Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ մասնագետներին պետական համակարգում աշխատելու իր հրավերի մասին

Դեկտեմբեր 19,2018 19:30

Այսօր Դիլիջանում «Ներուժ» ծրագրի բացման ժամանակ մասնակիցներից մեկը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ պետական ոլորտում մասնագետներին աշխատանքի ընդունելի մասին, եւ հիշեցրեց, որ Փաշինյանն էր հայտարարել, որ ցանկացողները կարող են ուղարկել իրենց մոտիվացիոն նամակն ու CV-ն: Սակայն, ինչպես ասաց հարց հնչեցնող երիտասարդը, որը արտերկրից Հայաստան է վերադարձել, ցանկանում է աշխատել, նամակներին պետական համակարգից չեն արձագանքում:

Փաշինյանը նոյեմբերի 17-ին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր. «Վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ հետեւյալն է. մարդիկ բողոքում են, որ լինելով բարձր մասնագետ, բարձր կազմակերպիչ՝ հաճախ ի վիճակի չեն լինում հասնել երկրի վարչապետին եւ իրենց ծառայությունն առաջարկելու՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:

Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր համոզված են, որ արժանի են տեղ գտնել պետական կառավարման տարբեր ոլորտներում եւ ունեն իրենց մասնագիտացման կամ հետաքրքրության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ծրագիր եւ ընդունակություն, ահա այս մարդկանց հորդորում եմ իրենց CV-ն եւ մոտիվացիոն նամակը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Այն մարդիկ, ովքեր համոզիչ կերպով կներկայանան իրենց CV-ով եւ մոտիվացիոն նամակով, կհրավիրվեն հարցազրույցի՝ իմ կողմից ստեղծված համապատասխան խորհրդատվական խմբի հետ»:

Փաշինյանն ի պատասխան հարցի, ասաց՝ հենց սկզբից էլ զգուշացրել ենք՝ ոչ բոլոր դիմողներն են հրավիրվելու. «Որովհետեւ շատ դեպքերում դիմողի մոտիվացիոն նամակից ու CV-ից կարելի է եզրակացություն կազմել»:

Ապա` Փաշինյանն ասաց, որ նամակներն ու դիմումները շատ-շատ են, եւ համակարգը, որը սովոր էր օրական 10 նամակի պատասխանել, հիմա ստիպված է, ասենք՝ 100-ին պատասխանել, ինչի պատճառով խնդիրներ են առաջանում:

«Բայց մի բան ասեմ՝ հաջողության բանալին ո՞րն է՝ երբ մարդն իր մեջ ուժ է գտնում ու իրեն մղում գործողություններ, որովհետեւ դիմումը գրեց, ուղարկեց, կարդացին՝ չհետաքրքրեց: Հաջորդ քայլը՝ պետք է նստել ու տարիներով սպասե՞լ, որ ինչ-որ մեկը կարձագանքի դիմումին: Եթե համոզված եք, որ դուք այդ ներուժն ունենք, ապա համոզված եմ, դուք այդ ճանապարհը կգտնեք: Եթե ձեզ չեն լսում, պետք է գտնեք ձեւը, որ ձեզ լսեն: Ինքը՝ դիմողը պետք է կարողանա իր խնդիրը լուծել, ոչ թե այն մարդը, որ սենյակում ձեր նամակն է կարդում: Եթե մտածեք՝ ինչ անարդար է, որ չեն արձագանքում, մի՛ հուսահատվեք: Եթե ճիշտ եք՝ դուք նպատակին կհասնեք: Դուխով, չհուսահատվեք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31