ունի մոտ երեք հազար տարվա պատմություն:

Հայկական ծագում ունեցող այս նվագարանը տարածված է աշխարհով մեկ: Այսօր դուդուկը լայն պահանջարկ ունեցող գործիք է դարձել համաշխարհային կինոյում: Դուդուկի մեջ հայի հոգին է երգում: Նրա մեղեդին կախարդում է ցանկացած ազգի ներկայացուցչի:

Դուդուկը հայկական երաժշտական այն հազվագյուտ հին գործիքներից է, որը հասել է մինչեւ մեր օրերը շնորհիվ նաեւ այն երախտավորների, ովքեր կենդանություն ու շունչ են տալիս հայկականության խորհրդանիշը համարվող այս նվագարանին:

«Նարեկացի» արվեստի միության լեփ-լեցուն դահլիճում կայացավ Եղվարդի դուդուկի դասարանի, «Նովա» ժող. գործիքների անսամբլի սան, դուդուկահար Անդրանիկ Գասպարյանի մենահամերգը՝ հայ ժողովրդական, աշուղական, հոգեւոր երաժշտության գոհարների՝ դուդուկի յուրահատուկ հուզականություն արտահայտող հնչողությամբ:

Ինչպես ասել է Արամ Խաչատրյանը՝ դուդուկը սոսկ նվագարան չէ, դուդուկը հոգի է ու զգացմունք… Դուդուկը մարդկային տրամադրությունների հավաքական մի սիմֆոնիա է…

5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացին այս գործիքը համարում է ծիրանենուց պատրաստված գլանակ: Դուդուկի ավանդական անվանումը ծիրանափող է: Այն պատրաստվում է ծիրանի ծառի փայտից, փողի երկարությունը լինում է 28, 33 կամ 40 սմ։ Նվագելու համար վերեւի կողմում ունի յոթ կամ ութ անցք, հակառակ կողմում, բութ մատի համար՝ մեկ կամ երկու։ Եղեգից պատրաստված կրկնակի լեզվակն ունի 9-14 սմ երկարություն։ Դուդուկը դարերի ընթացքում ձեւափոխվել է, փոփոխության է ենթարկվել հումքը եւ հնչողությունը:

Երեկոյի ընթացքում ներկայացվեց հայ ազգային երաժշտության բացառիկ ծրագիր՝ ընդգրկմամբ նաեւ Կոմիտասի ստեղծագործությունների, որոնք ասես լավագույնս բացահայտում են հայ հոգեւոր երգերի կատարողական առանձնահատկությունների ազգային խորքերը՝ արտացոլելով յուրովի պատմությունը հայ մարդու ուրախության, վշտի, ցավի ու սիրո:

Միջոցառմանը ելույթ ունեցան Տիգրան Գալստյանը (թառ), Մարզպետ Փոթոյանը (ուդ), Մհեր Փոթոյանը (քամանչա), Ավետիս Քեոսեյանը (դհոլ), «Նովա» ժող. գործիքների անսամբլը (գեղ. ղեկավար՝ Հ. Սահակյան): Նվագակցեց դաշնակահարուհի Նունե Մխիթարյանը:

Մեր ազգային երաժշտությունը ճշգրիտ արտացոլանքն է մեր հույզերի, մեր պատմության: Հայ ժողովրդի դարավոր երաժշտական մշակույթը մեր օրերում անաղարտ ներկայացնող 14-ամյա այս պատանու եւ «Նովա» ժողգործիքների անսամբլի (գեղ. ղեկավար՝ Հ. Սահակյան) համերգներին ու հյուրախաղերին մեծ սիրով են սպասում ինչպես մայրաքաղաքում, մարզերում, այնպես էլ աշխարհասփյուռ հայկական գաղթօջախներում:

Ի դեպ, 2005թ. հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց:

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

19.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31