«Ռազմավարության մեջ հստակ ընդգծված չէ կարեւորագույն մի բան՝ պատժի անխուսափելիությունը, որին սպասում է հասարակությունը: Սա արդեն 4-րդ ռազմավարությունն է, բայց այդպես էլ չիմացանք, թե կոռուպցիայի դեմ այդ չորս ռազմավարությունը պայքարում էր՝ ինչո՞ւ էր ծաղկում ու բարգավաճում կոռուպցիան»,-Aravot.am-ի հետ զրույցում 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության փաստաթղթի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը:
Պարոն Արիստակեսյանի խոսքով, փոքր ու միջին «ձկներից» խոշոր «ձկների» գլխից այդպես էլ ոչ ոք չբռնեց ու չպատժեց:
Մովսես Արիստակեսյանը գտնում է, որ այդ սկզբունքը պետք է ամրագրել ռազմավարությունում, որպես ուղենիշ, որպեսզի դաս լինի եւ այդպիսի քայլեր այլեւս չկատարվեն:
Այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի նախաձեռնությամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկվեց 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության փաստաթուղթը:
Պարոն Արիստակեսյանը կարծում է, որ մի փաստաթուղթ էլ պետք է մշակվի եւ ներդրվի դատական համակարգի համար, որով պատասխանատվության կենթարկվեն իրենց որոշումներով պետությանը ֆինանսական վնաս հասցրած դատավորներին:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը հույս հայտնեց, որ այս փաստաթուղթը տարբերվելու է նախորդներից եւ վարչապետին խնդրել են դրա ընդունումը հետաձգել 2 ամսով, որպեսզի մասնագիտական շրջանակների հետ պատշաճ քննարկում անցնի.«Մենք ունեցել ենք շատ փաստաթղթեր, որոնք փոփոխություն չեն բերել մարդկանց կյանքում»:
«Կոռուպցիան միայն կաշառք տալը ու վերցնելը չէ: Քաղաքացիներին պետք է կրթենք»,-ասաց միջոցառմանը ներկա Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նրա խոսքով, նախկինում միջազգային կազմակերպությունները հաճախ շեշտել են, որ հասարակությունը հանդուրժող է կոռուպցիայի հանդեպ, մասնակցային չէ այդ խնդիրների քննարկումներին: Սակայն այսօր հասարակությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում:
Բնապահպանության փորձագետ Գոհար Ղազինյանը հիշեցնելով բնապահպանության ոլորտում վերջերս բացահայտված ամենամեծ կոռուպցիաներից մեկը՝ գործարար Սիլվա Համբարձումյանի եւ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի կաշառքի գործը, հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է այդքան բարձր փորձաքննություն ստանալու գինը.«Միգուցե այստեղ ավելի թաքնված,խորքայի՞ն հարց կա: Գուցե, խոսքը հենց փաստաթուղթ ստանալու մասին չէ, այլ՝ թղթի բովանդակության մասի՞ն է, որը չի համապատասխանում ոչ մի միջազգային նորմերի: Այսինքն՝ ուզում եմ ասել, որ շրջակա միջավայրի փորձաքննություն Հայաստանի Հանրապետությունում չի կատարվում»:
Ի պատասխան, Սուրեն Քրմոյանն ասաց, որ բնապահպանության ոլորտի թափանցիկությանը վերաբերող առանձին ծրագիր է իրականացվում:
Փորձաքննությունների վերաբերյալ, պարոն Քրմոյանի արձագանքը՝ տեսանյութում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ