Արարատ Միրզոյանը «Իմ քայլը» խմբակցության առաջին նիստի ավարտից հետո լրատվամիջոցների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իրեն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու որոշումը չի կայացվել այն պատճառով, որ 1-ին փոխվարչապետի պաշտոնը կրճատվելու է: Նա ասաց, որ ինքն է ցանկացել գործադիրից տեղափոխվել օրենսդիր մարմին:
«Գիտակցումը կա, որ շատ ծանր աշխատանք է սպասվում, բայց, կներեք, 1-ին փոխվարչապետի աշխատանքն էլ ամենեւին թեթեւներից չէր», -ասաց նա:
Հարցին, թե ամենայն հավանականությամբ ղեկավարելու է այնպիսի խորհրդարան, որտեղ ըստ արդեն հնչող գնահատականների, չկան ընդդիմադիրների: Կա իշխանություն եւ երկու ուժեր, որոնք կաշկանդված են քննադատելու, արմատական լինելու: Ի՞նչ կասի այն մասին, որ իրենց թիմակիցներից կարծիքներ հնչեցին, թե այդ ընդդիմությունը ծնվել հենց «Իմ քայլը» դաշինքից:
«Համաձայն չեմ դիտարկման հետ, թե ընդդիմություն չկա: Համաձայն չեմ, որ ընդդիմություն կա դե յուրե, բայց չգիտես ինչի, կաշկանդված է լինելու քննադատել կառավարությանը: Եվ համաձայն չեմ այն դիտարկման հետ, թե ընդդիմություն ծնվելու է իմ քայլը» դաշինքից: Եթե այդ մտքի տակ նկատի է առնվում, թե «Իմ քայլը» դաշինքում դիրքորոշումները ամենեւին էլ ուղղահայաց կերպով չեն հրահանգվելու, այլ լինելու են ներքին մեծ քննարկումներ, այո լինելու են եւ որոշումները կայացվելու են քննարկումների արդյունքում», ասաց Արարատ Միրզոյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ