Անդրադառնալով Միլանում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողներին ասաց, որ հաղորդագրություն են համաձայնեցրել. «Ինչ վերաբերում է ԼՂ հարցում նոր բան կա՞, ոչ՝ չկա: Ակտիվությունն այնքանով է, որքանով տեսնում եք: Այսօրվա ակտիվությունը կարող ենք համարել ցածր կամ ցածրից մի փոքր բարձր: Անջեյ Կասպրշիկը պարբերաբար գալիս է տարածաշրջան: Ես ասեմ՝ ընդունված է եղել, որ պարոն Կասպրշիկի այցերը քանի որ շատ աշխատանքային բնույթ են կրում, եղել են դեպքեր, որ նույնիսկ չեն լուսաբանվել: Ես աշխատակազմին հանձնարարել եմ, որ բոլոր շփումները պարտադիր լուսաբանվեն, որ գործընթացը թափանցիկ լինի»:
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Հայաստանի իշխանության հետ հաջողվել է փոխըմբռնման գալ՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երբ ինչ-որ մեկնաբանություն է հնչում ադրբեջանական կողմից, որն իր մեջ լավատեսության տարր է պարունակում իր մեջ, ինձ անկեղծ ասած զարմացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որ առաջին կանխավարկածն այն է, որ այստեղ ինչ-որ դավադրություն կա: Դա այն դեպքում, երբ նրանք ասում են, որ շանս է ստեղծվել Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ: Իսկ ինչու չկա այնպիսի կանխավարկած առնվազն ՀՀ կառավարության տեսակետից, որ գուցե ՀՀ կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել»:
Դիտարկմանը, որ կասկածի տեղիք է տալիս, որ այդ մասին առաջինը խոսել է Ադրբեջանը, Փաշինյանն ասաց. «Երբ ես Սանկտ Պետերբուրգից գիշերը եկա եւ այն փաստը, որ առաջինը Ադրբեջանն է հաղորդագրություն տվել, դրանից մեծ եզրակացություններ են արվում: Ընդհանրապես, ես կարծում եմ, եւ պնդում եմ, որ ՀՀ ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այնքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ