Այսօր Դիլիջանում «Ներուժ» ծրագրի բացման ժամանակ ԱՄՆ-ից մասնակիցներից մեկը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է անում Հայաստանը, որ դառնա «սթարթափ» ազգ, եւ իրենց ծրագրերը ֆինանսավորում գտնեն: Երիտասարդը Իսրայելի օրինակը բերեց, նկատելով, որ այնտեղ գործում է վենչուրային հիմնադրամ:
«Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ ձեր նշած վենչուրային կապիտալը ներկա չէ, եւ տնտեսական կյանքում գործոն չէ»,-այսպես պատասխանեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Բայց նա նաեւ վստահեցրեց՝«Մեր անելիքներից մեկը, որ քննարկում ենք Կապի եւ ՏՏ նախարարության, եւ մի քանի կառույցների հետ, հենց Հայաստանի հանրապետությունում վենչուրային կապիտալի ինստիտուտների ստեղծելն է: Այս համաժողովն էլ ինչ-որ առումով կապ ունի դրա հետ: Վենչուրային կապիտալի առումով ոչ միայն կապիտալն է կարեւոր, այլեւ՝ ծրագրերը: Մեկն առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ: Հույս ունենք՝ առաջիկայում կհաջողվի այդպիսի ներդրումային ֆոնդ ստեղծել, եւ կլինեն սթարթափեր, որոնք գրավիչ կլինեն վենչուրային կապիտալի իմաստով»:
Փաշինյանը նշեց, որ նախկինում եղել են այդպիսի նախագծեր, որոնք իրենց ֆինանսավորումը գտել են այլ երկրներում, գործում են Հայաստանում, բայց դրանք չեն ընկալվում հայաստանյան ընկերություններ. «Ինչը Հայաստանի իմիջի համար այնքան էլ լավ չէ, այն իմաստով, որ նրանք իրենց հետեւից նոր կապիտալ ու նոր գաղափարներ չեն բերում: Ես հույս ունեմ, որ Հայաստանում հնարավոր կլինի ուժեղացնել վենչուրային կապիտալն ու սթարթափը: Եվ մասնավոր-պետական համագործակցությունը կարող է արտահայտվել այս համակարգում: Օրենսդրություն ունենք, որ սթարթափերի համար արտոնյալ պայմաններ ենք ստեղծում, հարկային օրենսգրքում ենք փոփոխություն անում, որպեսզի ներդրումային միջավայրը գրավիչ լինի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Իմի՞ջս որն է։ Դուք Լեզուի տեսչութեան այսօրուայ յորդորակը չէք կարդացե՞լ։ 😊
Կամ սթար-թափ։ Star-ը հայերէն աստղն է, հետեւաբար սթարթափ=ԱՍՏՂԱԹԱՓ 😊