«Պարոն Լուկաշենկոն հայտարարում է՝ ես այսպես ասացի, այնպես ասացի, բայց չի ասում, թե ես ինչ ասացի… Երբ այդ խոսակցության մասին ինձնից մանրամասներ են խնդրել պատմել, ես ասել եմ, որ չեմ կարող ասել, կոռեկտ չեմ համարում դռնփակ նիստի մանրամասները ներկայացնել, բայց նաեւ ասել եմ, որ ես բավարարված եմ այդ խոսակցությունից:
Ես հիմա էլ եմ ասում, որ բավարարված եմ այդ խոսակցությունից եւ իմ կողմից այդ խոսակցությունը շարունակելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Հնարավոր է՝ լինեն մարդիկ, որոնք բավարարված չեն այդ խոսակցությունից եւ դրա համար դեռ պետք է երկար դրա մասին խոսել»,- այսօր Դիլիջանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարություններին՝ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Լուկաշենկոյի քննադատությանը, թե Փաշինյանը համարձակություն չունի քննադատել ՌԴ նախագահ Պուտինին՝ Ադրբեջանին ամենաշատ զենք վաճառելու համար՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես հավաստիացնում եմ, որ պարոն Լուկաշենկոյի կողմից բարձրացված բոլոր հարցերին տեղում տրվել են շատ կոնկրետ ու սպառիչ պատասխաններ: Ես տպավորություն ունեի, որ պարոն Լուկաշենկոն բավարարված է իմ պատասխաններով, հետո ինչ է տեղի ունեցել, ես չգիտեմ»:
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն օրեր առաջ Փաշինյանին մեղադրել էր Պուտինին քննադատելու համարձակություն չունենալու մեջ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ