Իջեւանի գլխավոր հատակագիծը չի հաստատվում: Իջեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ պատճառը Իջեւանի կիսակառույց ճոպանուղու վերջնամաս հանդիսացող Երազանքի սարի տարածքների պատկանելիության հարցում տարաձայնությունն է: Ճոպանուղու սկզբնամասի կառույցը գտնվում է քաղաքի տարածքում, ճոպանուղու ընդունող կառույցը՝ Իջեւանի Երազանքի սարում: Քաղաքապետարանից հայտնեցին, որ ՀՀ անտառային կոմիտեի հետ սկզբում բանավոր պայմանավորվածություն է եղել, որպեսզի ճոպանուղու վերջնամասի կառույցի հարակից 4.92 հեկտար տարածքը անտառային կոմիտեի հաշվեկշռից հանվի, հանձնվի Իջեւան համայնքին, այն դառնա հանգստի գոտու համար նախատեսված տարածք:
Իջեւանի քաղաքապետարանը ցանկանում է , որ Երազանքի սարում գտնվող 20 հեկտար տարածքը հանձնվի համայնքին: Ի վերջո, անտառային կոմիտեն համաձայնություն չի տվել 20 հեկտարը, նույնիսկ՝ 4.92 հեկտարը Իջեւան համայնքին հանձնելու հարցում: Քաղաքապետարանի տվյալներով՝ այդ 20 հեկտարում անտառածածկ տարածք կա, սակայն 4.92 հեկտարն անտառածածկ չէ:
Իջեւանի քաղաքապետարանում գտնում են, որ Երազանքի սարի տարածքները համայնքին հանձնելու դեպքում ներդնողներ ներգրավելով՝ կգործարկվի ճոպանուղին, Իջեւանում զբոսաշրջությունը կզարգանա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ