Լրահոս
Օրվա լրահոսը

Վիեննայի Մխիթարյաններն աշխարհին հայտնի են նաև 43 խոտաբույսերից պատրաստած անմահական լիկյորով (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 19,2018 23:30

Վիեննայի Մխիթար Միաբանությունը, որն աշխարհին հայտնի է իր եզակի ձեռագրերով ու թանգարանով․ այստեղ  է գտնվում հայկական հին դրամների ամենամեծ հավաքածուն, Պողոս Նուբար փաշայի կողմից նվիրած մի երգչուհու 4000 տարվա մումիան, Հայոց Ցեղասպանության ժամանակ սպանված երեխայի զմռսված մարմինը, Բալյան ընտանիքի կողմից պատրաստած հաճխապակյա եզակի սպասքը, հայկական տարբեր տարազներն ու գորգերը, Կոմիտասի մահադեմքը, 3000 հազար հայերեն ձեռագրեր ու 80 հազար հայկական թերթեր, այցելուներին զարմացնում է  նաև իր արտադրած անմահական լիկյորով։

Վիեննայի Մխիթարյան միաբանություն կատարած մեր այցի ժամանակ ականատես եղանք, թե ինչպես հայկական ձեռագրերով ու մշակույթով հետաքրքրված օտարերկրյա այցելուները՝ ապշահար իրենց մատուցվող թեմաներից, մեկ անգամ ևս անակնկալի եկան՝ ըմպելով միաբանության կողմից արտադրվող բուժիչ լիկյորը։

Մխիթարյան միաբան Հայր Վահան վրդ․ Հովակիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այն հին պատմություն ունի։

«Պատրաստված է խոտաբույսերով, որոնք տարիներով պետք է մնան  կավե կուժերի մեջ, 2000-3000 լիտրով մնում են։ Ալկոհոլի մեջ մնալով՝ համը, հոտը վերցնում է, խառնվում պտուղների հետ։ Հիմնականում երեք տեսակ կա, մեկը դառն է,  ստամոքսի, ճնշման համար է օգտագործվում,  այլ հիվանդությունների դեմ։ Հիմնականում երեք տեսակի են, բայց հայերը, լինելով լավ վաճառականներ, փոխել են, դարձրել վեց տեսակի։ Ավելի քան 40-43 տեսակի խոտաբույսեր կան, բաղադրությունը միայն սարքող վարդապետերը գիտեն, գաղտնիք է նույնիսկ վանքում, մենք էլ չգիտենք։  Մեկը մյուսին ավանդաբար ժառանգություն են թողնում, բացատրում։

Այն 1920 թվականին միջազգային շուկայում ոսկե մեդալ է շահել, կոչվում է «Մխիթարյան»։ Հին ժամանակ՝ 1680 թվականին մեր Մխիթար աբբահայրը ձեռագրերից է սարքել ըմպելիքը, որտեղ չամիչ կար, անունը «Ռոզալի» է դրել, բայց հետո փոխվել է՝ կատարելագործվելով, վարդապետերն ավելացրել են խոտաբույսերի տեսակներ։ Հիմա «Մխիթարյան» կամ «Մխիթարինե», այսպես երկարացնելով է անունը»,-ասաց մեր զրուցակիցը։

Նա ասաց, որ լիկյորը, թեև բժշկական ստուգում չի անցել, սակայն լայն կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ, եթե մեկի մոտ ստամոքսի ցավեր են սկսվել, իրենք բազմիցս ականատես են եղել, թե ինչպես  դառը տեսակի մի փոքր բաժակը բուժել, հանգստացրել է։

Aravot.am-ը Հայր Վահան վրդ․ Հովակիմյանից հետաքրքրվեց թե  շա՞տ են  Մխիթարյան միաբանություն այցելողները։ Մեր զրուցակիցն ասաց, որ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում օրական ամենաքիչը 50-100 հոգի են այցելում, այնտեղ շատ զբոսաշրջիկներ կան, իսկ Վիեննայում ավելի քիչ են։

«Շատերը չգիտեն մեր մասին, նրանք, որոնք գիտեն, մշակույթով զբաղվող մարդիկ են։ Սպասենք, որ թիվը կավելանա, որովհետև ազգապահպանման համար կարևոր է, երկրորդը՝ մեր մշակույթին ծանոթացնելու համար։ Գալիս են աշխարհի ամեն կողմից, մեծ մասը, որ չէին կարողանում Հայաստան գնալ, դժվար էր, հրավեր էր պետք և այլն, գալիս էին Վիեննա՝ մեզ մոտ ու ասում՝ այնպես ենք զգում, կարծես Հայաստան ենք գնացել։ Հիմա, որ վիճակը լավ է, թե՛ այստեղ են գալիս, թե՛ Հայաստան են գնում։ Հետաքրքիրն այն է, որ նրանք, որոնք Հայաստան են գնալու, ասում են՝ գանք , ծանոթանանք վանքին, նրանք էլ, որոնք Հայաստանում են եղել, ասում են՝ վայ, մենք Վիեննայում ենք ապրում, բայց Վիեննայի վանքը չենք տեսել, Հայաստան գնացինք, շատ հավանեցինք, բայց ուզում ենք նաև այստեղի մշակույթը տեսնել»։

Այն այցելուներին, որոնք հայերի մասին շատ քիչ տեղեկություններ ունեն, Մխիթարյան միաբանությունում անգլերենով կամ գերմաներենով 10 րոպեանոց պատմական տեսաֆիլմ են ցուցադրում։ Հետո ուղեկցում են 1874 թվականին կառուցված եկեղեցին, այնուհետ ցույց են տալիս ճաշարանը, որը նույնպես շատ կարևոր է հայկական մշակույթի մասին պատկերացում կազմելու տեսանկյունից, ցուցադրում են  գրադարանը, թանգարանը՝ եկեղեցական, ազգագրական բաժիններով, ուղեկցում պատկերասրահ, որտեղ գտնվում են Գրիգոր Խանջյանի, Օնիկ Ավետիսյանի, Այվազովսկու գործերը։

Այցելուներին առանձնակի հետաքրքրում է հայկական դրամների հավաքածուն։

Հայր Վահան վրդ․ Հովակիմյանի ներկայացմամբ, այստեղ ամենահին մետաղյա դրամները Քրիստոսի ծննդից մոտ երեք հարյուր տարի առաջվա են, պատկանում են Տիգրան Առաջինի ժամանակաշրջանին, կա նաև Տիգրան Մեծի ժամանակաշրջանի դրամներ, որոնք օգտագործվել են Ծովից Ծով Հայաստանում։ Մինչև Հեթում թագավորի ժամանակաշրջանի մետաղադրամները պահպանված են իրենց մոտ, դրանից հետո սկսվում է թղթադրամների պատմությունը։

Մեր զրուցակիցը մի շատ հետաքրքիր պատմություն ներկայացրեց հայկական դրամների մասին։ Հին ժամանակ եղել են Ս․ և Բ տառերով դրամներ, շատերը չեմ իմացել՝ ինչ է նշանակում։  Այն կրճատված տարբերակն է եղել «Սուրբ» դրամի, որը տվել են միայն աղքատներին։ Նրանք այդ դրամով կարողացել են մոմ գնել կամ ուտեստեղեն, եթե փորձեին ալկոհոլ գնել, նրանց կտրականապես կմերժեին՝ ասելով․ «Սա Սուրբ դրամ է, եկել ես ուրիշ բան վերցնելո՞ւ»։

Վիեննայի Մխիթարյան միաբանության թանգարանում ու գրադարանում գտնվող նմուշների մասին՝ տեսանյութերում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31