Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում «Ներուժ» ծրագրի բացման ժամանակ անդրադարձավ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրություններին մասնակցությանը: Ծրագրի մասնակիցներից մեկը, որը 10 տարի է Կանադայում է բնակվում՝ հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է այս կառավարությունը հնարավորություն ստեղծի, որպեսզի ՀՀ քաղաքացիները արտերկրում կարողանան քվեարկել:
Փաշինյանն այս առնչությամբ վստահեցրեց՝ ներկայումս գործող համակարգը պետք շարունակվի. «Որովհետեւ, օրինակ՝ եթե մենք ուզում ենք Ռուսաստանում ապրող մեր բոլոր քաղաքացիներին տալ ընտրելու նույնպիսի իրական հնարավորություն, մենք պետք է առաջնորդվենք ՀՀ ընտրական օրենսգրքով եւ այդ օրենսգրքի տրամաբանությամբ: Դա նշանակում է՝ ամեն 2000 ընտրողի համար պետք է ունենանք մեկ ընտրական տեղամաս: Ու եթե այդպես անենք, կպարզվի՝ ՀՀ-ից դուրս ավելի շատ ընտրական տեղամասեր կան, քան Հայաստանում: Հետեւաբար, մենք ունենք խնդիր, որ այդ բոլոր ընտրատեղամասերում թեկնածուները, կուսակցություններն ունենան վստահված անձինք: Բայց կարողանալո՞ւ են ունենալ: Այս առումով կան խնդիրներ: Եթե մենք խոսում ենք այն մասին, որ մենք տեղերում բացում ենք քվեարկության սրահներ, օրինակ՝ հյուպատոսարաններում, այս դեպքում էլ Ռուսաստանն ավելի ցայտուն պատկերը ցույց է տալիս»:
Փաշինյանն ասաց, որ տեխնիկապես նման բան անել հնարավոր չէ, քանի որ, ասենք Չելյաբինսկում, կամ Տյումենում հյուպատոսարան չունենք, եւ ՀՀ քաղաքացին ստիպված պետք է Տյումենից մեկնի Մոսկվա կամ Սանկտ-Պետերբուրգի հյուպատոսարան՝ քվեարկելու. «Եթե պիտի գնա հասնի այնտեղ, թող գա Հայաստանում քվեարկի: Քաղաքական իմաստով էլ չեմ կարծում, թե՝ ճիշտ է, որ ընտրությունների ընթացքում մեր երկրի տարածքից դուրս ավելի շատ ընտրական տեղամասեր ունենանք, քան մեր երկրի տարածքում: Դա նշանակում է՝ մենք միասնական ընտրական օրենսգրքով չենք կարողանալու ընտրություն անցկացնել: Հարց է ծագում՝ ո՞ր երկրի օրենսգիրքն է գործելու»:
Փաշինյանն ասաց, որ այլ հարց է եթե տեղեկատվական տեխնոլոգիաներն այնպես զարգանան, որ հնարավոր լինի առցանց քվեարկություն կատարել: Սակայն, դա էլ խնդրահարույց է: Փաշինյանը հիշեցրեց՝ 2015-ի ՀՀ կառավարությունը Հայաստան փորձագետների էին հրավիրել, որպեսզի դիտարկեին առցանց քվեարկությունը. «Բայց միջազգային փորձագետները խորհուրդ չէին տվել Հայաստանում նման համակարգ ներդնել, քանի դեռ երկրում ընտրական համակարգի նկատմամբ 100 տոկոսանոց վստահություն չկա:
Որովհետեւ, եթե հիմա որեւէ ընտրատեղամասում անվստահություն կա, կարող են գնալ պարկերը բացել, քվեաթերթիկները նորից հաշվել: Օնլայնի պարագայում բարդ է, դրանք տեխնոլոգիական հարցեր են: Լավագույն տարբերակը՝ ՀՀ քաղաքացիները լինեն Հայաստանում եւ այստեղ ընտրություն անեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Փաշինեանը խօսում է հարցի տեխնիկական կողմից, բայց չի կարեւորում գաղափարական մասը։ Բերեմ իմ օրինակը. 10 տարուց աւելի Հայաստանում չեմ ապրում։ Ես ի՞՜նչ բարոյական իրաւունք ունեմ դրսից քուէարկելով հայաստանցիների ճակատագիրը որոշեմ։ Ուրիշ բան, որ գան Հայաստան ու Հայաստանում քուէարկեն։ Դա գոնէ ինչ որ առումով հասկանալի կը լինի։ Միով բանիւ, դրսում ապրողը չպէտք է քուէարկի։