«Ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս, ինքս ինձ եմ ուզում շնորհավորել։ Շնորհակալ եմ Աստծուն, որ մոտ եմ կանգնած Սիրավյան գերդաստանին։ Այն արժեքները, որ փայփայել է այս ընտանիքը` փոխանցված Հենրիկ Սիրավյանից, մեր հայրենիքն է` ժայռակերպով, մեր եկեղեցին է Կոմիտասի կերպարով, հայկական ընտանիքն է։ Այս սյուների վրա բարձրանում է մեր հոգևոր շենքը»,-դեկտեմբերի 18֊-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում մեծանուն գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի «Իմ աղոթքը Հայաստանի մասին» խորագիրը կրող հոբելյանական ցուցահանդեսի բացմանը ասաց տեր Շահե քահանա Հայրապետյանը։
Ցուցադրությանը ներկա էին արվեստաբաններ, նկարիչներ և մարդիկ, որոնք հետաքրքրված էին սիրավյանական արվեստով: Արվեստաբան Տաթև Համբարձումյանն իր խոսքում նշեց, որ նկարիչը ունի իր ձեռագիրը և դա ավելի է բարձրացնում նրա արվեստը. «Եթե առաջին հայացքից կարող ենք ճանաչել նկարչի գործը, դա արդեն մեծ ձեռքբերում է, ունի հավերժանալու հավակնություն»:
Ցուցադրությունը խորագրի թեմատիկայի մեջ էր, որտեղ կային նաև հայրենի եզերքը պատկերող կտավներ, իր ուսուցչի` Մարտիրոս Սարյանի դիմանկարը, որը ցուցադրության գլխավոր կտավն էր:
Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը նշեց,որ չափազանց դժվար է տեսնել նոր Հայաստան արդեն Մարտիրոս Սարյանի համայնապատկերներից, մտավորականների հավաքական դիմանկարներից հետո, բայց Սիրավյանը կարողացավ տեսնել իր Հայաստանը և մեզ հասցնել այդ Հայաստանը։ Նկարիչը անդրադարձել էր նաև Փարաջանովին, և Չուգասզյանի կարծիքով՝ նա դրանով դառնում է միջնորդ մեր և նրա միջև։
Հենրիկ Սիրավյանի որդին` նկարիչ Գագիկ Սիրավյանը, պատմեց իր հոր և Սարյանի ծանոթության պատմությունը. «Ցուցադրված է նաև այն նկարը, որը վերջին անգամ ցուցադրվել է Մոսկվայում 1957թ.-ին և պատճառ է հանդիսացել իմ հոր և մեծ արվեստագետի ծանոթության համար։ Հայրս 8 տարի եղել է նրա կողքին, 4 տարի ապրել նրա հետ, եղել է նրա աշակերտը»:
Գագիկ Սիրավյանը նաև իր շնորհակալությունը հայտնեց տուն-֊թանգարանին և մշակույթի նախարարությանը՝ աջակցության համար, նշեց, որ այս ցուցահանդեսը կարևոր խորհուրդ ուներ իր մեջ. «Լրանում է 60 տարին, երբ հայրս մտավ արվեստանոց։ Իսկ հիմա արդեն որպես վարպետ ինքը վերադառնում է իր վարպետի մոտ»: Հենրիկ Սիրավյանի նկարների ցուցահանդեսը կտեւի մինչեւ փետրվարի 3-ը։
Արուս ՄԻՐԶՈՅԱՆ