Լրահոս
Օրվա լրահոսը

«Բենզինը կթանկանա 10 դրամով, տուրքերն ավելանում են». Արման Աբովյան

Դեկտեմբեր 19,2018 15:48

Երեւանի 2019-ի բյուջեի հետ կապված այսօր «Հոդված 3» ակումբում քննարկում էր:

Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանն ասաց. «Եկեք հիշենք, թե մենք ինչ էինք խոսում ավագանու ընտրություններից առաջ: Գրեթե բոլոր ուժերը խոսում էին տրանսպորտի, կանաչապատման գոտիների ավելացման մասին, այսօր եկել ենք այն եզրակացության, որ ցավոք, բյուջեն չունի սոցիալական ուղղվածություն: Այսօր այն կարեւորագույն կետերը, որոնք մենք թիրախավորում էինք, բյուջեով կրճատվելու են ու պատշաճ բացատրություններ մենք չենք ստացել»:

Արման Աբովյանն ասաց, որ բենզալցակայանների, գազալցակայանների տուրքերը գրեթե երկու անգամ բարձրանում են. «Ավելանում են տուրքերը: Քաղաքապետարանը բացատրում է, որ օրինակ, բենզինի գինը կավելանա 1.5-2 դրամով, բայց մենք ասում ենք՝ բենզինը կթանկանա 10 դրամով: Սոցիալական բնակարանաշինության ոլորտում այսօր ունենք վթարային շենքեր, նախկին իշխանությունները ակնհայտ 4-րդ կարգի վթարային շենքն ասում էին՝ գրեք 3-րդ կարգ, որ չմտներ այդ ծրագրի մեջ, ծախս չլիներ: Այսօր այդ բնակարանային ծրագրերի ծախսերի նվազում ունենք: Ամենակարեւորը՝ մենք չստացանք հիմքերը, թե ինչի համար են այդ կարեւորագույն կետերով ծախսերը կրճատվում: Երբ համարյա 2 մլրդ դրամով կրճատում են, ասում են՝ արդյունավետությունն է բարձրանում…ես հասկանում եմ, որ ծախսերի օպտիմիզացիա են անում, բայց ինչի՞ հաշվին է այդ օպտիմիզացիան»:

Արման Աբովյանը հայտարարեց՝ «Փաստ է՝ այսօր բյուջեն սոցիալական ուղղվածություն չունի: Երեւանցու, մեր բոլորի խնդիրները տեսականորեն լուծելու համար անհրաժեշտ կետերը կրճատում են: Կոպիտ ասած՝ ես դժգոհ եմ»:

Ի պատասխան՝ «Իմ քայլը» դաշինքի անդամ ֆինանսական հանձնաժողովի փոխնախագահ Լեւոն Հովհաննիսյան ասաց՝ հետաքրքիր կլիներ՝ դուք էլ բյուջե բերեիք, տեսնեինք ձեր կազմած բյուջեները ինչ էին լինելու:

Հարցին՝ եթե բյուջեի նախագծում փոփոխություններ չլինեն, ԲՀԿ խմբակցությունը դե՞մ է քվեարկելու, Արման Աբովյանը պատասխանեց, որ չեն կարող փոփոխություններ չլինեն, բայց հարց է՝ այդ փոփոխությունների մակարդակը կբավարարի՞: Նա ասաց, որ այսօր հանդիպում են ունենալու քաղաքային իշխանությունների հետ, քննարկելու են իրենց բարձրացրած դժգոհությունները ու նոր կորոշեն:

Դեկտեմբերի 25-ին բյուջեի նախագիծը դրվելու է քվեարկության:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31