Ավելի քան 3 ամիս առաջ ԱԱԾ-ն Yerevan.today կայքի խմբագրությունում խուզարկություն կատարեց ու առգրավեց լրատվամիջոցի խմբագրի համակարգիչն ու 3 այլ համակարգիչների կոշտ սկավառակները:
Խուզարկությունը կապված էր ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսման հետ:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայտնի է,որ իրեն ռոումինգի գոտում են գաղտնալսել, նա նույնիսկ նշեց, որ գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է, լայն ճանաչում ունի, այսինքն, շրջանակը հայտնի է:
Հետեւաբար Aravot.am-ը Yerevan.today կայքի խմբագիր Սեւակ Հակոբյանին հարցրեց՝ հաշվի առնելով Վանեցյանի խոսքերը, ձեր համակարգիչները վերադարձրե՞լ են, որովհետեւ եթե գիտեն գաղտնալսողին, թվում է, որ այլեւս իմաստ չունի դրանք պահելը: Նա պատասխանեց. «Մինչեւ հիմա չեն վերադարձրել: Ես սովորաբար ամիսը մեկ իրենց հիշեցնում եմ, որ մեր համակարգիչները իրենց մոտ են, բայց արձագանք չկա բոլորովին, քար լռություն է, ոնց որ պատի հետ խոսես: Չեն վերադարձնում»:
Ինչ վերաբերում է Վանեցյանի խոսքերին՝ Սեւակ Հակոբյանն ասաց. «Իմ գնահատականով, Վանեցյանը պարզապես սուտ է ասել: Մի դեպքում ինքը ասում է, որ գրեթե պարզ են շրջանակները, անգամ շարժառիթն է հայտնի, որ իմ հրաժարականի համար է, մեկ այլ դեպքում էլ ինքը էլի նույն թեմայի շուրջ խոսում է, ասում է՝ նրանք հետք են թողել ու հնարավոր չի հիմա պարզել, թե ովքեր են: Ես կարծում եմ, երկու դեպքում էլ Վանեցյանի լեզուն ուղեղից առաջ է ընկել ու այդպիսի բաներ է ասել: Մի անգամ, երբ ես հարցը բարձրացրեցի Փաշինյանի մոտ, պարզվում է՝ սկի Փաշինյանն էլ տեղյակ չի Վանեցյանի ասածներից: Խաղեր են, չգիտեմ ինչ են ուզում անեն»:
Մենք հետաքրքրվեցինք՝ հիշո՞ւմ եք երբ տարան համակարգիչները, ինչքա՞ն ժամանակ է, որ ԱԱԾ-ում են ձեր համակարգիչները՝ Սեւակ Հակոբյանը պատասխանեց. «Իհարկե, ես այդ սեւ օրը հիշում եմ, որովհետեւ այդ օրը տպավորվել է՝ որպես իրենց՝ բացարձակ ոչ պրոֆեսիոնալ դրսեւորման փորձ, դա սեպտեմբերի 17-ն էր, այսինքն, ուղիղ 3 ամիս, 2 օր է, որ տարել են:
Մենք ոչ միայն հիշում ենք Վանեցյանին, նաեւ հիշում ենք Քննչական կոմիտեին, որը հայտարարություն տարածեց հոկտեմբերին, որ մենք այնպիսի տեխնիկա ենք ձեռք բերել, որոնցով կարող ենք համակարգիչներն առանց առգրավելու դրա մեջի ինֆորմացիան քաշեն: Բայց մեր համակարգիչները դրանից հետո էլ, չգիտես ինչու, չեն վերադարձրել»:
Կայքի խմբագիրը պնդում է, որ իրենց աշխատանքը առանց մոնտաժային համակարգչի, որն առգրավել են, շատ է տուժում, օրինակ, այսօր ժամը 12-ի ասուլիսը չեն թողարկել, չնայած ժամը 19-ն է արդեն. «Մոնտաժային համակարգիչը թանկարժեք է, մենք դրա փոխարեն չենք լրացրել դեռ ու մեր նյութերը տուժում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ