Այսօր «Հոդված 3» ակումբում քննարկելով Երեւանի 2019-ի բյուջեն, Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» դաշինքի անդամ, ֆինանսական հանձնաժողովի փոխնախագահ Լեւոն Հովհաննիսյանը մի դրվագ պատմեց՝ ցույց տալու, որ ինչ էլ անես՝ դժգոհում են մարդիկ: Նա ասաց, որ երբ Տարոն Մարգարյանի ժամանակ բնական եղեւնու ճյուղերով էր պատրաստված լինում հրապարակի տոնածառը, բնապահպանները բողոքում էին՝ թե ախր էս ի՞նչ եք անում, անտառ եք հատում. «Մեր երկրում շատ լավ է, որ շատ բարձր կարողանում են հնչեցնել իրենց ձայնը, ամեն անգամ ասում էին՝ ժողովուրդ ջան, էս ի՞նչ եք անում, դա ծառ է, 21 -րդ դար է: Ի վերջո որոշում կայացվեց գնել նոր տոնածառ, որը կլինի շատ գեղեցիկ ու կլինի արհեստական: Դեռ աշխատանքները ավարտված չէին, արդեն հնչում էին պիտակավորումներ, որ գեղեցիկ չի: Լուսավորումը հլը ավարտված չէր՝ ասում էին՝ լուսավորումը լավ չի, խաղալիքները սիրուն չի: Ամսի 21-ին նոր լինելու է տոնածառի բացման արարողությունը, բայց արդեն կան բազմաթիվ պիտակավորումներ: Ախր սենց չի կարելի, չէ՞: Եթե մենք բոլորս քննադատում էինք, հիմա ունեինք խնայված միջոցներ՝ մեր քաղաքը գեղեցկացնելու համար, նաեւ տուրիզմն ենք ուզում զարգացնել՝ որպես կարեւոր ուղղություն, սկսում ենք այսպես պիտակավորե՞լ: Ու աբսուրդը որտեղ է կայանում, դրանից հետո ես հայտնի բնապահպաններից մեկի հետ հանդիպել եմ, ասում ՝ ժողովուրդ, էս ի՞նչ վատ բան եք արել: Ասում եմ՝ այսինքն, ոնց որ թե եղեւնիները չեն հատվում, անտառները չենք փչացնում, ասում է՝ սա ավելի վատ է, նավթից սարքած մատերիալ է, հետո ունենալու ենք մեծ խնդիրներ, բա մի հատ հարցնեիք: Ասում եմ՝ այսինքն, դու, որպես բնապահպան, գտնում ես, որ ավելի լավ է ծառը հատվե՞ր՝ ասում է՝ հա: Ի՞նչ անեինք, մենք հանրաքվե՞ անեինք այս հարցով»:
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գտնում է, որ արհեստական տոնածառ գնելով՝ ծախսերից չեն խուսափի, մոնտաժային աշխատանքների համար եւս 10 մլն ամեն տարի պետք է. «Նախկինի մոնտաժային աշխատանքները շուրջ 10 մլն դրամ էին կազմում, այս նորն էլ է այդքան պահանջելու, հավելյալ 71 մլն-ի ծախսն է մնում»:
Լեւոն Հովհաննիսյանն ասել էր, որ քաղաքապետարանում աշխատավարձերը շատ ցածր են, ցածր է նաեւ քաղաքապետի աշխատավարձը:
Aravot.am-ը հարցրեց՝ նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի թեկնածու էր, ասում էր՝ «Տարոն Մարգարյանի հուսահատության գազելներից, մահվան վերելակներից, փոշու եւ աղբի ամպերից ելք կա», բայց փաստորեն, ստացվում է, որ 2019-ին, համենայն դեպս դրանցից ելք չկա, դեռ ասում եք, որ աշխատավարձերը ցածր են, բողոքավորները շատ, ստացվում է, որ հալալ է Տարոն Մարգարյանին, որ դրան դիմացե՞լ է՝ Լեւոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Տրանսպորտի հետ կապված նախկին քաղաքային իշխանությունների կողմից մեծ բարելավման ծրագիր էր նախատեսվում՝ մոտ 800 հազար եվրո էր ծախսվել՝ նախագծման, ուսումնասիրության համար՝ մարշրուտը գծել, բաժանել ըստ ավտոբուսերի տեսակների: Երբ պարոն Մարությանը սկսեց զբաղվել այդ հարցով, ստացվեց, որ այդ ուսումնասիրությունները, որի համար այսքան ծախսել էին, արդիական չեն, ուղեւորահոսքի քանակը չի համապատասխանում իրականությանը, պարզ չէ, թե ինչ մեխանիզմներով են այդ գնահատումներն արել ու այս պահին բանակցություններ են գնում, որ հասկանանք…Եթե պարզվի, որ այդ արդյունքներն ընդհանրապես 2019-ի հետ կապ չունեն, լրացուցիչ ժամանակ է պետք լինելու, որ ուսումնասիրություններ կատարվեն, որ արդիական տրանսպորտային ցանց կառուցենք: Այս պահին բանակցային փուլում ենք գտնվում միջազգային կազմակերպության հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ