«Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը քաղաքական ենթատեքստ չունի: Նա քաղաքականությամբ ոչ զբաղվել է, ոչ զբաղվում է, թեեւ փորձում է քաղաքական հալածյալի կերպար ստանալ: Նա պատասխանատու է Մարտի 1-ի հանցագործության (անձը համարվում է անմեղ, քանի դեռ չկա դատավճիռ) համար»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի մեկի քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:
Ըստ Արթուր Սաքունցի. «Նախկին իշխանությունների ներկայացուցիչների հանդեպ հարուցված քրեական գործերը քաղաքական հետապնդում որակել՝ նշանակում է համարել, որ նախորդ իշխանության օրոք նման հանցագործություններ տեղի չեն ունեցել: ՀՀ քաղաքացիների դեմ շարունակաբար հանցագործություններ կատարածները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Սա պետք է դաս լինի նաեւ ՀՀ նոր իշխանությունների համար: Իրենք պետք է իրենց օրինակով ցույց տան, որ եթե պաշտոնյան հանցագործություն է կատարում, պետք է պատասխանատվության ենթարկվի»:
Իրավապաշտպանի խոսքով. «Նախկին իշխանությունների ղեկավարներին եւ կոռումպացված անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը փորձում են քաղաքականացնել: Եվ դա այն դեպքում, երբ այդ անձինք են պատասխանատու նախկինում եղած անպատժելիության մթնոլորտի համար: Մտահոգություններ ունեմ միայն Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի առնչությամբ, իսկ կալանքի որոշումը միշտ էլ քննադատել ենք: Գտնում ենք, որ կալանքը ամենավերջին՝ ծայրահեղ միջոցը պետք է լինի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ