Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը և Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Ալավերդյանը քննարկել են համայնքում առկա, բնակչությանը մտահոգող խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները: Վահագն Ալավերդյանը ներկայացրել է, որ այս օրերին մասնակի թեթև վերանորոգման աշխատանքներ են կատարում մշակույթի պալատի դահլիճում, հոսանքն են վերականգնում, քանի որ այն հոսանքազրկված էր և մասնակի շտկումներ են կատարում նաև տանիքի վրա: Մասնակի, քանի որ մշակույթի պալատը հսկայական շենք է և այն ամբողջովին վերականգնելու համար մեծ միջոցներ են պետք: Սակայն, այսքանով էլ հնարավորություն կստեղծվի, որպեսզի ամանորյա միջոցառումներ անցկացնեն դահլիճում: Անդրադառնալով համայնքում մշակութային կյանքի աշխուժացմանը, Վ. Ալավերդյանն ասել է , որ արդեն գործում է արվեստի խմբակ, որտեղ երեխաները նկարչություն ու քանդակագործություն կսովորեն: Իսկ ամանորին, նորածնից մինչև 4-րդ դասարանի երեխաներին, նվերներ կբաժանվեն:
Ինչպես տեղեկացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, իրենց միջոցներով վերանորոգվել է ցերեկային լույսերի մի մասը, անհրաժեշտ շինանյութեր են տրամադրել շենքերի բնակիչներին, ովքեր իրենց ուժերով վերականգնելու են կոյուղագծերը: Մարզպետ Վահե Ղալումյանի հետ քննարկվել է նաև Ազատամուտ համայնքի համար գերխնդիր համարվող շենքերի տանիքների հիմնանորոգման հարցը, որը լուծելու համար մեծ միջոցներ են հարկավոր: Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը դիմել է մարզպետին, որպեսզի տանիքների վերանորոգումն իրականացվի որևէ հնարավոր տարբերակով՝ կամ հրատապ հարցերի լուծման կամ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:
Հանդիպման ավարտինՎահագն Ալավերդյանն ամբողջ համայնքի անունից մարզպետ Վահե Ղալումյանին հրավիրել է դեկտեմբերի 29-ին կայանալիք համայնքային ամանորյա միջոցառմանը:
Տավուշի մարզպետարան