Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ստեփանյան. «Ես Եվրոպայի առաջնություններում ու միջազգային մրցաշարերում ամենաբարձրն եմ ծածանել Հայաստանի դրոշը, բայց մեր ֆեդերացիայի նախագահին դեռ չեմ տեսել»

Դեկտեմբեր 19,2018 16:53

Հեծանվային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Մարտին Շարբաթյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը ու Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանն այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում ամփոփեցին մրցաշրջան 2018-ը, խոսեցին ապագայի ծրագրերի մասին, պատասխանեցին լրագրողների հարցերին:

Մարտին Շարբաթյանը ընդգծեց, որ 2018 թվականը շատ լարված տարի էր: «Էդգար Ստեփանյանը դարձավ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն: Մեր մարզաձեւի առանձնահատկությունն այն է, որ այստեղ երիտասարդների հասկացողություն գրեթե չկա: Դրանից առաջ նա Գլազգոյում էլիտայի մեջ գրավել էր 8-րդ տեղը, որը բավականին լուրջ արդյունք է: Մենք Արմեն Գյոզալյանի հետ վստահ էինք, որ Էդգարն այս տարի մեդալ բերելու է, որովհետեւ նրան շատ լավ ենք ճանաչում: Նա պատվախնդիր է, աշխատասեր, պայքարող ու չհանձնվող: Ցավոք, Ֆրանսիայում կայացած աշխարհի գավաթի առաջին փուլում վնասվածք ստացավ եւ չկարողացավ մասնակցել մյուս փուլերին: Դա շատ բան փոխեց, որովհետեւ միավորներ վաստակելով նա գնում էր առաջ եւ Տոկիո 2020-ին մեր պատմության մեջ առաջին անգամ մասնակցելու համար կարող էր ուղեգիր նվաճեր: Հիմա նա կազդուրվել է եւ վերսկսել մարզումները»:

Էդգարի անձնական եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը ասաց, որ տարեսկզբին Էդգարը մեկնեց ԱՄՆ եւ այնտեղ կարեւոր մրցաշարերում թե հաղթեց, թե մրցանակային տեղեր զբաղեցրեց: «Այդ մրցումների համար անցած լավագույն նախապատրաստական փուլից, ինչպես նաեւ վերադառնալուց հետո Ծաղկաձորում կազմակերպված հավաքից հետո մեկնեցինք Գլազգո: Այնուհետեւ մեկնեցինք 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն: Ես ուզում եմ առանձնացնել ոչ միայն 23 տարեկանների ոսկե մեդալը, այլեւ Գլազգոյում էլիտ ռաունդում Էդգարի զբաղեցրած ութերորդ տեղը: Այնտեղ մասնակցում էին օլիմպիական չեմպիոններ, աշխարհի, Եվրոպայի առաջնության հաղթողներ ու մրցանակակիրներ: Հավատացեք, որ այդպիսի հզոր հեծանվորդների հետ պայքարել եւ 8-րդ տեղ զբաղեցնելը շատ բարձր արդյունք է: Էդգարը 8-րդ տեղով շատ բարձր միավորներ վաստակեց՝ 530, ինչն այս պահի դրությամբ խմբակային վազքում նրան 90 տոկոսանոց շանս է տալիս 2019 թվականին Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերի քվոտա ստանալու համար: Նույնը կարող էր լինել նաեւ սկրեչում, որտեղ Էդգարի միավորներն ավելի շատ էին: Սակայն Աշխարհի գավաթի առաջին փուլում ստացած վնասվածքը խանգարեց: Ես այդ օրը չեմ ուզում հիշել: Փառք Աստծո, հիմա նա կազդուրվել է, սկսել է մարզվել եւ 2019-ի հունվարի վերջին, եթե գոնե նորմալ մարզավիճակ ձեռք բերի, հնարավոր է, մասնակցի Աշխարհի գավաթի 6-րդ փուլին:

Ընդհանուր առմամբ տարին հագեցած էր եւ լավ ստացվեց: Իսկ եկող տարի ունենք Եվրոպայի առաջնություն էլիտ ռաունդում եւ 23 տարեկանների. որի գործող չեմպիոնը Էդգարն է, աշխարհի գավաթի փուլերը: Դրանց միավորները գումարվելու են եւ տա Աստված, կմասնակցենք աշխարհի առաջնությանը: Ու նաեւ այդ միավորներով գուցե օլիմպիական խաղերին էլ կարողանանք մասնակցել», – ասաց Արմեն Գյոզալյանը:

Նա նշեց նաեւ, որ միայն էդգար Ստեփանյան ունենալով «գարուն չի գա»: Անհրաժեշտ է նրա նման եւս երկու-երեք հեծանվորդ, որոնք միմյանց փոխարինելով կարողանան տարբեր մրցաշարերում միավորներ վաստակել Հայաստանի համար: Իսկ այսօր այդ ամբողջ բեռը Էդգարի ուսերին է:

Էդգար Ստեփանյանը նույնպես նշեց, որ տարին հագեցած էր եւ հաջողված: «2018-ի սկզբին ԱՄՆ-ում գտնվելու երեք ամիսներին մասնակցեցի խճուղային հեծանվավազքի մրցումների: Լավ հանդես եկա ու այդ մեկնարկներն ինձ մեծ փորձ տվեցին ավելի լավ մասնակցելու տարվա գլխավոր մրցաշարերին՝ Եվրոպայի մեծահասակների մրցաշարերին (հրապարակային հեծանվավազք) եւ աշխարհի գավաթի փուլերին: Եվրոպայի 23 տարեկանների առաջնությունում խմբակային վազքում հաղթելու մասին արդեն ասվեց: Բայց քանի որ ընդամենը երկու մրցաշարերի մասնակցելով միավորներս դեռ չէր բավարարում Եվրոպական խաղերին, աշխարհին եւ օլիմպիական խաղերին մասնակցելու համար, մեկնեցի Օմսկի եւ Աստանայի վարկանիշային «Գրան Պրիներ»: Այնտեղ էլ մասնակցությունս հաջող ստացվեց՝ 1-ական ոսկի եւ 1-ական արծաթ: Արդեն բավականաչափ միավորներով մեկնեցի աշխարհի գավաթի փուլ, սակայն չարաբաստիկ վնասվածքը խառնեց իմ բոլոր ծրագրերը: Բայց հանձնվել չեմ պատրաստվում: Նպատակ ունեմ 2019-ին մասնակցել շատ մրցաշարերի, որպեսզի ոչ միայն կորցրածը հետ բերեմ, այլեւ ավելացնեմ միավորներիս անհրաժեշտ պաշարը: Շնորհակալություն եմ հայտնում մարզչիս, բոլոր նրանց, ովքեր ամեն բան արեցին շուտ ապաքինվելու համար», – ասաց հեծանվորդը:

Aravot․am-ը, նշելով, որ բոլոր մարզաձեւերում էլ պետական աջակցության գումարները չեն բավարարում, բայց անհասկանալի է, թե ինչպե՞ս կարելի է ֆեդերացիայի բյուջեի սղության պատճառով մարզիկին կարեւորագույն մրցաշարեր՝ Կազան եւ Աստանա, ուղարկել առանց մարզչի, միայնակ: Ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը հնարավորություն չունե՞ր մարզչի համար, որի ներկայությունը պարտադիր էր, գումար տրամադրել կամ հայթայթել, պատասխանելու ցանկություն հայտնեց Էդգար Ստեփանյանը. «Նորմալ չի, որ հաջորդ մրցման համար գումար խնայելու պատճառով ես միջազգային մրցաշար եմ մեկնում առանց մարզչի: Հնարավոր է չէ՞, որ վնասվածք ստանամ ու օգնության կարիք լինի: Գոնե մարզիչս չլինի՞ կողքիս, որ մրցման ժամանակ ցուցումներ տա, որ մեկնարկից առաջ չմտածեմ, թե հեծանվիս հետ հանկարծ խնդիր առաջանա: Մեխանիկի, երկրորդ մարզչի, մերսողի, հոգեբանի մասին չեմ ասում, քանի որ գիտեմ, թե ինչ ծախսերի մասին է խոսքը: Հասկանում եմ, որ բյուջեն սուղ է: Բայց ֆեդերացիայի նախագահը հենց նրա համար է, որ ինչ-որ խնդիրներ լուծի, որպեսզի մասնակցեմ շատ մրցաշարերի եւ պայքարեմ իմ երկրին վարկանիշ բերելու համար: Ես 2018 թվականին Հայաստանը ներկայացրել եմ Եվրոպայի առաջնություններում, միջազգային բարձրակարգ մրցումներում, ունեցել եմ բավականին լուրջ հաջողություններ, որպես կանոն ամենաբարձրը ծածանել Հայաստանի դրոշը: Բայց պատկերացրեք, որ ոչ մի հանդիպում չեմ ուեցել ֆեդերացիայի նախագահի հետ: Մինչեւ այսօր ես եւ մարզիչս ֆեդերացիայի նախագահից ոչ մի վերաբերմունքի չենք արժանացել, ոչ մի աջակցություն չենք ստացել, նաեւ՝ ֆինանսական: Այո, ֆեդերացիան է հոգացել ԱՄՆ-ից իմ վերադարձի տոմսը, վիտամինների ու Եվրոպայի չեմպիոնի մարզաշապիկի խնդիրը: Կանոնների համաձայն ես պարտավոր եմ կրել չեմպիոնական մարզահագուստը, քանի դեռ այդ տիտղոսն իմ ձեռքում է: Նորմալ է, որ այդ խնդիրները ֆեդերացիան պիտի հոգա: Բայց սկզբում անգամ որոշել էինք մարզաշապիկի համար մենք մեր գրպանից վճարել, որ այդ մարզաշապիկն ունենամ: Այսպես երկար շարունակվել չի կարող, որովհետեւ ես տարվա սկզբից արդյունքներ եմ ցույց տալիս ու որեւէ խրախուսանք, ֆինանսական ոչ մի աջակցություն ֆեդերացիայից չեմ ստանում: Անգամ դիմել ու մերժվել ենք: Ես հիմա թոշակ եմ ստանում օլիմպիական կոմիտեից եւ նախարարությունից, ինչի համար շնորհակալ եմ: Մեր ֆեդերացիան ոչինչ չի անում, բացի նրանից, որ պետական գումարներով գնում, մասնակցում եմ մրցաշարերի: Ու էլի կրկնում եմ, որ 2018 թվականին ֆեդերացիայի նախագահի հետ ոչ մի անգամ չեմ հանդիպել՝ թեկուզ զրուցելու համար: Դա նորմալ չի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31