Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության առաջին նիստը, որից հետո Ալեն Սիմոնյանը լրատվամիջոցներին որոշ մանրամասներ փոխանցեց: Մասնավորապես, 7-րդ գումարման ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը լինելու է մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը, քարտուղար՝ Հակոբ Սիմիդյանը: ԱԺ խոսնակի թեկնածու առաջադրվելու է Արարատ Միրզոյանի, փոխխոսնակների՝ Լենա Նազարյանի եւ Ալեն Սիմոնյանի թեկնածությունները:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ քննարկվել են նաեւ հանձնաժողովի նախագահների թեկնածությունները, սակայն կոնկրետ անուններ չնշեց, որովհետեւ այս պահին հստակ չի հիշում: Նա հայտարարեց նաեւ, որ սահմանադրությունը թույլ է տալիս ԱԺ-ում ունենալ մինչեւ 12 հանձնաժողով, սակայն իրենք համարում են, որ 10 հանձնաժողովը ամենաօպտիմալ թիվն է, որպեսզի ԱԺ-ում հարցերը քննարկվեն եւ օրենսդրական լուծումներ ստանան:
Հարցին, թե հստակ որոշում կա՞, թե ովքեր են գնում խորհրդարան եւ ովքեր՝ գործադիր մարմին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ գործադիրի հարցը դեռ որոշված չէ, սակայն ակնհայտ է մի բան, որ իր հնչեցրած անունները արդեն իսկ չեն լինի գործադիրում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ