Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես արդեն կասկածում եմ՝ մահվան վերելակներից ելք կա՞, թե՞ ոչ». Դավիթ Խաժակյան

Դեկտեմբեր 19,2018 15:58

Այսօր «Հոդված 3» ակումբում քննարկելով Երեւանի 2019-ի բյուջեն, «Լույս» եւ ԲՀԿ խմբակցության ղեկավարները դժգոհեցին, որ վերելակների համար նախատեսված 108 մլն դրամի ծախսը նոր իշխանությունները կրճատել են ու համարում են, որ տնտեսում են արել:

Դավիթ Խաժակյանն ասաց. «Ես արդեն կասկածում եմ՝ մահվան վերելակներից ելք կա՞, թե՞ ոչ: Վթարային վերելակների արգելակման համակարգն է վնասված, շարժիչը: 4600 վերելակ կա: Պնդում են, որ եթե մենք հիմա չենք ուզում կոսմետիկ բաների վրա փող ծախսենք, որովհետեւ այլ վերելակներ են գնելու, 108 մլն-ից 30 մլն է դարձել ծախսը, մեկ վերելակի շարժիչը փոխարինելու համար 1 մլն է պետք, քանի՞ վերելակ են սարքելու: Մեկ վերելակի արգելակի արժեքը 20 հազար դրամ է, մեր վերելակների զգալի մասում արգելակները վնասված են, դա նրա համար է, որ ընկնելիս պահի վերելակը, 108 մլն-ը եղած վիճակի համար նույնիսկ բավարար չէ»:

«Իմ քայլը» դաշինքի անդամ, ֆինանսական հանձնաժողովի փոխնախագահ Լեւոն Հովհաննիսյանն ասաց, որ հնգամյա ծրագրով նախատեսել են, որ վերելակները փոխելու են 90 տոկոսով. «Այն գումարը, որը հիմա նախաեսված է, վերելակների ֆոնդի պահպանման համար է»: Հովհաննիսյանը դժգոհեց, որ լավ բաների մասին չեն խոսում, օրինակ, որ աղբահանության համար ավելացվել են գումարները:

Խաժակյանի խոսքով՝ «Փոխքաղաքապետը թիվ հնչեցրեց՝ 8 մլրդ տնտեսել ենք: Այդ տնտեսումը ծախսեր չանելն է, եթե ծախս չենք անում, անունը տնտեսում եք դնում՝ դա վատ է»:

Լեւոն Հովհաննիսյանը հակադարձեց՝ «Էրեբունի Երեւանի միջոցառումներից մենակ որ բացեք տեսնեք ինչքան ենք տնտեսել, 30 հազար դրամով շախմատի ժամացույցներ, շախմատիստներ պիտի գային ինչ-որ, տնտեսել ենք», Խաժակյանը պատասխանեց. «Եվ ի՞նչ եք գնել այդ գումարով՝ տոնածառ»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանն այստեղ համաձայն չէր Խաժակյանի հետ: Նա ասաց. «Մենք հատուկ հետազոտություն ենք արել ու հասկացել, որ շատ մեծ ծավալի գումար տնտեսվել է, «ատկատի» սխեմաները մեջտեղից դուրս են եկել: Մենք տվյալներ ունենք, չեմ ուզում շրջանակները բացել, ահռելի գումար տնտեսվել է»:

Լեւոն Հովհաննիսյանն էլ հավելեց՝ ընդունելություն, թանկարժեք կոնյակներ, ձեւավորում, ներկայացուցչական ծախսերը պակասել են: Նախկինում ծախսերի տակ նշում էին՝ այլ ծախսեր, հասարակությունը չէր կարողանում հասկանալ ինչ է դրա տակ ու այդ «այլ ծախսերի» տակ գումարներ էին փոշիացվում: Հիմա այլ ծախսերը նվազեցվել են. «Ներկայացուցչական ծախսերը 180 մլն-ից 61 մլն են դարձել, դրամաշնորհները 500 մլն-ից 113 մլն են դարձել, բժշկական ապրանքներ, սարքեր ձեռք բերելու համար 70 մլն է նախատեսված եղել՝ 146 մլն ենք այս տարի նախատեսել: Առողջապահության ծախսերն ավելացվել են»:

Խաժակյանն ասաց, որ առողջապահության ու կրթության ծախսերը պատվիրակված ծախսեր են, պետությունը ինչքան տալիս է, քաղաքապետարանն այդքան գրում է:

Դավիթ Խաժակյանն ասաց, որ հանձնաժողովում դեմ են քվեարկել ու այս տեսքով բյուջեի նախագծին դեմ են լինելու:

Հռիփսիմեն ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31