Տարվա ընթացքում Սևանի մարզական կյանքի ռիթմն ապահովեցին Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սաները, ովքեր սևանցիներին հպարտանալու և ոգևորության բազմաթիվ առիթներ պարգևեցին:
Մարզիկներից մի քանիսի հաջողություններն առավել ակնառու էին, որոնց հաղթանակների շնորհիվ Հայաստանի Հանրապետություն անունը հնչեց` որպես հաղթող մարզիկի երկիր:
Սևանի մարզաշխարհում ամփոփվել են 2018-ին գրանցած արդյունքները, և «Տարվա լավագույն մարզիկ» կոչմանն արժանացել է վաստակավոր մարզիչ Յուրի Սարգսյանի սան, եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը, որն այս տարի գրանցեց լուրջ արդյունքներ հանրապետական և միջազգային առաջնություններում: Նա ոչ միայն կանգնեց պատվոհարթակի առաջին տեղում, այլ նաև սահմանեց ռեկորդներ` իր անունը գրելով Դյուցազնագրքում:
Վարազդատի ռեկորդների շարքը սկսվել էր դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից: Այն ժամանակ եռամարտիկը տեղից ձգեց 250կգ-ոց ծանրաձողը:
Այս տարվա փետրվարի 22-ին, ձգելով 260կգ-ոց ծանրաձողը, Վարազդատը գերազանցեց իր իսկ սահմանած 230կգ և 250կգ ռեկորդները` դառնալով «Դյուցազնագրքի» հերոսներից մեկը:
Վարազդատ Հակոբյանը, ում անձնական քաշը 65 կգ է, այս տարվա նոյեմբերի 1-ին հաղթահարեց ևս մեկ մարտահրավեր և իր նոր ռեկորդը` 303կգ արդյունքով, նվիրեց մարզչին` Յուրիկ Սարգսյանին:
Վարազդատի այս ռեկորդը ևս իր պատվավոր տեղն ունի «Դյուցազնագրքի» ռեկորդների շարքում:
29-ամյա ռեկորդակիր մարզիկը մայիս ամսին Ուկրաինայի Լուցկ քաղաքում ՀՀ հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը` գրանցելով հերթական հաղթանակը` նվաճելով 2 ոսկե մեդալ և դառնալով աշխարհի չեմպիոն: Վարազդատը /67.5կգ/ 2 վարժության արդյունքում բարձրացրել է 385կգ: Գրանցված արդյունքը բավական էր 3-րդ վարժությունը չկատարելու համար:
Նոյեմբերին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում էլ անցկացվեց փաուերլիֆտինգի` ուժային եռամարտի Եվրոպայի առաջնություն:
ՀՀ հավաքականի կազմում էին նաև Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցը ներկայացնող եռամարտիկները, ովքեր արդեն իսկ զինանոցում ունեին մի քանի նշանակալի հաղթանակ:
Ռեկորդակիր Վարազդատ Հակոբյանը /67.5կգ/ ուժային եռամարտ մարզաձևում գրավեց 2-րդ մրցանակային տեղը` 425 կգ արդյունքով, գետնից ձգում վարժությունում իր քաշային կարգում նա առաջինն էր` 185կգ արդյունքով:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ